ՉԿԱ ԳՈՐԾԻՔ, ՈՐՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԻՇՏԸ ԹԵԹԵՎԱՑՆԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե անգամ հայոց բանակում տեսակետների բախումը հանգեցնի հրաժարականի, դրանից կշահի հասարակությունը:
-Պարո՛ն Աղաբեկյան, Դուք եղել եք ՀՀ պաշտպանության փոխնախարար, կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ են հայոց բանակում սպանություններն ու ինքնասպանությունները շատացել:
-Թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ բարձրագույն հրամանատարական կազմը անընդհատ խոսում են դեպքերի թվերի կրճատման մասին, որն իրականությանը համապատասխանում է: Այո՛, եթե ես հիմա բարձրաձայնեմ, թե 1995 թվականին ինչքան զոհ ենք ունեցել, կարող եք փշաքաղվել. 1000-ին մոտ զոհ ենք ունեցել զինադադարից հետո մեկ տարվա ընթացքում: Այդ թիվը տարիների ընթացքում նվազել է: Հայտնի անեկդոտ կա. սպային ասում են` 40 տարի ծառայեցիր, ի՞նչ արեցիր, ասում է` ամեն առավոտ արթնանում էինք եւ զբաղվում թերությունների վերացմամբ: Իրականում բանակի կենսակերպը դա է:
-Իսկ ինչո՞ւ են բանակում սպանությունները հաճախ ինքնասպանություն որակվում:
-Ես կոնկրետ առաջարկներ եմ արել, թե ինչ պետք է անել, որպեսզի հասարակության մեջ ձեւավորված կարծիքը փոխվի: Հիմա հասարակությունը մերժում է ցանկացած տեսակետ, որը բարձրաձայնում է ՀՀ ՊՆ-ն: Այս անվստահությունը վերականգնելու վերաբերյալ ես ասել եմ, որ ՊՆ-ն չպետք է հիմք ընդունի հրամանատարների զեկույցները եւ անմիջապես հանդես գա հայտարարությամբ: Երբ որեւէ միջադեպ է լինում, ստորադաս հրամանատարն այնքա՜ն է ցանկանում, որ դա կապված լինի հակառակորդի գործողությունների հետ, քանի որ վախենում է իր պաշտոնը կորցնելուց: Շատ հաճախ ստորադաս հրամանատարները զեկույցներ են գրում` առանց գիտակցելու դրա հետեւանքների մասին:
-Դուք ի՞նչ եք առաջարկել, չհավատա՞ն ստորադաս հրամանատարների զեկույցներին:
-Երբ մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել, պետք է շատ պարզ ներկայացնել դեպքը, որ այսպիսի բան է եղել: Իսկ թե ինչպիսի քրեական գործ կհարուցվի հետագայում, թող դրա պատասխանը տան քննչական աշխատանքներ կատարողները: Եւ ամենակարեւորը` միշտ ասել եմ, որ օրենսդրական փոփոխություն պետք է իրականացնել եւ տուժող կողմին հնարավորություն տալ, որպեսզի քրեական գործի հարուցման պահից մինչեւ վերջ անմիջական մասնակցություն ունենա: Ոչ թե սպասի, որդու թաղումն իրականացնի, ցավը որոշ ժամանակ կրի իր մեջ, նոր բարձրաձայնի, թե որակումը սխալ է: Թող տուժողի իրավահաջորդը մասնակցի գործընթացներին: Չպետք է քննարկման առարկա դառնա նաեւ փաստաբան ունենալու ֆինանսական հնարավորությունը: Մարդկանց պետք է տրվի այդ հնարավորությունը: Իսկ այսօրվա գործընթացները մի տեսակ վշտի արտահայտման ձեւի են նմանվել: Բայց մենք չպետք է թույլ տանք իրավականը խառնել տրամադրությունների հետ: Չկա աշխարհում այնպիսի գործիք, որով մարդու վիշտը թեթեւացնես այն աստիճանի, որ մարդն այլեւս չկարողանա բարձրաձայնել այդ մասին: Միայն ՊՆ եւ տուժող փոխադարձ վստահության դեպքում հնարավոր կլինի այս խնդիրը լուծել մեր հասարակության մեջ:
-Բայց նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի լարված հարաբերություններն են հասարակական անվստահության պատճառը: Եթե ՊՆ-ի ներսում իրար չեն վստահում, ինչո՞ւ պիտի նրանց վստահեն «դրսում»:
-Արդարացի չէ այդ կարծիքը: Ավելին, հենց բարեփոխումների շարունակվող ընթացքը բերել է տեսակետների բախման: Այն ուղղահայացը, որն առկա էր նախորդ շրջանում զինված ուժերում` խորհրդային տարիներից սկսված, դարձյալ չէր գործում: Այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնողը պետք է գեներալ-գնդապետի կոչում ունենար, բայց մեր ղեկավար կազմը` թե՛ Վազգեն Մանուկյանը, թե՛ Վազգեն Սարգսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը երբեք գեներալ-գնդապետի հագուստ չեն հագել եւ այդ ուղղահայացը չեն օգտագործել: Հիմա, երբ ՊՆ-ի պաշտոնը քաղաքացիական է, ու նախարարը շրջապատված է քաղաքացիական մտածելակերպ ունեցող մարդկանցով, իսկ մյուս կողմից զինված ուժերը ղեկավարում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, չի կարող տեսակետների բախում չլինել: Նորմալ երեւույթ է: Իսկ թե հասարակությունն ինչպես է մեկնաբանում այդ տեսակետների բախումը, արդեն այլ հարց է: Փաստ է, որ զինված ուժերի նկատմամբ հասարակությունն ավելի զգայուն է, քան այլ գերատեսչությունների դեպքում:
-Իսկ ո՞րն է այդ տեսակետների բախման «դրական արդյունքը»:
-Վստա՛հ եղեք, անպայման դրական բանի է հանգեցնելու այդ տեսակետների բախումը: Պիտի նորմալ ընկալվի նաեւ այն, որ այդ հակասությունների արդյունքում որեւէ պաշտոնյա հրաժարական տա: Էլի նորմալ երեւույթ է: Կամ գերագույն գլխավոր հրամանատարը որոշում կայացնի, որ անթույլատրելի է տեսակետների նման բախումը: Դրանից կշահի միայն հասարակությունը:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս