ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս 2014» 71-րդ կինոմրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը ստացել է «Ստրկության 12 տարիներ» պատմական ֆիլմը: «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Բլանշետը, իսկ «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում` Մեթյու Մաքոնահին: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել «Ձգողականություն» ֆիլմի հեղինակը` մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը: Իսկ օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծն գեղեցկությունը» դրաման: Լեոնարդո դի Կապրիոն հաղթել է «Տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում: Մայքլ Դուգլասը մրցանակ է ստացել «Լավագույն հեռուստաֆիլմի դերասան» անվանակարգում, Էյմի Ադամսը` կատակերգությունում կնոջ դերի համար («Խարդախություն ամերիկյան ձեւով»):
ԱՆՑԵԼ Է
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Ռեժիսոր եւ սցենարիստ Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմն անցել է լեհական «Զում Զբլիժենիե» միջազգային ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ կինոփառատոնի վերջնական մրցանակային փուլ: Նշենք, որ փառատոնին աշխարհի տարբեր երկրներից ներկայացվել էր 649 ֆիլմ, որոնցից վերջնական փուլ անցել են ընդամենը 82-ը: 11-րոպեանոց ֆիլմը ներկայացնում է անպետքության զգացումից ինքնասպանության եզրին հասած մարդու ապրումները:
Հեղինակը, շուրջ մեկ տարի հետեւելով Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի աճող տեմպերին, որոշել է կանխարգելիչ քայլ անել արվեստի միջոցով: Ռեժիսորին դրական գնահատականներն ուրախացնում են, բայց ֆիլմի գլխավոր նպատակը մարդու կյանքը փրկելն է: