ՀԱՐՑ. 2012 թվականի ընթացքում կոնկրետ քանի՞ հակակարկտային կայան պիտի կառուցվի ՀՀ տարածքում: Ամեն տարի գյուղացու բերքը կարկուտից տուժում է, լավ կլինի, որ նոր կառուցվող հակակարկտային կայանների թիվը շատանա:
գյուղատնտես
ՊԱՏԱՍԽԱՆ. Այժմ մենք հանրապետության չորս մարզերում ունենք 119 հակակարկտային կայաններ, որոնցից 48 կայանը` Արարատի մարզում, 55-ը` Արմավիրի մարզում, 15-ը` Արագածոտնի մարզում, եւ 1 կայան՝ Լոռու մարզում: Եղած կայանների թիվը շատ քիչ է, եւ դրանք չեն բավարարում, որպեսզի նորմալ, արդյունավետությամբ պաշտպանություն իրականացվի: Կառավարությունը, չնայած սուղ պայմաններին, հնարավորություն է գտել, որպեսզի այս տարի եւս մի քանի մարզերում կառուցվեն հակակարկտային կայաններ: Կոնկրետ 2012-ին 15 հակակարկտային կայան պետք է կառուցվի Արագածոտնի մարզում, 14 կայան` Արմավիրի մարզում, եւ 6 կայան` Լոռու մարզում: Այսինքն` ընդհանուր թվով 35 կայան կկառուցվի այս տարի, արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նման կայանների կառուցումը մեծ բան է, եւ պետք է նշեմ, որ մեր հարեւան երկրներում` Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, ընդհանրապես հակակարկտային կայաններ չկան: Մինչ 2015 թվականը հանրապետության տարածքում 100 կայան կկառուցվի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես նկատեցիք, բոլոր մարզերի անունները չի թվարկվում, ինչը նշանակում է, որ մեր հանրապետության բնակավայրերի մի մասը միայն (այն էլ մասնակիորեն) հնարավորություն ունի որոշակի չեզոքացնել տարերքի վնասները: Խնդիրն այնքան հին է, որ դժվար է վերհիշել, թե հակակարկտային կայանների համալրման եւ նորացման համար երբվանից է խոսվում: Բայց, ինչպես միշտ, նշվում է ինչ-որ հեռահար ժամկետ` հույսով, որ հարցն ապագայում լրիվ կլուծվի: