ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՎԱՐԱՐՎԵ՛Ք ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՎ

Եթե ժամանակին ՀԱՄ նախագահ Արմեն Ավետիսյանն ինչ-որ ցուցակներով էր սպառնում բացահայտել իշխանության կազմում առկա միասեռականներին, ապա ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը «խոստանում» է դա գործով ցույց տալ: Yerkir.am-ին տված հարցազրույցի ժամանակ պատգամավորն ասել է, որ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը բավարարվելու խնդիր չունի, ավելին՝ կարող է կառավարության մի շարք անդամների բավարարել: Լրատվամիջոցի հարցին, թե արդյոք խոսքն իգական սեռի ներկայացուցիչների մասին է, Լյովա Խաչատրյանը պատասխանել է. «Ո՛չ, եվրոպական սեռի ներկայացուցիչների»:
Ստացվում է, որ ԲՀԿ-ական պատգամավորը լավ էլ տեղյակ է, թե ովքեր են ընդգրկված հայտնի ցուցակներում: Այլ հարց է՝ ի վիճակի կլինի՞ իր խոստումն իրագործել բազմանդամ կառավարության շրջանակներում եւ իրագործելու դեպքում էլ արդյոք կբավարարվեն «եվրոպական սեռի» ներկայացուցիչները:

 

 

ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐՈՎ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու մասին: Այս անգամ, սակայն, հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ոչ թե անձամբ Տիգրան Սարգսյանն է, այլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Խորհրդի կազմում ընդգրկված են երրորդ էշելոնի պաշտոնյաներ` ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Ա. Ջհանգիրյանը, սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Սաիյանը, ԿԲ խորհրդի անդամ Ա. Դարբինյանն ու «Հայաստանի կենտրոնական դեպոզիտ» ԲԲԸ տնօրեն Վ. Ստեփանյանը: Կարճ ասած` վարչապետի շրջապատի անձինք:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին օրերին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների դպրոցում դասընթացների որակը ստուգելու հատուկ հանձնաժողով է ստեղծել, որոնք էլ լուրջ ստուգումներ են իրականացնում այնտեղ: Ավելին՝ Զոհրաբյանն անգամ ֆինանսական աուդիտ է իրականացնում դպրոցում՝ պարզելու, թե ինչ է չարաշահումներ կան: Ի՞նչ է կատարվում փաստաբանների դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պահին որակի հանձնաժողովի նախագահն այստեղ է: Բուհերում դասերի որակի ապահովման բաժին գոյություն ունի, ու մենք փորձում ենք համատեղ աշխատանք իրականացնել՝ բարձրացնելու մատուցվող ծառայության որակը: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական աուդիտին, մենք՝ որպես հիմնադրամ, ամեն տարի պարտավոր ենք այն իրականացնել: Մենք չունենք մեծ բյուջե, որ չարաշահում իրականացնենք: Մեր գնած ամենաթանկ գույքը գրիչն է ու թուղթը: Ուզենք էլ, չարաշահում չենք կարող թույլ տալ»:




Լրահոս