ԱՅՍՕՐ ԿՀԱՆՁՆԵՆ
Երեկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել՝ ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողով դիմելու համար: Նրանք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ այսօր կհանձնեն հավաքված 46 ստորագրություններով դիմումը, որն առնչվում է ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանի վարքին: Հիշեցնենք, որ նախօրեին Բադեյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման ռուսերենով հեռարձակման մասին, ահա այսպիսի «խիստ դաստիարակված» պատասխան էր տվել. «Արա՛, իսկականից էդքան անմակարդա՞կ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից տենց եք մտածո՞ւմ: Արա՛, հո գի՞ժ չեք»: Եվ ահա լրագրողները հանձնաժողովին խնդրել են կարգի հրավիրել «փողոցային վարքով աչքի ընկնող պատգամավոր Մանվել Բադեյանին»:
Ի դեպ, նշենք, որ երեկ Մ. Բադեյանը ստիպված եղավ ներողություն խնդրել եզդիներից, որոնք Բադեյանին զուգարանի թուղթ էին բերել՝ առաջարկելով մաքրել բերանը:
ԿԱՅՑԵԼԻ ԳՅՈՒՄՐԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելելու է Գյումրի: Նա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կմասնակցի միջոցառման, կհանդիպի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հավանաբար Ծառուկյանը հիշել է, որ երբեմն-երբեմն կուսակցական գործունեություն պիտի ծավալի:
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այս օրերին օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, որպեսզի լրատվամիջոցներում իր եւ քրոջ փեսայի՝ ԱԺ նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի մասին բացասական շեշտադրումներով լուրեր չհրապարակվեն: Նա առավել շատ խնդրում է իր քրոջ փեսային չգրել Քույրիկ Լեւոն: Մեր գործընկերները մեզ տեղեկացրին, որ անձամբ Հ. Բիշարյանը զանգահարում է լրատվամիջոցների խմբագիրներին, իր ծանոթ լրագրողներին ու առաջարկում շահավետ գործարք՝ «չփչացնել» իր ազգուտակին, որի դիմաց խոստանում է լուծել լրատվամիջոցի ղեկավարին հետաքրքրող ինչ-որ գլոբալ հարց: Անգամ անձամբ դիմել է մի քանի պատգամավորների, որոնք սեփական լրատվական կայքեր ունեն: Սակայն երեկվա դրությամբ արդյունքն առանձնապես հուսադրող չէր:
ԱՆՑՔԸ ՓԱԿՎԵՑ
«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԱԺ հին եւ նոր մասնաշենքերը կապող միջանցքի միացնող հատվածի երկու կողմերից թափվել է ծեփամածիկը, ու պատերի արանքից հնարավոր է ծիկրակել դեպի ԱԺ բակ: Մեր թերթի հրապարակումից հետո՝ երեկ՝ առավոտյան, ծեփամածիկով փակել էին անցքը: