ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ ՍԴՀԿ նոր խմբագրության, կանոնադրության եւ ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը պետռեգիստրում կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Նա նշել է, որ կեղծ գրանցումը կասեցնելու համար իրենք դիմել են արդարադատության նախարարություն, սակայն. «Մտածված փորձում են ձգել խնդիրը, որ հնարավորություն չունենանք դաշինքի մեջ մտնել, մինչդեռ պետռեգիստրում նրանց գրանցումն անմիջապես չեղյալ պիտի համարվեր»:

ՄԻԱՅՆ ՐԱՖՖԻՆ
Չնայած 4 օր է մնացել «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարին, սակայն, ըստ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, իրենց միասնական ցուցակը դեռ պատրաստ չէ. «Ցուցակը պետք է ղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, դա ավելորդ համեստություն չեմ համարում, նա նշել էր, որ ցուցակը կարող եմ ղեկավարել ես: Միանշանակ ես գտնում եմ, որ եթե միասնական ցուցակով հանդես գանք, պետք է նա լինի»:

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
 ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արդեն ստացել է Հայաստանում 5 տարվա  բնակության վերաբերյալ տեղեկանքը եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արթիկի փոխքաղաքապետ Գեւորգ Փթուկյանը HayNews.am-ին հայտնել է, որ ինքն ավելի քան 9 ամիս է` դուրս է եկել ՕԵԿ-ից ու այլեւս որեւէ ընդհանուր բան չունի այդ կուսակցության հետ: «Ես հասկացա, որ այդ կուսակցությունը միայն իր ղեկավարների համար է: Անցած ընտրություններին Արթուր Բաղդասարյանն Արթիկում առաջինն էր, անգամ հաղթեց նախագահ Սերժ Սարգսյանին, հսկայական աշխատանք տարվեց, սակայն հասկացել եմ, որ ՕԵԿ-ում նման բաները չեն գնահատվում»,-ասել է նախկին ՕԵԿ-ականը:

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Մարտի 12-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ եւ քննարկել առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները:

ԷԼ ՉԻ՞ ԶՂՋԱ
«Իմ ծրագրերին արձագանքել է ԲՀԿ-ն, եւ հավանական է, որ ես նրանց հետ նույն ցուցակով մասնակցեմ ընտրություններին»,-երեկ հայտնել է քաղաքական գործիչ Աղասի Արշակյանը` նշելով, որ ցանկանում է մնալ անկուսակցական, քանի որ ժամանակին դառնալով «մի կուսակցության» անդամ` զղջացել է:




Լրահոս