ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր  մասնագետ Աստղիկ Եգանյանը համայնքի գույքահարկի բազայում ինքնակամ փոփոխություններ է կատարել: Նա Իջեւանի օբյեկտներից մեկի գույքահարկի պարտքի տվյալները նվազեցրել է, հետո վերականգնել պարտքի նախնական չափը: Փետրվարի 24-ին Ա.Եգանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կապակցությամբ 30 օրով կասեցվել է նրա ծառայողական պարտականությունների կատարումը: Բացի այդ, պարզվել է, որ Իջեւանի քաղաքապետարանի բյուջեի հաշվեկշռում գտնվող, 8 մլն 278 հազար դրամ բալանսային արժեքով կաթսայատունը գտնվում է թալանված վիճակում, կաթսայատնից միայն պատերն են մնացել:  Քաղաքապետ Վարդան Ղալումյանին են դիմել քաղաքի Ղարագյոզյան փողոցի 50 հասցեում գտնվող հանրակացարանի 9  բնակիչներ եւ բողոքել, որ նախկինում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն իրենցից գումար է պահանջել հանրակացարանում իրենց տարածք հատկացնելու կամ ունեցած տարածքի համար սեփականության վկայական ստանալու հարցում  օգնելու համար: Բնակչուհիներից մեկը հայտնել է, որ քաղաքապետարանի վերոհիշյալ աշխատողն իրենից գումար է պահանջել եւ ստացել: Ա.Եգանյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի այլ աշխատակիցների դիմումների եւ զեկուցագրերի հիման վրա Իջեւանի քաղաքապետարանը փաստաթղթերն ուղարկել է դատախազություն: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը ներկայում դրանց  կապակցությամբ նյութեր է նախապատրաստում:  Քննությամբ կպարզվի` նշված դեպքերում  հանցակազմ կա, թե ոչ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս