ՀԱՐՑ. Ես եկել եմ Ջավախքից եւ սովորում եմ Երեւանի պետական համալսարանում: Օրերս մամուլից տեղեկացա, որ նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ջավախքից եւ ԼՂ-ից եկած լավագույն ուսանողներին եւ ուսուցիչներին: Խնդրում եմ ասել` ինչպես եւ ում դիմեմ ծրագրում ընդգրկվելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում մոտ 200 ուսանողներ եւ ուսուցիչներ կստանան կրթաթոշակ: Ծրագրում ընդգրկված են ԼՂ-ում ու Ջավախքում միջնակարգ դպրոցն ավարտած եւ այժմ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում լավագույն առաջադիմությամբ սովորող ուսանողները: Հիշեցնենք, որ այս ծրագրում ընդգրկված են միայն բակալավրիատի ուսանողները, դա մագիստրատուրային չի վերաբերում: Մեզ դիմել հարկավոր չէ, քանի որ կրթության նախարարության միջնորդությամբ բոլոր պետական բուհերից մենք վերցրել ենք ուսանողների ցուցակները, եթե Դուք ընդգրկված լինեք ծրագրում, ապա նախապես կտեղեկացվեք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով են ներկայացվել ցուցակները: Դժվար չէ պատկերացնել, որ կրթաթոշակից օգտվել ցանկացողներն ավելի շատ կլինեն, քան հիմնադրամի տրամադրած միջոցները: Հասկանալի է, որ «Տաշիր»-ը լուծել է հարցի ֆինանսական կողմը` լավագույնների ընտրությունը թողնելով կրթության նախարարության հայեցողությանը: Մնում է հուսալ, որ նախարարությունը կընտրի ամենաարժանիներին: