ՀԱԿ-Ի ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրեսից դուրս գալուց հետո ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի անվան շուրջ տարբեր ասեկոսեներ են պտտվում, որոնց մասին «Ժողովուրդ»-ը  զրուցեց անձամբ Սիրունյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս նախկինում դատապարտվել էր «7-ի գործով»:
-Պարո՛ն Սիրունյան, երբ Դուք սկսեցինք Կոնգրեսի դեմ քայլեր անել, դրանք ոչ միանշանակ ընկալվեցին: Սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ Դուք ուղղորդվում եք Ռուբեն Հայրապետյանի կողմից, ում հետ սերտ կապեր ունեք:
-Առաջինը` ես Կոնգրեսի դեմ երբեք ինչ-որ քայլեր չեմ արել,  եւ երկրորդ` ես ոչ մեկից էլ չեմ ուղղորդվում, դա բացարձակ սուտ է: Ոչ ոք չի էլ կարա ինձ ուղղորդի: Կոնգրեսն այդքան ֆոտոլրագրող ու ստուկաչներ ունի, թող մի անգամ ինձ Հայրապետյանի հետ նկարեն, որեւէ բան իր հետ կապված ֆիքսեն, ու ես պատրաստ եմ դրանից հետո հրապարակայնորեն ամբողջ Կոնգրեսից ու Հայաստանի Հանրապետությունից ներողություն խնդրել ասածներիս համար: Ես ազատագրվելուց հետո Ռուբեն Հայրապետյանին չեմ էլ տեսել: Ամոթ է, երբ մարդուն հենց այնպես փորձում են պիտակավորել: Հիմա վաղը տեսնեն Ռուբեն Հայրապետյանը չստացվեց, մեկ ուրիշի անունն ի հայտ կբերեն:
-Այդուհանդերձ, ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:
-Շատ նորմալ, 2004թ.-ին մենք միասին աշխատել ենք ֆուտբոլի ֆեդերացիայում: Տեսնելու դեպքում շատ նորմալ կբարեւեմ իրեն, Ռուբեն Հայրապետյանը ո՛չ իմ թշնամին է եւ ո՛չ էլ անգամ Կոնգրեսի: Նա ՀՀ քաղաքացի է, ով ունի իր անձնական կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Միգուցե եթե Հայրապետյանը շատ ցանկանար, ես այդ շարժման մեջ չլինեի, եթե ցանկանար… Բայց նման բան չի եղել:
-Պարո՛ն Սիրունյան, Կոնգրեսում Դուք կոնկրետ ումի՞ց եք հիասթափվել, կնշե՞ք անուններ:
-Հիասթափության պատճառը կոնկրետ անձինք չեն, այլ ՀԱԿ-ի կատարած գործողությունները: Չեմ կարող ասել, որ հիասթափվել եմ Լեւոն Զուրաբյանից կամ նրա կողքին կանգնած ինչ-որ մեկից, անձնական խնդիր չկա:
-Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, կնշե՞ք մի քանիսը:
-Քաղբանտարկյալների ազատագրումից մինչ այսօր ինչ արել են, ինձ դուր չի եկել: Օրինակ` իշխանությունների հետ բանակցությունների գնալու որոշումը, հետո անհասկանալի պատճառներով դրանց դադարեցումը, իրար մեջ դավաճաններ ման գալը ու այդպես շարունակ:
-Ճի՞շտ է, որ մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում որոշել եք առաջադրվել Արաբկիր համայնքում:
-Այո՛, Արաբկիրի երկու ընտրատարածքներից մեկում, դեռ կոնկրետ չեմ որոշել, կախված է նրանից, թե ով կառաջադրվի, բացի ինձնից, ըստ այդմ էլ կորոշեմ:
-Ո՞ր կուսակցությունից եք առաջադրվելու:
-Որպես անկախ պատգամավոր: Բայց եթե որեւէ կուսակցության կողմից առաջարկ ստանամ, դեռ կմտածեմ:
-Այսինքն, եթե Հանրապետական կուսակցությունն առաջարկի, հնարավոր է` համաձայնե՞ք:
-Հավատացե՛ք, որ ՀՀԿ-ն երբեք նման առաջարկ չի անի:
-Իսկ Վանո Սիրադեղյանից որեւէ տեղեկություն ունե՞ք:
-Ո՛չ, բացարձակ տեղեկություն չունեմ:
-Ի՞նչ եք կարծում, եթե նա այժմ Հայաստանում լիներ, ի՞նչ դիրքորոշում կունենար Կոնգրեսը, ինչպիսի՞ պահվածք կցուցաբերեր:
-Ես Վանո Սիրադեղյանի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց եթե Կոնգրեսը ցանկանար, Վանոն այժմ մյուս քաղբանտարկյալների կողքին Հայաստանում կլիներ` որպես քաղհալածյալ:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս