ԵՐԿՈՒ ՏՂԱՄԱՐԴ ԿԱԽՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզում ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Երկու դեպքում էլ ինքնասպանները տարեց տղամարդիկ են, որոնք իրենց կյանքին վերջ են տվել կախվելու միջոցով:  
Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի  պողոտայի 17 շենքի նկուղում հայտաբերվել է նույն շենքի 31 բնակարանի բնակիչ 83-ամյա Խորեն Բասմաջյանի դին կախված վիճակում: Այս ամենի մասին ոստիկանությանը հայտնել է մահացածի հարսը` Նունե Բասմաջյանը:
Տեղեկացանք, որ հարսն ու սկեսրայրը երկուսով էին ապրում, Բասմաջյանի աղջիկներն ամուսնացած են, իսկ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հարեւանները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ շատ հաշտ ընտանիք էր, եւ նրանց ձայնը երբեք չեն լսել: «Հա՛, շատ համեստ, խելոք մարդ էր, ապրում էր հա8սի հետ, տղան ահագին ժամանակ ա` գնացել ա փող աշխատի, հարսն էլ մնացել ա սկեսրայրի մոտ, տենց որ ասենք կռվեին, վիճաբանություն լիներ, չէ՛, տենց բան չկա, շատ խախանդ ընտանիք էր: Չենք կարա ասենք` ինչն ա պատճառը, դե սոցիալապես անապահով վիճակը կարա լինի, շատ վատ էին ապրում: Բայց էս դարում ով ա լավ ապրում, որ էդ ընտանիքն էլ լավ ապրեր»,-պատմեց Բասմաջյանների հարեւան 62-ամյա Անահիտը:
Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մհեր Հարությունյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետեւյալը. «Ես օպերատիվ խմբի հետ մեկնել եմ դեպքի վայր: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի մնացած հանգամանքները պարզելու համար կատարվում են թե՛ քննչական, թե՛ օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Գրություն չի հայտնաբերվել: Այս պահին վարկածների մասին խոսել չեմ կարող: Դեռ մեկ օր է անցել»:  
 Մյուս դեպքը գրանցվել էր Լոռու մարզի  Թումանյան համայնքում: 1-ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ 79-ամյա Հրանտ Ասատրյանն ինքնասպան էր եղել տնից ոչ հեռու` անասնագոմում, առաստաղից պարանով կախվելու միջոցով:  Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: Այս դեպքում եւս ոչ մի գրություն չի եղել:
Թումանյան համայնքի բնակիչները չցանկացան դեպքի վերաբերյալ զրուցել` պատճառաբանելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: «Ի՞նչ ասենք, որ բան չգիտենք, հա՛, մեր հարեւանն էր, բայց մենք էլ ենք պատահաբար տեղեկացել, որ նման բան ա եղել, ոչ մի բան էլ չենք լսել: Մենք մենակ լսել ենք, որ գնացել ա գոմ ու կախվել ա, բայց թե ինչն ա եղել պատճառը, չենք կարա ասենք: Ասում են` տունը մութ անտառ ա, երբեք չես իմանա` ինչ ա կատարվում, մենք էլ խաբար չենք, կարող ա վիճել են տնեցիներով, գնացել կախվել ա»,- նշեց հարեւաններից Վարազդատը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս