168 ժամ. Որոշ մարդիկ դուրս կմնան նաև ՀՀԿ ԳՄ կազմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունում, համամասնական ցուցակին վերաբերող հարցերի հետ միասին, այս օրերին քննարկվում է նաև կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի փոփոխության հարցը: ՀՀԿ-ն իր ԳՄ կազմը հաստատում է 2 տարին մեկ տեղի ունեցող համագումարի ժամանակ: Նույնը կանի նաև մարտի 10-ի համագումարի ժամանակ: Իհարկե, մինչև համագումարը ԳՄ նոր կազմն արդեն պատրաստ կլինի, որը համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես հաստատման կներկայացնի: ՀՀԿ ԳՄ-ից որոշ անդամներ այս անգամ դուրս կմնան, որոնց կփոխարինեն նորերը: Թերթի տեղեկություններով` այս անգամ ԳՄ անդամ չի լինի հանրապետությունից բացակայող, Աժ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Հավանաբար ԳՄ-ն կլքի նաև Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց կփոխարինեն Աժ նախագահ Սամվել Նիկոյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ անդամ Աժ նախագահները և Երևանի քաղաքապետերը միշտ եղել են կուսակցության ԳՄ անդամ: Հնարավոր է համարվում նաև, որ այս անգամ ԳՄ անդամ չլինի նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ում առայժմ հարցականի տակ է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարցը: Չի բացառվում, որ այս անգամ նրանք նույնպես լքեն գործադիր մարմինը, ում փոխարեն կառույցը կհամալրեն Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը և Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Մահակյանը, ինչպես նաև` Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, կշարունակեն մնալ ԳՄ անդամ:




Լրահոս