Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ճիշտ չէ, երբ քննարկվում է, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում: Վարչապետը վստահեցրեց, որ ժամանակի անիմաստ կորուստ է խոսել ՀՀ եւ ԼՂՀ միջեւ հնարավոր մաքսակետի գոյության մասին. «Արցախի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետի գոյությունը բացառվում է: Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի»: Հարցին, թե ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալն ինչ ազդեցություն է ունենալու Արցախի վրա, վարչապետը պատասխանեց. «Քանի որ ՄՄ երկրները դեռեւս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ո՛չ որեւէ պետության, ո՛չ էլ պետությունների խմբի կողմից»:
Ռուսաստանն ընդլայնում է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ներկայությունը ՀՀ-ում: Մեր երկիրը դեպի Մաքսային միություն տանող Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ռուսական խոշորագույն նավթային ընկերության` «Ռոսնեֆտ»-ի տնօրեն Իգոր Սեչինին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր, բացի այդ` «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» եւ «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները նաեւ ստորագրել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրեր: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Սեչին հետ Ս. Սարգսյանը քննարկել է «Նաիրիտ» գործարանի վաճառքի հարցը: Ռուսական կողմն ասել է, որ ցանկանում է այդ գործարանը գնել, այնտեղ ներդրումներ կատարել, բայց ողջ պարտքը փակելուց հետո: Ի դեպ, պատահական չէ, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ է նշված` համաձայնագրերից մեկը եղել է ՀՀ-ում «Բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը»:
Իզուր չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կրծքով պաշտպանում է իշխանություններին, հարկ եղած դեպքում էլ ընդդիմադիրների դեմ վիրավորական արտահայտություններով համեմված ելույթներ ունենում: Գալուստ Գրիգորիչը բավական շատ կորցնելու բան ունի իշխանափոխության դեպքում. նա հասցրել է այս տարիներին իր երկու որդիներին աշխատանքի տեղավորել. Արմանին` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ, Տիգրանին` ՀՀ առողջապահության փոխնախարար: Եվ երկու որդիներն էլ իրենց պաշտոնավարման ժամանակ բավական մեծ ունեցվածք են կուտակել: Արմանի հաշվեհամարին տարեսկզբին եղել է 95 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 101.5 մլն, իսկ Տիգրանի հաշվեհամարին եղած 43.7 մլն դրամը դարձել է 84.4 մլն: Անձամբ Գալուստ Գրիգորիչն իր հաշվեհամարին չունի ոչ մի լումա. նա հայտարարագրել է միայն «չոր» աշխատավարձ ու կենսաթոշակ:
2013թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 11 ամիս պայքարելուց, փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը: Հիշեցնենք, որ Գեորգին իր դստերը հիվանդանոց էր տարել 2012թ. դեկտեմբերի 31-ին, եւ բժիշկները նրան ասել էին, թե երեխայի մոտ սովորական վիրուս է, կանցնի, սակայն հունվարի 2-ին երկամյա Լիայի վիճակը բարդացել էր, եւ նրան փրկել չէր հաջողվել. «Երրորդ փորձաքննությունից հետո նոր կարողացա ապացուցել, որ իմ երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով: Ես չէի կարող թողնել, որ իմ երեխայի արյունը չորանար, գնար: Այդ վերաբերմունքի արդյունքում այլ երեխաներ կարող են տուժել: Այնպես որ, մենք կդիմենք դատարան, որ բոլորը պատասխան տան»: Նշենք, որ «Արաբկիր» բ/կ-ի սեփականատերն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է, որի որդին օրերս նշանակվեց ՀՀ առողջապահության փոխնախարար: