Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացնել Քարվաճառում ստեղծված իրավիճակի մանրամասները:
Նա նշեց, թե վերջերս լուրեր էին տարածվել, թե Քարվաճառում կան ադրբեջանցի դիվերսանտներ և աշխատանքներ տարվեցին դրանք բացահայտելու ուղղությամբ:
«Այդ աշխատանքների ժամանակ, համագործակցելով ԱԱԾ-ի ներքին գործերի, հետ հայտնաբերեցինք խմբի մեկ անդամին: Դրանից հետո մենք աշխատանքներ ձեռնարկեցինք, հավելյալ ստորաբաժանումներ ուղարկեցինք: Համագործակցելով բացահայտվեցին բոլոր անձինք, ովքեր կային այդ տարածքում», – նշեց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով` լարվածությունը մեծ էր, մանավանդ, որ լուրեր տարածվեցին, թե Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության մեջ կասկածվում է դիվերսանտներից մեկը, ով վերջինը հայտնաբերվեց: Սակայն նախարարը նշեց, թե դա միայն նախնական տեղեկատվություն է:
Նա հավելեց, թե ազգաբնակչության շրջանում աշխատանքներ են տարվում, որ վստահ լինեն, թե բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է: