Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը բերել են պատահարների ու դրանց հետևանքով զոհերի թվի նվազեցմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանության ծրագրման, հաշվառման և վերլուծությունների բաժնի պետ Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարին տեխնիկական սարքերի տեղադրումը նպատակ ուներ վարորդներին և ուղևորներին զերծ պահել պատահարներից: Նրա ներկայացրած թվերի համաձայն, նախորդ տարվա համեմատ Երևան քաղաքում պատահարների քանակը նվազել է 11-ով, իսկ զոհերի թիվը` 6-ով: Նա բացատրեց, որ տեսախցիկները ֆիքսում են խախտումը, որի հիման վրա կազմվում է ակտն ու ուղարկվում է վարորդներին: Ոստիկանության ներկայացուցիչը բացատրեց, որ վարորդները պարտաճանաչ կերպով կատարում են վճարումները, իսկ մեկ ամսվա ընթացքում վճարում կատարած վարորդներին հիշեցրեց, որ տույժի չափը եռապատկվում է: Ասուլիսին ներկա “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ նվազել են արագությունը գերազանցող խախտումները և խախտումների հիմնական մասը գրանցվում է խաչմերուկներում: Նրա խոսքով, դեսպանատներին, դիվանագիտական ներկայացուցչություններին պատկանող ավտոմեքենաները շատ հաճախ կատարում են “լկտի, բացեիբաց խախտումներ”:
Դեսպանատներին պատկանող մեքենաները հաճախ կատարում են լկտի խախտումներ. Աքիլես
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ