ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպես գիտեք, երեկ ՀՀ ոստիկանությունը խախտել է մեր սահմանադրական  իրավունքը, հանել է մեր վրանը եւ ցույց տվել իր բիրտ ուժը` արգելելով  շարունակել մեր խաղաղ ցույցը: Մենք որակում ենք դա որպես հակասահմանադրական  գործողություն, եւ նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-երեկ կառավարության շենքի առջեւ հայտարարեցին «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները: «Մենք պահանջում ենք, որպեսզի անհապաղ ապամոնտաժվեն այգու տաղավարներն, ու այգին բարեկարգվի»,-ավելացրին  նրանք: Բողոքի ակցիային միջամտեց Երեւան քաղաքի ոստիկանության վարչության  հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը, ով փորձեց դադարեցնել ցուցարարների աղմուկը:  «Հավաքը չի կարա աղմուկով զուգորդվի, մենք նույնիսկ կարող ենք ձեզ ցրել,  օժտված  ենք  այդ  իրավունքով»,-ասաց  նա` վեճի  մեջ  մտնելով  ցուցարարներից  մեկի հետ, ով ոստիկանին զգուշացրեց. «Դուք օրենքով սահմանված կարգով պատասխան եք  տալու»: Նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին,  որ  ՀՀ  մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կոչ է արել  ոստիկանությանը` թույլատրել վրանի  տեղադրումը:   
«Հանգիստ հանել ենք վրանից, ոչ մի քաշքշուկ էլ  չի  եղել:  Բայանդուրն  է  վրանում եղել, բայց նա չի տուժել, ընդամենն ակնոցներն է կորցրել,  մենք  էլ գտել,  տվել ենք իրան, միայն օգնել ենք,  որ վրանից  դուրս  գա:   Ոչ  մի  բան  էլ  չի  եղել,  էրեխե՛ք ջան»,-արդարացավ Կարեն Մովսիսյանը` կոչ անելով  կառավարության շենքի մոտ աղմուկով զուգորդված հավաք չանցկացնել, որովհետեւ այն կխանգարի կառավարության բնականոն աշխատանքին:
Նախօրեին «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը  նամակ  էր  ուղղել ՀՀ վարչապետին, որով պահանջվում էր մարտի 15-ի նիստի օրակարգից հանել կրպակների՝ եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը եւ որոշմամբ ամրագրել անհապաղ ապամոնտաժելու դրույթը: Սակայն  կառավարությունը երեկ որոշում է ընդունել 3 տարի ժամկետ սահմանել, որից հետո   կրպակներն այգուց կապամոնտաժվեն: «Մեզ այդ որոշումը չի բավարարում, որովհետեւ հանրային այգին չի կարող  առեւտրականացվել, տաղավարները, որոնք տեղադրված են հանրային տարածքում, ապօրինի են, եւ կառավարությունը չի  կարող ապօրինության համար պատասխանատվություն կրել: Եթե նույնիսկ այն ընդունվել է, մենք պահանջելու ենք, որպեսզի տաղավարներն անհապաղ ապամոնտաժվեն, ու հանրային այգին վերադարձվի հանրությանը»,-հայտարարեցին ակտիվիստները` ուղեւորվելով Մաշտոցի այգի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս