Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) առաջիկայում կարող է անմեղ ճանաչվել:
Armlur.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Իսրայելի փաստաբան Արսեն Սարդարյանը` հավելելով, որ նախաքննության անվտանգությունից ելնելով` ինքը մանրամասներ ներկայացնել չի կարող: Սակայն պաշտպանը վստահեցրեց, ո գործում առկա է այնպիսի ապացույց, որը միանշանակ խոսում է իր վստահորդի անմեղ լինելու մասին:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը կալանավորվել էր Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանը:
Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ դրանից հետո սպանել նաև Մոսոյին, ում դիակն առ այսօր չի գտնվել:
Պաշտպան Սարդարյանի խոսքերով` ոստիկանությունն իր վարկածի վրա հիմնված թրիլլեր է նկարում, որ ապացուցի իր ճշմարտացիությունը:
«Եվ ի՞նչ օբյեկտիվ քննության մասին կարող է խոսք լինել, երբ դա արվում է այն փուլում, երբ դեռ չեն կատարվել ո՛չ փորձաքննություններ, ո՛չ քննչական այլ գործողություններ: Ընդամենը տեսանյութ են ցույց տալիս, որտեղ ո՛չ դեմք է երևում, ո՛չ հասկացվում է, թե ով է, և հասարակական կարծիք են ձևավորում»,- եզրափակեց պաշտպանը:
Տաթև Հարությունյան