ՀԱՐՑ. Հայկական ռադիոյի FM 101.6 ալիքով շուրջօրյա դասական երաժշտություն է հնչում: Աշխատանքի ժամերին այն հանգստացնում է նյարդերը, չի ընդհատվում գովազդով: Բայց երաժշտական ընտրանիում չկան հայ կատարողներ: Տիգրան Լեւոնյանի մահից հետո նրա կատարումները վերացան, ինչպես վերացավ տրամվայը Երեւանից: Չեն լսվում Տաթեւիկ Սազանդարյանի, Արշավիր Կարապետյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Արմենակ Շահմուրադյանի, Հայկանուշ Դանիելյանի, Ավագ Պետրոսյանի եւ էլի շատ-շատերի կատարումները: Չեն հնչում Ռոմանոս Մելիքյանի, Ալ. Սպենդիարյանի ռոմանսները: Իսկ Գոհար Գասպարյանի երգացանկից տարվա ընթացքում հազիվ 1-2 կատարում հնչի: Ինչպե՞ս հասկանալ այս խտրականությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեզ մոտ երբեք չեն էլ եղել Հայկանուշ Դանիելյանի, Ավագ Պետրոսյանի, Արմենակ Շահմուրադյանի, Արշավիր Կարապետյանի կատարումները, քանի որ Հայաստանում ոչ ոք չունի նրանց ձայնագրություններն այն որակով, որ հնարավոր լինի հեռարձակել: Եղածն էլ ռադիոյի պետական ֆոնդն է, որը մեզ հասու չէ: Մենք օգտագործում ենք այն ֆոնդը, որը մեզ տրամադրում են առանձին երաժիշտ կոմպոզիտորներ: Ինչ վերաբերվում է Գոհար Գասպարյանին, ապա ասեմ, որ նրա կատարումները պարբերաբար հնչում են մեր եթերում: Տիգրան Լեւոնյանի կատարումներով մենք ունենք «Անուշ» օպերայից հատվածներ, որը ժամանակ առ ժամանակ հեռարձակվում է մեր եթերում: Եթե կան մարդիք, որոնք ունեն բարձր որակի այլ ձայնագրություններ, ապա կարող են բերել, եւ մենք կհնչեցնենք մեր եթերում: Տաթեւիկ Սազանդարյանի կատարումներից ունենք, եւ հեռարձակվում է, իսկ Արմենակ Աբրահամյանից կա մեկ կատարում, որը նույնպես լինում է եթերում: Կողմնապահություն չկա, այն, ինչը կա, հնչեցրել ենք եւ շարունակում ենք հնչեցնել:
խմբագիր Օլյա Նուրիջանյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կցանկանայինք` մեր հրապարակումն առիթ դառնար, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք նշված կատարողների ստեղծագործությունների որակյալ ձայնագրություններն ունեն, տրամադրեն նշված ռադիոկայանին: