Վարչապետի ու Կճոյանի անունները չի տվել, քանի որ դաստիարակել են. Փ. Հայրապետյանը` Ա. Սուքիասյանի ցուցմունքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն երեք անգամ ցուցմունք է տվել, սակայն Տ. Սարգսյանի և արքեպիսկոպոսի անունները չի հնչեցրել:

Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը, գործին ոչ թե քրեական, այլ քաղաքացիաիրավական գնահատական էր պետք տալ, քանի որ նա, իր պաշտպանյալի գործողություններով և իր ձեռքի տակ եղած փաստերից ելնելով, որոշել է, որ եղել են զուտ քաղաքացիաիրավական տարրեր:

«Փայլակ Հայրապետյանի կողմից տրվել է լիազորագիր, եղել են պայմանագրեր գրավի վերաբերյալ: Այսինքն` քաղաքացիաիրավական հարթությունում է եղել ամեն ինչ: Ռիսկայնություն, իհարկե, այստեղ կա: Աֆրիկայի  հետ գործարք կատարելը նաև ֆորսմաժորային դրույթներ է պարունակում: Սակայն գրավ դնող անձը չափահաս մարդ է, գործունակ է, ընդունակ է գիտակցելու իր արարքների հետևանքները»,- պարզաբանեց Սուքիասյանի պաշտպանը` հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը եկել է, որպեսզի բացահայտի այն իրականությունը, որը եղել է:

Յուրիկ Խաչատրյանի խոսքերով` Սուքիասյանը չի գնացել Փայլակ Հայրապետյանին գտել, այլ Փայլակ Հայրապետյանն է նրան դիմել:

«Ինքը նախարարությունում ներկայացրել է, որ Աֆրիկայում հանք կա: Փայլակ Հայրապետյանը ևս գնացել և տեսել է: Պարզապես եթե չլիներ բարձրացված աղմուկը` կապված նախկին վարչապետի և արքեպիսկոպոսի անվան հետ, եթե չքաղաքականացվեր, և իրավիճակին նայենք զուտ իրավական տեսանկյունից, կհասկանանք, որ սա քաղաքացիաիրավական գործ է, որտեղ կարող են գործարքից տուժել կամ շահել:

Ռիսկայնություն կա: Նման քաղաքական հնչեղություն բարձրացնելիս շեղում են քննության ընթացքից»,- գնահատեց «ադամանդագործի» պաշտպանը:

Իսկ Փայլակ Հայրապետյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը Սուքիասյանին երբեք չի ճանաչել. նրան իմացել է զուտ որպես «անդամանդագործ»:

«Նախարարը հրավիրել էր ժողով, ու 23 կազմակերպություն էին ընդգրկել: Նախարարն է եղել, նախարարի տեղակալը, դա էլ նախարարի կողքին նստած է եղել: Ես նրան բնավ չեմ ճանաչել, չեմ իմացել` նա ով է, ի ծնե, ի բնե ես նրան չեմ տեսել»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքներում չի հիշատակել նախկին վարչապետի և արքեպիսկոպոս Կճոյանի անունները, Փ. Հայրապետյանը վստահեցրեց, որ պատճառը նրանց կողմից Սուքիասյանին 6 ամիս շարունակ Վրաստանում պահելն է:

«6 ամիս և՛ վարչապետի, և՛ Կճոյանի, և՛ բանկի մասին սաղ օրը դաստիարակել են, թե ոնց պետք ա խոսի: Նա ի՞նչ պիտի ասի, ո՞նց պիտի ասի: Դա չի կարևորը, թե նա ինչ պիտի ասի: Նա ցուցմունքն արդեն տվել է, երբ դատախազին նամակ էր ուղարկել:

Հիմա ի՞նչն է պատճառը, որ փոխում ա իրա ցուցմունքը: Նրան հանրապետության դատախազն այն ժամանակ չէր ստիպել, որ իր ցուցմունքը ուրիշ ձև տա: Եթե հանրապետության վարչապետը, հանրապետության երկրորդ հոգևորականը նրան «կրիշ» են կանգնում, սա ի՞նչ կարող է նշանակել»,- շարունակելով խոսքը` ասաց Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, և մոտ 1 տարի առաջ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և հունիսի 19-ին նրան Վրաստանից արտահանձնել են Հայաստան։ Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։

Տաթև Հարությունյան 




Լրահոս