ՈՐՈՇԵՑԻՆ ՈՐՈՇԵԼ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության համագումարը երեկ այդպես էլ կոնկրետ որոշում չկայացրեց ո՛չ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի, ո՛չ իրենց համամասնական ցուցակի, ո՛չ էլ մեծամասնականով առաջադրվողների հարցում: Համագումարը երեկ ընդամենը որոշեց այս հարցում որոշում կայացնել մարտի 18-ին` կուսակցության խորհրդի նիստում:
Նկատենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ դաշինք կազմելու մասին: Եւ «Ժառանգության» համագումարին այդ կուսակցության փոխարեն երեկ նախընտրական դաշինք կազմելու հնարավորության մասին խոսեցին մյուս թեւի` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները: Այդ կուսակցության ղեկավար Խաչիկ Քոքոբելյանը հայտարարեց, որ իրենց ներկայությունը հավաստիացումն է այն բանի, որ «Ժառանգության» հետ իրենք երկար ճանապարհ ունեն անցնելու: «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատներ»-ի դաշինքի մասին ակնարկեց նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Իսկ Արարատ Զուրաբյանի խոսքերով` երկու կուսակցությունների միջեւ ստեղծվել է համագործակցության դաշտ, դաշինք կազմելը հարցի ընդամենը տեխնիկական կողմն է: «Այդ համագործակցությունը կարելի է արձանագրել, որ առկա է, եւ հավանաբար շատ շուտով նաեւ բոլորը կտեղեկանան, որ ձեւավորվելու է մի նոր դաշինք… Մնացածն արդեն զուտ տեխնիկական հատվածն է»,-ասաց Զուրաբյանը:
Ընդհանրապես, երեկվա համագումարից տպավորություն էր, որ սա ոչ թե «Ժառանգության» միջոցառումն է, այլ «Ազատ դեմոկրատներ»-ի նախապատրաստական համագումարը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինք կազմելու դեպքում ցուցակը գլխավորի Քոքոբելյանը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` իրենք դեռեւս չեն քննարկել ցուցակի հարցը: «Նախորդ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին համատեղ մեծ լուծումը կյանքի կոչելու համար «Ժառանգություն»-ն առաջարկեց իր համար վեցերորդ եւ քսանհինգերորդ տեղերը: Դա մեր մոտեցման մշտական արժեքն է, եւ կարծում եմ, որ որոշումը ոչ միայն փոխզիջումային լինի, այլեւ արդյունավետ արդյունք բերելու հիման վրա կխարսխվի»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ համագումարյան մոտ մեկուկես ժամ տեւած ելույթում պարոն Հովհաննիսյանը խոսեց Հայաստանի ե՛ւ ներքաղաքական իրավիճակի, ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ արտաքին քաղաքական մարտահրավերների եւ բարոյաքաղաքական վիճակի, ընդհուպ մինչեւ` ջավախահայության խնդիրների մասին: Ու այդ կոնտեքստում նա անհրաժեշտ համարեց իշխանափոխությունը: «Հայաստանում առկա իրադրությունը հրամայական է դարձնում որակական իշխանափոխության անհրաժեշտությունը: Այսինքն` քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համախմբման միջոցով պետք է ձեւավորվի իշխանափոխության նպատակ եւ դրա հետապնդումը»,-ասաց նա:
Համագումարը երեկ ընդունել է նաեւ «Նոր Հայաստանի բանաձեւը», որտեղի «Ժառանգություն»-ը որոշել է «կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ ու համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն, ողջունել «Ժառանգության» հեռանկարային համագործակցությունը քաղաքական ու քաղաքացիական գործընկերների հետ եւ քաջալերել սույն բանաձեւի գնահատականների ու լուծումների հիման վրա էական համերաշխության կենսակոչումը»:
Ի դեպ, «Ժառանգություն»-ը եւս մեկ համագումար կանցկացնի ԱԺ ընտրություններից հետո` ղեկավար մարմին ձեւավորելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս