ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ռուսական պետհամարանիշներով մեքենաները տարին միայն մեկ անգամ իրավունք ունեն հատելու Ռուսաստան-Վրաստան-Հայաստան սահմանը: Իրո՞ք այդպես է, եւ եթե այո, ապա ո՞րն է նորարարության իմաստը:

Դավիթ Հայրապետյան (54 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներով, ինչպես նաեւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի` ՀՀ-ում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` սահմանված է ոչ թէ մուտքի մեկանգամյա հնարավորություն, այլ, ընդհանուր առմամբ, տարեկան 180 օր, որը կարող է լինել ե՛ւ միանգամից, ե՛ւ մի քանի այցելությամբ: Ամեն դեպքում, հարկ է մանրակրկիտ ուսումնասիրել կարգը` ավելորդ բարդություններից խուսափելու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Ընտանիքում 5 հոգի ենք՝ հայրս, մայրս, տատիկս, քույրս ու ես: Քույրս ամուսնացել է տարիներ առաջ: Հայրս առաջին կարգի հաշմանդամ է, իսկ մայրս` երկրորդ: Ես գնացել եմ բանակ, բայց հիվանդության պատճառով ազատվել եմ ծառայությունից: Հիմա լիովին ապաքինվել եմ եւ առողջ եմ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի զինվորական գրքույկս պիտանի դարձնեմ: Նշեմ, որ ես եմ ծնողներիս միակ խնամակալը: Հնարավո՞ր է` ինձ նորից տանեն ծառայության, թե՞ ոչ:

Արտակ Սիրադեղյան
(26 տարեկան, ատամնատեխնիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան` ուղարկում ենք Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 08.04.2013 թվականի N410 հրամանով հաստատված «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի» համաձայն` կարգավիճակի հստակեցման եւ վերափորձաքննության համար դիմումատուն տեղամասային զինկոմիսարիատի ուղեգրով պետք է ներկայանա ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».. Քաղաքացուն խորհուրդ ենք տալիս ներկայանալ պատասխանում նշված հանձնաժողով` առաջացած խնդիրներին որոշակի լուծում տալու նպատակով: Իսկ մեր հայրենակիցներին հորդորում ենք ոչ մի դեպքում չխուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:




Լրահոս