ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ գրավոր դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին, որտեղ իրենց մտահոգությունն են արտահայտել Տավուշի մարզկենտրոնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նամակում ասված է. «Իջեւանի քաղաքապետարանի գործունեությունը տեղապտույտի մեջ է: Մոտ երկու ամիս առաջ իր պարտականությունների կատարմանն է անցել նորընտիր քաղաքապետ Վ.Ղալումյանը, սակայն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի համակիր ավագանու վեց անդամներ միտումնավոր ձախողում են քաղաքապետարանի աշխատանքը: Բանն այն է, որ վերջիններս, ոտնահարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հոդված 20, կետ 1-ին` համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին), պարզապես անտեսելով քաղաքապետարանի ծանուցումները, չեն ներկայացել եւ շարունակում են «համախմբված» չներկայանալ օրակարգային հարցերի քննարկմանը, որոնցից կարեւորը, անշուշտ, համայնքի բյուջեի հաստատումն է: Նրանց` նիստերին չմասնակցելու մասին կազմվել են արձանագրություններ, սակայն դրանից ոչինչ չի փոխվել: Ավագանու այս վայ անդամների խեղկատակությունը հարուցել է Իջեւան քաղաքի բնակչության խոր զայրույթը: Եթե քաղաքապետարանի բնականոն գործունեությունը խոչընդոտող, հին սայլին լծված ավագանու անդամները լուծում են անձնական հարցեր կամ կատարում մեկի կամքը, ապա նիստերին չներկայանալու, քաղաքի բյուջեն չհաստատելու հետեւանքով չլուծված են մնում բնակչությանը հուզող մեծ ու փոքր բազմաթիվ հարցեր:
Ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության արագ արձագանքը եւ պահանջում ենք ստուգել Իջեւանի քաղաքապետարանի գործունեությունը միտումնավոր ձախողող ավագանու անդամների լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը»:
Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ




Լրահոս