ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման երկրորդ օրը եւս ոչ մի քաղաքական կուսակցություն կամ դաշինք իր գերագույն մարմնի կողմից հաստատված համամասնական ընտրացուցակը եւ պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ կայքի փոխանցմամբ` մարտի 13-ին ԸԸՀ-ներում միայն երկու դիմում է ներկայացվել. թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) առաջադրվել է անկուսակցական, անհատ ձեռներեց Ալբերտ Սարգսյանը, իսկ թիվ 19-ում` Սեդրակ Սարոյանը` գեներալ Սեյրանը: Շրջանառվող լուրերի համաձայն` նրա դեմ թեկնածություն է առաջադրելու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
ԱՆԳՈՐԾ ՉԹՈՂԵՑԻՆ
Հայաստանի նախագահի հրամանագրով Ազգային Ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աբու Դաբի): Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նաեւ համատեղության կարգով Բահրեյնի ու Քաթարի դեսպանի պաշտոններից:
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ ԳՏԵԼ
«ՀՀԿ-ն իր համագումարին չի հրավիրել «Ժառանգությանը», քանի որ պարզապես նպատակահարմար չի գտել,-երեկ լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով,-հրավիրել էինք այն քաղաքական ուժերին, որոնց հետ համագործակցում ենք»:
ԵՐՐՈՐԴԸ
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից եւ գործարար Գարիկ Նուշիկյանից բացի, Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում ՀԱԿ մեծամասնական ընտրակարգով մտադիր է առաջադրվել նաեւ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Նա Կենտրոն համայնքից է, անկուսակցական:
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկսել է մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին մասնակից հեռուստաընկերությունների մշտադիտարկումը (մոնիթորինգ): «Այսինքն` դիտարկում ենք, թե որ հեռուստաընկերությունը որ քաղաքական գործչին ինչպես է լուսաբանում»,-Henaran.am-ին հայտնել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ՉԵՐԱՇԽԱՎՈՐԵՑ
ԵԽԽՎ-ն գաղտնազերծել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը, որը պետք է քննարկվի հանձնաժողովում: Փաստաթղթի սկզբում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հետաքննությանը: Հիշատակելով 2011 թվականի ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի հանձնարարականը` կրկին անդրադառնալ 2008-ի դեպքերին, համազեկուցողները նշում են, որ հանրային վստահության ապահովման համար իրենք առաջարկել էին, որ ՀՀ նախագահը երաշխավորի, որ այդ հետաքննությունն անցկացվելու է հանրային հետազոտության ձեւով:
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվել են չորս վկաներ` ոստիկաններ Սամսոն Ղարիբյանը, Մարտիրոս Մարգարյանը, Միշա Մեսրոպյանը եւ Սահակ Գալստյանը: Վկաներից Սամսոն Ղարիբյանն իր ցուցմունքում նշել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել, քանի որ «իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել եւ միջադեպի վայրում հավաքված ամբոխը խոչընդոտում էր մեքենաների երթեւեկությունը»: «Ամբո՞խը, թե՞ մենթերը»,-Տիգրան Առաքելյանի հարցից հետո վկան վրդովվել է` ասելով, որ ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություն է հնչում: Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատողություն է արել Առաքելյանին` զգուշացնելով, որ խիստ սանկցիա կկիրառի նրա նկատմամբ, եթե նման բան կրկնվի:
ՄԱՐՏԻ 18-ԻՆ
«Ժառանգության» համամասնական ցուցակը հավանաբար կհրապարակվի մարտի 18-ին: Այս մասին երեկ հայտնել է Լարիսա Ալավերդյանը: «Միաժամանակ, բացարձակապես տեղյակ չեմ` կլինի՞ արդյոք «Ազատ դեմոկրատներ»-ի հետ համատեղ ցուցակ: Պատրաստ չէ նաեւ «Ժառանգության» մեծամասնական ցուցակը»,-նշել է պատգամավորը: