ՙՙՙ«Իմ դպրոցը եղել է մայր բնությունը». այսօր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1905թ. օգոստոսի 8-ին (հուլիսի 26), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում) է ծնվել հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանը։

Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915-ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

– Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։

1941-ին վ» Անանյանը մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ., վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ. Երևանում։

2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Վախթանգ Անանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վ. Անանյանը, հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծել է հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927-ին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։

1934-ին հրատարակվել է «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։

1947-66-ին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն – մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.

– Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։

Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։

Մեջբերումներ Անանյանի մասին

Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։

Պարույր Սևակ

Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։

Սերո Խանզադյան

Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։

Հարի Ազեմիս (գերմանացի գրող)

 




Լրահոս