Էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ. Բաց նամակ ՀՀ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական Տեխնոլոգիական ակադեմիան (ՀՏԱ) Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԷԱԿԳՄԱ- МАНЭБ) հետ համատեղ բաց նամակ է հղել երկրի ղեկավարին` բարձրաձայնելով Հայաստանի էկոլոգիայի վիճակի մասին: Նամակում հեղինակները ահազանգում են, թե էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ: “Չնայած ընդունված օրենքներին և որոշումներին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլաններ: Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ”, -ասված է բաց նամակում: “Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են ոչ թե համայնքներից ու բնակչությունից գերակա շահի անվան տակ խլել նրանց պատկանող հողերը, այլ: Առաջին` ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում: Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում:Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար:Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող Սևանի հանձնաժողովը, եթե “ԳեոՊրոՄայնինգ Գոլդ” ընկերությունը խախտելով “Սևանի մասին” ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում: Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել): Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ: Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները:Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների և համայնքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և Չինական ներդրումներով մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան քաղաքում, Քաջարան գյուղի և նրա հարակից գյուղերի համայնքային հողերի բռնագրավումը ,գերակա շահե համարված անհեթեթ ձևակերպման անվան տակ, Թեղուտի անտառների ոչընչացումը և Նոյեմբերյանի ենթաշրջանի սարերի ալպիական գերազանց արոտավայր մարգագետիններով և անտառներով հարուստ ու հարակից գյուղերը սնող ջրահավաք ավազանների արդեն իսկ ռիսկային գոտու վերածվելու և այլ նմանատիպ տեղերի բռնազավթումը, որը կարող է ունենալ և արդեն իսկ ունի բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա: Չէ՞, որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղրբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ”, – նշում են նամակի հեղինակներն ու Ընդգծում, թե չեն ցանկանում հետամնաց երկրների նման Հայաստանը դառնա խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ: “Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա”,-ասված է Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ու Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի` երկրի ղեկավարին հղած բաց նամակում:




Լրահոս