Մարտական հենակետում զոհված 20-ամյա զինծառայողը աշնանը պետք է զորացրվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, սպանության կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Գևորգ Ավագյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր, ով մոտ 2 ամսից պետք է զորացրվեր:

Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ զինծառայողի ծնողներն առավոտ վաղ իմացել են դեպքի մասին և օրը մեծագույն ցավը սրտում են սկսել:

«Շատ խելոք, բարի անձնավորություն էր: Գյուղի լավագույն ընտանիքներից մեկի զավակն էր: Ընդամենը 20 տարեկան էր Գևորգը: Մանկավարժական համալսարանի Ժողգործիքների բաժնում էր սովորում: Առաջին կուրս էր, երբ գնաց բանակ»,- պատմեց գյուղապետը՝ հավելելով, որ սպանված զինծառայողի ծնողները բանվորությամբ են զբաղվում. մայրը վերջերս էր ընդունվել աշխատանքի գյուղի գործարաններից մեկում:

«Իրենից փոքր եղբայր ուներ: Գևորգի մահը սուգ է ողջ գյուղի համար: Ոչ ոք չի կարողանում պատկերացնել՝ ինչու պետք է ծառայակից ընկերը կրակեր նրա վրա: Հաստատ կարող ենք ասել, որ Գևորգի պես հանգիստ բնավորությամբ ու բարի մարդը ոչ ոքի չէր կարող դրդել սպանության»,- շարունակելով խոսքը՝ ասաց Հայկ Հարությունյանը:




Լրահոս