ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՆԱՑԵԼ ԷՐ
ԲԱՀՐԵՅՆԸ

Այսօր Բահրեյն անունը դժվար թե մեր մարզասերներին եւ ընդհանրապես հայ հանրությանը ինչ-որ բան հուշի։ Հիշեցնենք, որ այն փոքր կղզի-պետություն է՝ տեղակայված Պարսից ծոցի արեւմտյան ափերի մոտ: 33 կղզիների արշիպելագում ամենամեծը Բահրեյն կղզին է՝ 55 կմ երկարությամբ եւ 18 կմ լայնությամբ։ Բնակչությունը 2010թ. հասել է 1,234,571-ի՝ ներառյալ 666,172 այլազգիները։
Իսկ ինչո՞ւ ենք ներկայացնում այս ամենը։ Բանն այն է, որ այդ երկրի առաջատար ֆուտբոլային թիմերից մեկը՝ «Ալ Մուհարաք»-ը, հետաքրքրված է հայ ֆուտբոլիստներ Նորայր Գյոզալյանի եւ Արտակ Դաշյանի ծառայություններով: Իսկ դրա «մեղավորը» Լոնդոնում բնակվող ֆուտբոլային գործակալ Դավիթ Աճեմյանն է, որը վերոնշյալ երկու հայ ֆուտբոլիստին առաջարկել է ուժերը փորձել Բահրեյնում:
Ֆուտբոլային գործակալը դա այսպես է հիմնավորում. «Բահրեյնը Ասիայի ամենաուժեղ ֆուտբոլային երկիրը չէ, սակայն նրա հարեւանությամբ են գտնվում Քաթարը, ԱՄԷ-ն… Այնտեղ լավ հանդես գալու դեպքում շատ արագ կարելի է հայտնվել Քաթարում, որտեղ արդեն ավելի մեծ մրցակցություն է, եւ շատ հայտնի խաղացողներ են ժամանում տարբեր ֆուտբոլային երկրներից: Քաթարի ակումբների սկաուտները մշտապես հետեւում են Բահրեյնի առաջնությանը»: Ահա այսպիսի բաներ։ Միայն մի բանից ենք վախենում. եթե հայ ֆուտբոլիստները հայտնվեն Բահրեյնում, հայկական հեռուստաալիքներն այդ երկրի առաջնությունն է՞լ են ցուցադրելու։ Այդ «երջանկությանը» հայ ֆուտբոլասերն արդեն դժվար թե դիմանա։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀՖՖ-Ի

ՀՖՖ մրցանակաբաշխության արդյունքներով՝ մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը վաստակել է 237 միավոր: Երկրորդ տեղում մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է՝ 115, երրորդում՝ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ 77 միավորով: Արդեն չորրորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 244 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են մեր ընտրանու եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի խաղացողներ Յուրա Մովսիսյանն (177) ու Արաս Օզբիլիսը (47):

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս