ԱՆԼՐՋՄԻՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի սակագնի նվազման, ապա 150-ից 300 միլիոն դոլարի հասած պարտքի մասին ՀՀ իշխանությունների հակասական հայտարարություններից հետո, թերեւս, չարժե լուրջ ընդունել նրանց կողմից ներկայացվող որեւէ տնտեսագիտական հաշվարկ կամ վերլուծություն: Սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Հետեւաբար, որքան էլ անհեթեթ թվան նրանց մտքերը, ստիպված ենք դրանք ներկայացնել:

Մասնավորապես, կապված իրանական գազի հետ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրանական գազն ավելի թանկ է եւ պակաս կալորիական, քան ռուսականը: Հատուկ ընդգծենք, որ Մովսիսյանն այդ մասին խոսել է դեռ մինչեւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը` անցած հունիսի սկզբին, երբ ՀՀ-ում Իրանի դեսպան Մ. Ռեյիսին հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել ռուսականից ավելի էժան գազ: Օրերս, սակայն, դեսպան Ռեյիսին բացահայտեց Մովսիսյանի սուտը` հայտարարելով, թե գազի գնման շուրջ ՀՀ իշխանությունները երբեւէ չեն բանակցել Իրանի հետ: Եվ ահա այս խայտառակ իրավիճակում, թվում էր, իշխանությունների համար լավագույն լուծումը լռելն էր: Սակայն կարկառուն ՀՀԿ-ականները` ի դեմս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, անդրդվելի են եւ պատրաստ են ջախջախել մինչ այդ հնչեցված անհեթեթությունների բոլոր ռեկորդները:
Այսպես. Գ. Գրիգորիչը, Հայաստանի հնարավորությունների հարցը թողնելով, հիմա էլ որոշել է գնահատել Իրանի հնարավորությունները: Էժան գազ մատակարարելու իրանական կողմի պատրաստակամությանն ի պատասխան՝ Սահակյանն «Ազատությանն» ասել է. «Մենք Իրանի բարեկամական զգացումները միշտ էլ զգում եք, բայց այդ հնարավորություններն այս պահին Իրանի համար չկան»: Իմացա՞ք, հարգելի՛ իրանցի դիվանագետներ, բարի՛ եղեք գնահատել ձեր երկրի հնարավորությունները, նոր նման առաջարկներ արեք: Բայց սա դեռ ամենը չէ: «Իրանի դեսպանը սկիզբ դրեց, որպեսզի մենք առաջիկա տարիներին այդ խնդրին ավելի լուրջ մոտենանք եւ փորձենք որոշակիորեն բանակցել Իրանի հետ այդ իմաստով»,-ասել է նա:
Այդպիսով` Գ. Սահակյանը, ով նաեւ հայ-իրանական միջխորհրդարանական խմբի համանախագահն է, փաստում է, որ նախ` անտեղյակ է Իրանի դեսպանի ավելի վաղ արած նույնաբովանդակ հայտարարություններից, ապաեւ` արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները, փոխանակ յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու (առանց այդ էլ դրանք շատ չեն) եւ Հայաստանի համար առավել էժան էներգակիրներ գնելու տարբերակներ գտնելու, նստել-սպասում են Իրանի դեսպանի խոսքին, որ սկսեն «Իրանից գազ գնելու հարցին ավելի լուրջ մոտենալ»:




Լրահոս