Հասկանալով, որ անչափահասը կույս չէ, որոշել է սեռական շահագործման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ անչափահաս Ա. Գ.-ն դարձել է 25-ամյա Ռաֆիկ Մարկոսյանի թրաֆիքինգի զոհը: Մարկոսյանը, բարեկեցիկ կյանքով ապահովելու և ամուսնանալու սուտ խոստումներ տալով, անչափահասին հանել ՀՀ սահմանից:

Ռաֆիկ Մարկոսյանը Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ազարյանի նախագահությամբ կայացած դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով (անչափահասի առևտուր) և դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտնել էր, որ Առաջին ատյանի դատարանի վճիռն իրենք անպայման բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Ռաֆիկ Մարկոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքով և ցուցմունք է տվել այն մասին, որ Քրիստինե Ներսիսյանին ճանաչում է 2010 թվականից և նրա հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ։ 2011 թվականի հունիսին մեկնել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաք` ծնողների մոտ, որտեղ քսան օր մնալուց հետո վերադարձել է Հայաստան և երկու օր անց մասնակցել է ընկերոջ ծննդյան օրվա առթիվ կամակերպված խնջույքին։

Այնտեղ ծանոթացել է Ա. Գ.-ի և Է. Գ.-ի հետ։ Իմացել է, որ Ա.-ն 16 տարեկան է, իսկ Է.-ն` 15։ Հաջորդ օրն Ա.-ն զանգահարել է իրեն, զրուցել են, և սկսել են հանդիպել։ Մոտ 20 օր անց՝ Ա.-ի հետ հերթական հանդիպման ժամանակ, միասին որոշել են գնալ Սևանա լիճ։ Այնտեղ գիշերել են լճի ափին գտնվող վագոն-տնակում և փոխադարձ համաձայնությամբ իրենց միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն։ Ա.-ն կույս չի եղել, և այդ հանգամանքը հիասթափեցրել է իրեն։ Հաջորդ օրը` ժամը 11.00-ի սահմաններում, զանգահարել է Ա.-ի հայրը` Խորենը, և տեղեկանալով, որ գտնվում են Սևանում, պահանջել է շտապ վերադառնալ Երևան։

Խորենը սպառնացել է, որ կամ ինքը պետք է ամուսնանա Ա.-ի հետ, կամ էլ դատվելու է։ Տեղի տալով Խորենի սպառնալիքներին` խոստացել է ամուսնանալ Ա.-ի հետ, սակայն պայմանով, որ ամուսնությունից հետո իրենք պետք է մեկնեն Ռուսաստանի Դաշնություն, քանի որ Ա.-ի հետ ամուսնությունը չէր ընդունվի իր հարազատների և ընկերների կողմից։

Մի քանի օր անց Ա.-ի ծնողները պահանջել են ավանդական «կարմիր խնձոր» տանել նրանց տուն և, քանի որ իր հարազատներից ոչ ոք չկար, ինքը ստիպված դիմել է Քրիստինեին` խնդրելով կազմակերպել այդ արարողությունը։

Հետո, երբ հասել են Մինվոդի, իր մոտ եղած գումարը վերջացել էր և ստիպված ծախսել են Քրիստինեի գումարները: Այս պատճառով Քրիստինեն չի մեկնել Լվով և մնացել է իրենց հետ։ Որոշել են Մինվոդիում աշխատանք գտնել, գումար վաստակել, որից հետո վերադարձնել Քրիստինեի պարտքը։

Հետո Ա.-ն պատահական ծանոթացել է տեղի հայազգի բնակիչներից մեկի` Վաչիկի հետ։ Նա աշխատանք է առաջարկել Մինվոդիից քիչ հեռու գտնվող Նագուտսկոյե գյուղում, որտեղ իրենք պետք է զբաղվեին հողագործությամբ։ Վաչիկի հետ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ինքը` Ա.-ն։

Մի օր Ա.-ն առանց որևէ պատճառի գաղտնի հավաքել է իրերն և առանց անձնագիրը վերցնելու հեռացել է տնից։ Անհանգստանալով` իրենք այդ մասին տեղյակ են պահել հարևանությամբ բնակվող Սաթիկին ու Նազիկին և սկսել են փնտրել նրան։ Երեկոյան Նազիկին հաջողվել է գտնել Ա.-ին, ում տարել է նրանց տուն։ Զայրացած լինելով, ինքը մեկ անգամ ապտակել է Ա.-ն և պահանջել է գնալ իրենց տուն։ Սակայն Ա.-ն հրաժարվել է տուն գալ և հայտնել է, որ մեկնում է Հայաստան։ Ինքն Ա.-ի անձնագիրը տվել է նրան` պահանջելով գրել գրություն, որտեղ նշվի, որ կույս չի եղել և Հայաստան վերադառնում է սեփական նախաձեռնությամբ։

Ա.-ն գրել է այդ գրությունը և ինքը տվել է նրա անձնագիրը։ Հաջորդ օրն Ա.-ն մեկնել է Հայաստան։

Իսկ տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ծանոթներից մեկի ծննդյան արարողության ժամանակ ծանոթացել է Ռաֆիկ Մարկոսյանի հետ, որից հետո սկսել են հանդիպել։ Կարճ ժամանակում մտերմացել են. Ռաֆիկը սեր է խոստովանել։ Մի օր` հերթական անգամ սրճարանում գտնվելու ժամանակ, սուրճ խմելուց հետո իրեն վատ է զգացել, նույնիսկ զանգահարել է ընկերուհուն` Է.-ին, որպեսզի նա գա և իրեն տուն տանի։ Սակայն Ռաֆիկն ասել է, որ Է.-ի գալու անհրաժեշտությունը չկա, նա անձամբ իրեն կուղեկցի տուն։

Ռաֆիկի հետ նստել են պատահական ավտոմեքենա, սակայն նա իրեն տարել է ոչ թե տուն, այլ Սևան։ Ժամը 20.00-ի սահմաններում հասել են Սևան, որտեղ տեղավորվել են ինչ-որ տնակում։ Ռաֆիկը զանգահարել է իր հորը` Խորենին, և հայտնել, որ սիրում են միմյանց, պատրաստվում են ամուսնանալ, այժմ գտնվում են Սևանում և հաջորդ օրը կվերադառնան Երևան։ Այնուհետև, Ռաֆիկը հեռախոսը փոխանցել է իրեն։ Հեռախոսազրույցի ժամանակ հայրը պահանջել է շտապ վերադառնալ, սակայն ինքը հավաստիացրել է, որ ամեն ինչ նորմալ է, սիրում է Ռաֆիկին, Սևան գնացել է իր կամքով և կվերադառնան հաջորդ օրը։

Ժամը 12.00-ի սահմաններում տաքսիով գնացել են իր տատիկի տուն։

Սկզբից բոլորը մեղադրել են իրեն նման քայլ կատարելու համար, սակայն ինքը պատասխանել է, որ սիրում է Ռաֆիկին և դրանով իսկ անտեսել է ծնողների կարծիքը։

Որոշ ժամանակ անց ինքն ու Ռաֆիկը դուրս են եկել և կրկին գնացել Սևան։ Ճանապարհին վերցրել են նաև իր ընկերուհուն` Է.-ն, և Ռաֆիկի ընկերոջը` «Ապերին»։ Ժամը 23.00-ի սահմաններում «Ապերը» վերադարձել է Երևան, իսկ Է.-ն մնացել է իրենց հետ։ Գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում իրենց մոտ են եկել մի կին և երկու տղամարդ։

Այդ կինը հանդիսացել է Քրիստինե Ներսիսյանը, ում Ռաֆիկը ներկայացրել է որպես նրա մորաքրոջ դուստր։ Նրանք սնունդ են բերել և միասին նստել են հաց ուտելու։

Քրիստինեի առաջարկով որոշել են մինչև Ռուսաստան մեկնելը բնակվել նրա տանը և Երևան վերադառնալուց հետո տեղափոխվել են այնտեղ։ Որոշ ժամանակ մնալուց հետո իրենք գնացել են, իսկ մի քանի օր անց Քրիստինեն ավանդական «կարմիր խնձոր» է տարել իրենց տուն։ Մի օր Ռաֆիկից իմացել է, որ ավտոբուսով Ռուսաստան մեկնելիս Քրիստինեն նույնպես իրենց հետ է գալու, սակայն Թբիլիսի քաղաքում նա իջնելու է։ Սահմանը հատելու ժամանակ Ռաֆիկը վերցրել է իր անձնագիրը և պահել մոտը։

Սահմանը հատելուց հետո Ռաֆիկը նստել է Քրիստինեի կողքին։ Ինքը ցանկացել է պարզել, թե ինչու իր հետ չի նստել, սակայն շրջվելով տեսել է, որ նրանք գրկախառնված համբուրվում են։ Հասկացել է, որ խաբվել է. Քրիստինեն Ռաֆիկի քույրը չէ, այլ` սիրուհին։

Ինքը փորձել է ճշտել, թե ինչ է նշանակում այս ամենը. ո՞վ է Քրիստինեն, ի՞նչ գործ ունի նա իրենց հետ, ինչպե՞ս է Ռաֆիկը պատկերացնում իրենց հետագա համատեղ կյանքը։ Սակայն Ռաֆիկն ասել է. «Քիթդ մի մտցրու ուրիշի գործերի մեջ, քեզ ինչ ասենք, դա էլ պետք է անես»։

Այնուհետև, Ռաֆիկն ասել է, որ նրանց շատ գումար է անհրաժեշտ և ինքը պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, իսկ վաստակած գումարները հանձնի նրան։ Ինքը կտրականապես հրաժարվել է, որից հետո Ռաֆիկը նորից սկսել է իրեն ծեծել։ Այդ պահին ներս է մտել Քրիստինեն և Ռաֆիկին ասել, որ իր դեմքին չխփի, որպեսզի հետքեր չմնան։

Հաջորդ օրը դուրս է եկել քաղաք, որտեղ ծանոթացել է հայազգի Վաչիկի հետ։ Լսելով իրեն` նա առաջարկել է զբաղվել հողագործությամբ նրանց Նագուտսկոյե գյուղում։ Վաչիկի առաջարկի մասին հայտնել է Քրիստինեին և Ռաֆիկին։ Նագուտսկոյե գյուղում Վաչիկն իրենց տեղավորել է մեկսենյականոց տնակում, այնուհետև ցույց է տվել այն տարածքը, որը պետք է մշակվի և սոխ աճեցվի։

Բացի հողամասում աշխատեցնելը, Ռաֆիկն ու Քրիստինեն իրեն պարտադրել են լվանալ նրանց հագուստները, ճաշ պատրաստել, տունը մաքրել։

Այլևս չդիմանալով նրանց բռնություններին, ինչպես նաև վախենալով սպառնալիքներից, հաջորդ օրն առանց անձնագրի և գումարի, հավաքել է իրերն ու տնից փախել, որպեսզի մի կերպ հասնի Մինվոդի և կատարվածի մասին հայտնի ոստիկանությանը։ Սակայն չի ստացվել և ստիպված վերադարձել է գյուղ: Որոշ ժամանակ անց ավտոմեքենայով եկել են հարևաններ Նազիկն ու Սաթիկը և իրեն տարել նրանց տուն։ Ճանապարհին տեղեկացել է, որ Նազիկը հեռախոսով խոսել է իր հոր հետ և իմացել, որ Ռաֆիկն իր ամուսինն է, իսկ Քրիստինեն իր քույրը չէ։

Նազիկի հայրը` Ալբերտը, Ռաֆիկից պահանջել է վերադարձնել անձնագիրը, սակայն նա ասել է, որ անձնագիրը կվերադարձնի միայն այն դեպքում, երբ ինքը գրություն գրի այն մասին, որ կույս չի եղել, իրեն ոչ ոք չի ծեծել, իր կամքով է հեռանում և այլն։ Թեև այդ ամենն իրականությանը չի համապատասխանել, այնուամենայնիվ ստիպված գրել է։ Մի քանի օր անց վերադարձել է Հայաստան և կատարվածի մասին պատմել ծնողներին։

Քննության առնելով վկաների և վերոնշյալ ցուցմունքները` դատարանը նկատել է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես պատժատեսակ պետք է նշանակվի ազատազրկումը։




Լրահոս