«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան հավեր է ներմուծում եւ վաճառում տեղական արտադրանքի անվան տակ: Սակայն շատ կազմակերպություններ մինչ այժմ չեն կարողանում փաստացի բացահայտել այս իրողությունը: Մաքսային ծառայությունն էլ թաքցնում է տվյալները:
Խնդիրը հասկանալու համար «Ժողովուրդ»-ը նախ դիմեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտե` պարզելու` տեղյակ են արդյոք, որ տեղական հավերի անվան տակ շուկայում ներկրված հավեր են վաճառվում: Ավանդույթի համաձայն` մի քանի օր ուշացնելուց հետո վերջապես ՊԵԿ-ից պատասխանեցին, թե «ՊԵԿ-ը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի եւ ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 16-ի պահանջներին համապատասխան, չի կարող տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»: ՊԵԿ-ը, ինչպես նշված ընկերության, այնպես էլ մյուս տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատշաճ հսկողություն է իրականացնում, իսկ արձանագրվող խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվում է հանրությանը»:
Իհարկե, այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել Պետեկամուտների կոմիտեից, որի ղեկավարը Հայաստանում ամենախոշոր գործարարներից է, հետեւաբար նա ոչ թե պետության, ՀՀ քաղաքացիների շահերից բխող քայլեր է կատարում, այլ պետության հաշվին հարստացող գործարարների: Իսկ նրանց «մութ գործարքներն» էլ համարում է գաղտնի տեղեկատվություն:
Ինչեւէ, դիմեցինք նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), եւ պարզվեց, որ Թռչնաբույծների միության կողմից արդեն նրանց ահազանգել են նման խնդրի մասին, սակայն կոնկրետ ընկերության անուն չի տրվել: Դրա համար էլ, ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանը, «հավի ներկրմամբ եւ տեղական արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններից պահանջել ենք ներկայացնել իրենց ծավալների արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն»:
Հարցին, թե ինչ պատիժ կտրվի այն ընկերությանը, որը ներկրված հավեր է վաճառում տեղական արտադրության անվան տակ, Գայանեն պատասխանեց. «Եթե հաստատվի այդ տեղեկությունը, ապա այն կդիտվի որպես գերիշխող դիրքի չարաշահում: Նման դեպքում օրենքով սահմանված պատժաչափը 5 մլն-ից մինչեւ 200 միլիոն դրամ է: Բայց մենք այստեղ ունենք ոչ միայն սննդամթերքի անվտանգության խնդիր, այլ մրցակցության` տեղական արտադրողին խանգարելու խնդիր»: Սահակյանն ավելացրեց, որ սպառողին խաբելն ու մոլորեցնելը նույնպես օրենքով պատժելի է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ` պարզելու, թե նրանք ինչ ահազանգեր են ստացել եւ արդյոք ունեն այն տեղեկությունը, ինչ մեզ հաղորդել են մեր աղբյուրները: Ստեփանյանը տեղեկացրեց. «Կասկածի տակ էր ընկել հենց «Արաքս» թռչնաֆաբրիկան, որի պատճառով էլ Սննդամթերքի պետական տեսչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն կատարել հենց այնտեղ, սակայն ոչ մի ապացույց չի գտնվել: Երեւի ներկրածը վերջացել է»: Ըստ նրա` այդ ստուգումը մի լավ բան, այնուամենայնիվ, տվեց թռչնամսի շուկային. «Բոլոր արտադրողները ձգվել են եւ սկսել աշխատել եղած չափորոշիչներով»:
Խնդրի առնչությամբ փորձեցինք կապվել նաեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո քատուղար Բաբկեն Պիպոյանի հետ, ով նշեց, որ լիարժեք տեղեկություն չկա այն մասին, որ տեղական արտադրանքի անվան տակ վաճառվում է ներկրվածը: «Լաբորատոր փորձաքննությամբ հնարավոր լինում է պարզել` մսամթերքը, որը վաճառվում է, թարմ է, թե սառեցրած, հետ եկած: Իսկ արդյոք տեղական սառեցրած է, թե ներկրված սառեցրած, դա շատ բարդ լաբորատոր փորձաքննություն է պահանջում, իսկ այսօր Հայաստանում տեխնիկական հնարավորություն չկա»,-ասաց Բաբկեն Պիպոյանը` ավելացնելով, որ թեեւ տեխնիկա չունեն` խորը ուսումնասիրություն կատարելու համար, բայց ոսկրային տարբերություններ չեն գտնվել: «Իսկ սառեցրած հավերի մեջ մենք այս պահին չենք կարող տարբերակում դնել»,-«ավետեց» խոսնակը: Սա նշանակում է, որ ցանկացած ներկրող հանգիստ կարող է խաբել սպառողին, քանի որ ներկրված եւ տեղում արտադրված հավերի տարբերությունը ստուգելու համապատասխան տեխնիկաՀայաստանում չկա:
Սպառողներին խաբելու եւ սառեցրած միսը տեղական թարմ հավի փոխարեն վաճառելու ցավոտ հարցի պարզաբանման կապակցությամբ զրուցեցինք նաեւ «Արաքս» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանի` Վալենսիայի Խաչիկի հետ, ով աչքի ընկավ իր կոպիտ ու ոչ քաղաքակիրթ վերաբերմունքով: «Մենք պարապ նստած չենք, որ ձեր հարցերին պատասխանենք կամ խնդիրներին ինչ-որ լուծում տանք: Ես հարցեր չեմ տալիս եւ հարցերին էլ չեմ պատասխանում»,-ասաց «սպառողներին մոլորեցնող» գործարարն ու անջատեց հեռախոսը:
Ամեն դեպքում, տեղեկությունը եւս մեկ անգամ ստուգելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Արման Մարտիկյանին: Բնականաբար, վերջինս հերքեց` ասելով. «Մենակ դուք չունեք նման տեղեկություն, էնքան մարդիկ են դրա մասին խոսում: Ձեր` ԶԼՄ-ների արած շուխուրն է»: Հարցին, թե թռչնարտադրությամբ զբաղվող «Արաքս»-ն ինչու է թռչնամիս ներկրում արտերկրից, եւ դա տարեկան ինչ քանակություն է կազմում, Մարտիկյանը պատասխանեց. «Այո՛, մենք նույնպես հավ ներմուծում ենք` 600-650 տոննա, բայց օգտագործում ենք կիսաֆաբրիկատների` հավի կճողակների, նրբերշիկների եւ այլ տեսակների համար որպես հումք»: Նրա խոսքերով` իրենց արտադրած քանակը չի բավականացնում տեղական շուկային:
Այսպիսով` տեղական արտադրության հավ գնելուց առաջ սպառողը պետք է մի լավ մտածի` արժե՞ տեղականի անվան տակ ներկրված, անհայտ ծագում ունեցող միս գնել:
«ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՆ ԽԱԲՈ՞ՒՄ Է ՍՊԱՌՈՂԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ