ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ, ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճն ի ցույց դրեց 1998թ. հետո Հայաստանում հաստատված իշխանությունների ողջ սնանկությունն ու բարոյալքման աստիճանը:

Ուրացումը` որպես քաղաքական վարքագիծ

Հիշում եք` ՀՀԿ-ի եւ գայլերի ոհմակի միջեւ Սերժ Սարգսյանի արած հայտնի համեմատությունը: Այսօր, ահա, ՀՀԿ-ականները գայլերի ոհմակի նման հարձակվել են Քոչարյանի վրա, եւ երկու օր է` տարբեր լրատվամիջոցներով հակադարձում են վերջինիս քննադատություններին, հիշեցնում նրա պաշտոնավարման տարիները: Բայց ուշագրավ է, որ Ռ. Քոչարյանին դեմ են արտահայտվում հենց այն մարդիկ, որոնք նրա իշխանության մաս են կազմել, Քոչարյանի ղեկավարման ողջ ժամանակահատվածում՝ մինչեւ պաշտոնավարման վերջին օրը, անմնացորդ ծառայել են նրան, քծնել ու արդարացրել նրա բոլոր արարքները: Իսկ այսօր, երբ Քոչարյանն այլեւս իշխանության ղեկին չէ եւ չունի ազդեցության լծակներ, ՀՀԿ-ականները հանկարծ հիշել են նրա բոլոր հին մեղքերն ու հերթով թվարկում են դրանք: Ճիշտ այնպես, ինչպես 1995թ. սկսած՝ իշխանության մաս կազմող ՀՀԿ-ականները Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսեցին քննադատել ու վարկաբեկել նրան:
Այսօրվա պատկերը, թերեւս, վկայում է մեկ բանի մասին. նույն ճակատագիրն է սպառնում նաեւ Սերժ Սարգսյանին. որեւէ մեկը չի կասկածում, որ եթե վաղը Սերժ Սարգսյանը զրկվի պաշտոնից, ապա ՀՀԿ-ականները մի գիշերում կուրանան նաեւ նրան. Ս. Սարգսյանին այսօր փառաբանողները շատ ավելի մեծ ջանասիրությամբ կհարձակվեն այսօրվա իրենց առաջնորդի վրա ու կսկսեն անխնա քննադատել, մանավանդ որ դրա համար ունեն ծանրակշիռ հիմքեր` այս տարիներին մեծ թափ ստացած արտագաղթը, աղքատության աճը, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, արտաքին քաղաքականության բնագավառի անփառունակ ձախողումները, արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձերը եւ այլն:

Ո՞վ էր Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը

Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին ՀՀԿ-ականների արձագանքները, սակայն, ուշագրավ են մեկ այլ առումով. նրանք այնպիսի ինքնամոռաց ջանասիրությամբ են լծվել հնչած քննադատություններին հակադարձելու գործին, որ չեն նկատում` հընթացս ինչպես են անհարմար դրության մեջ դնում նաեւ այսօրվա իրենց առաջնորդին` Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ականներն այս օրերին Քոչարյանի քննադատություններին հակադարձում են նրա պաշտոնավարման օրոք կնքված «Գույք` պարտքի դիմաց» ամոթալի գործարքը հիշեցնելով: Ընդ որում, այս հարցում ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանից, Արմեն Աշոտյանից ու Հովհաննես Սահակյանից բացի՝ Քոչարյանի դեմ է դուրս եկել նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, մի անձնավորություն, որի կարիերան սրընթաց վերելք ապրեց հենց Քոչարյանի պաշտոնավարման օրոք. նա 1998թ. «Սյունիքի մարզային էլեկտրացանցեր» ՊՓԲԸ գործադիր տնօրենից դարձավ ՀՀ էներգետիկայի փոխնախարար, իսկ 2001թ.` նախարար: Երեկ իր հարցազրույցում Մովսիսյանը, Քոչարյանին հիշեցնելով նրա իշխանության օրոք կնքված «Գույք` պարտքի դիմաց» գործարքը, «Հայռուսգազարդ»-ի` 45 տոկոս մասնաբաժնի 25 տոկոս վաճառքը, հավելել է, որ 2013թ. գործարքը նախորդներից «մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է»:
Միայն թե, նկատենք` հիշատակված բոլոր գործարքների ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է անձամբ Արմեն Մովսիսյանը: Ավելին, «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրերի տակ էլ դրված է անձամբ Սերժ Սարգսյանի ստորագրությունը. նա միջպետական հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ Իլյա Կլեբանովի հետ ստորագրել է երկու պայմանագիր. մեկը` 2002թ. մայիսի 11-ին, մյուսը` 2002թ. նոյեմբերի 5-ին: Այնպես որ, եթե այս գործարքներում ինչ-որ բան այն չէ (իրականում բոլորը գիտեն, որ այդ գործարքները, մեղմ ասած, խայտառակություն են), ուրեմն իրենց մեղքի բաժինն ունեն ոչ միայն Ռ. Քոչարյանը, այլեւ Ս. Սարգսյանն ու Ա. Մովսիսյանը:
Այս առումով խոցելի էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը, որտեղ գույնզգույն աղյուսակներով ներկայացրել էր «շինարարության ոլորտի փուչիկը»: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը, քննադատելով Քոչարյանին, քննադատել է նաեւ Ս. Սարգսյանի` ՀՀ վարչապետ աշխատած տարիները: Տ. Սարգսյանի ներկայացրած աղյուսակում, որտեղ պատկերված է շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ, ամենաբարձր տոկոսը` 25%, գրանցվել է 2007-2008թթ.: Հիշեցնենք, որ 2007-2008թթ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը: Տ. Սարգսյանի ներկայացրած աղյուսակներից պարզ է դառնում նաեւ, որ ՀՀ տնտեսությունը սկսել է անկում գրանցել 2007թ.-ից, երբ տնտեսական աճը 4.5 տոկոսից 2008թ. դարձավ 1.8 տոկոս: Կրկին հիշեցնենք` 2007-2008թթ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր նույն Ս. Սարգսյանը:

Երբ փոս փորողն ինքն է ընկնում փոսը

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճը մեկ ուշագրավ նրբերանգ ունի: Թեեւ Քոչարյանի փաստարկները միանգամայն ճիշտ են, բայց մյուս կողմից նա հայտնվել է իր իսկ փորած փոսում: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում փորձեց իր կառավարության ձախողումների մեղքը բարդել Քոչարյանի իշխանության եւ նախորդ կառավարությունների վրա: Ճիշտ եւ ճիշտ` նույն Ռ. Քոչարյանի նման, որն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ձախողումների մեղքը փորձում էր գցել նախորդ իշխանության` ՀՀՇ-ի վրա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳՆԱՑԻՆ 

ԱՐՁԱԿՈՒՐԴ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջիկայում պատրաստվում է իր հաշվից արձակուրդ մեկնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է նախարարին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին համապատասխան որոշումը: Իսկ այդ ընթացքում Հ. Հակոբյանին փոխարինելու է նրա տեղակալը: Չվճարվող արձակուրդ է մեկնելու նաեւ ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը. ըստ վարչապետի որոշման` Դ. Կարապետյանի չվճարվող արձակուրդը տեւելու է մեկ շաբաթ:

 

ՍԱՐԳՍՅԱՆԻ 

ՎԵՏՈՆ ԱԺ-ԻՆ

Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած եւ ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, եւ դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ: Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին է: Տեղեկացնենք, որ այդ նախագծերով սահմանված են ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները: Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում:

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Թեեւ ձու արտադրող ընկերությունների տնօրենները դեռեւս նախորդ տարեվերջին գյուղնախարար Սերգո Կարապետյանին խոստացել էին օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավելի ձու արտադրել, սակայն նախատոնական օրերին պատկերն այլ էր: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում այդ օրերին, մասնավորապես դեկտեմբերի 29-ին եւ 30-ին, ձվի դեֆիցիտ էր ստեղծվել: Խնդրի առնչությամբ ՀՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին մի շարք խանութներում եւ հատկապես «Երեւան սիթի» խանութների ցանցում ձուն վաճառվում էր տեւական ընդմիջումներով, ինչը պայմանավորված էր եղանակային խիստ անբարենպաստ պայմանների հետեւանքով ձու փոխադրող տրանսպորտային միջոցների զանգվածային խափանումներով»: Սակայն, մասնագետների համոզմամբ, ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական էր, որին մենք մանրամասն կանդրադառնանք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

lragir.am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը երեկ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացած պարգեւից հրաժարվելու մասին: «Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 13-ին զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ ժամացույցներով է պարգեւատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակին: Իհարկե, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունեությունը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին պարգեւատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եթե նրանց նյութերում բարձրացրած խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց»,-իր որոշումը պարզաբանել է լրագրողը:

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀՀ նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի 5 անդամներ դատի են տվել թատերագետ Լեւոն Մութաֆյանին իրենց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար: Նրանք Մութաֆյանից պահանջում են 3 միլիոն դրամ եւ հրապարակային ներողություն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով երեկվա նախնական նիստին ներկա չի եղել ո՛չ Մութաֆյանը, ո՛չ էլ նրա փաստաբանը: Ի դեպ, գործում ներգրավված են նաեւ Մութաֆյանի գրառումը տարածած երրորդ անձինք` ի դեմս Blognews.am-ի եւ pressing.am-ի:
ՎԱՐԱԿԻՉ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

tsayg.am-ի տեղեկացմամբ` Գյումրու Գարեգին Նժդեհի 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա եւ մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից՝ 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց, ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Աղբյուրի հավաստմամբ` ներկա պահին որեւէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Կոմունալ որեւէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր եւ միմյանցից մեկուսացած պահել: Բժիշկն ասել է, թե ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որ հիվանդությունը նման դրսեւորումներ ունենա, չի հանդիպել:

 

ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ

2013թ. ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 216.4 միլիոն դոլարով (4.9%-ով) եւ 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Այդ թվում, արտաքին պարտքը (կառավարության եւ Կենտրոնական բանկի) կազմում է 3 միլիարդ 904 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 684.7 միլիոն դոլար։ Նախորդ տարի արտաքին պարտքի սպասարկմանն ընդհանուր առմամբ ուղղվել է մոտ 860 միլիոն դոլար, որից 809 միլիոնը՝ մայր գումարի մարմանը, եւ 50 միլիոնը՝ տոկոսավճարներին։




Լրահոս