Երեկ Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է Ադրբեջանի կողմից:
Armlur.am-ի հետ զրույցում Հայաստանի` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնեց, որ այս պահին պարզվում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունների արժանահավատ լինել-չլինելու հարցը:
Ինչևէ, ադրբեջանական մամուլը երբևէ առիթը բաց չի թողնում փաստերը խեղաթյուրելու և իրեն հարմար ձևով հանրությանը հրամցնելու համար: Երեկ շարքային քաղաքացու գերեվարման դեպքը ևս նույն նպատակին էր ծառայում:
Այն, որ օրեր շարունակ Ադրբեջանը փորձում էր համոզել, թե Քարվաճառում հայտնված ադրբեջանցիները դիվերսանտներ չեն և զինված ուժերի հետ առհասարակ առնչություն չունեն, ադրբեջանական իշխանությանը հարիր մոտեցում է:
Սակայն երբ Հայաստանի քաղաքացին, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, հայտնվում է հակառակորդի սահմանում, մեկնարկում է ադրբեջանական կողմի շոուն:
Այսպես, գերեվարված Կարեն Պետրոսյանին հագցնում են զինվորականի զգեստներ, ներկայացնում իբր Կարենի հեռախոսով արված զենք-զինամթերքի լուսանկարներ, և Չինարի գյուղի բնակիչը վերածվում է դիվերսանտի:
Armlur.am-ի հետ զրույցում Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը, վստահեցրեց, որ իր որդին անգամ հայերեն գրել-կարդալ չգիտի, ստացել է 5-ամյա կրթություն, և որ նրա ձեռքի հեռախոսը նկարահանելու հնարավորություններ չուներ ու անսարք վիճակում էր:
«Հիվանդ էրեխա է, անգրագետ, միամիտ, անունն էլ գրել չգիտի: Էշը վեկալել ա, գնացել, որ երկու ցախ կտրի բերի, անտերները տարել են: Դրանք սուտի պանիկա են անում, տապոռը ձեռին ուզել ա ցախ կտրի, հետևից բռնել են, տարել, թե չէ հայերեն խոսալ չի գիդում, ռուսերեն ո՞նց պտի խոսար: Նա կարա՞ր ասեր՝ պապիրոս տու կամ չայ տու: Սուտ են ասում»,- վրդովված ասաց գերու հայրը:
Վերջինս հստակ չկարողացավ ասել` որդին այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ եղել է, թե՝ ոչ. միայն վստահեցրեց, որ իրենց համար անակնկալ էր, որ իր տկարամիտ որդուն հնարավոր է որպես դիվերսանտ ներկայացնել:
Արտուշ Պետրոսյանի փոխանցմամբ` Կարենը տան միակ աշխատող ուժն էր, և նա էր խնամում իրեն ու հիվանդ կնոջը:
Ինչևէ, հայկական սահմանում հայտնված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մասով դատաքննության նախաշեմին Ադրբեջանի վարած քաղաքականությունը պարզ ու հասկանալի է յուրաքանչյուրին:
Եթե օրեր շարունակ ԼՂՀ ՊԲ-ի կողմից վնասազերծված երեք դիվերսանտները հակառակորդի համար ընդամենը Վարդենիսի բնակիչներին էին, ապա Կարեն Պետրոսյանի` իրենց սահմանում հայտնվելու պահից սկսած` նրանք դարձան դիվերսանտներ: Շարունակությունն արդեն հասկանալի է. ի հայտ կգան փոխանակման շուրջ բանակցություններ:
Ի դեպ, ընդամենը երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զավեշտալի հայտարարություն հնչեցրեց: Նրա երևակայության համաձայն` միայն Բաքվի կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ է տարածաշրջանում կայունություն ապահովվում:
Եթե նախագահ Ալիևի համար տարածաշրջանային կայունությունն այն է, ինչ կատարվում է հիմա, սարսափելի է պատկերացնել` որն է անկայունությունը:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ներքոհիշյալ տեսանյութից երևում է` իբր Կարեն Պետրոսյանն իրենց հայտնում է, որ իր հետ կար ևս 3 դիվերսանտ: Սակայն Armlur.am-ին գերու հայրը հայտնեց, որ որդին ընկերներ չուներ, չշփվող էր, և ևս մեկ անգամ կրկնեց, որ Կարենն անգամ ռուսերեն «այո»-ն ու «ոչ»-ը չգիտի:
Նշենք, որ ադրբեջանցի դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր տեսանյութ, որից երևում էր, թե նրանք ինչպես են ապրում Հայաստանում, ինչ զենքեր ունեն, և ինչեր են հասցրել տեսնել ու շորթել: Իսկ Կարեն Պետրոսյանի դեպքում` Ադրբեջանին դեռևս չի հաջողվել ապացուցել, որ զենքերով լուսանկարները նրա կողմից են արվել, և նա գաղտնի մտել է իրենց սահման:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է` ինչ գերու կարգավիճակում է շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ում ևս հակառակորդը նստեցրել էր տեսախցիկի առաջ, տալիս էր հարցեր ու ստանում պատասխաններ, որոնք լսելի չէին: Իսկ թարգմանությունը, միանշանակ, արժանահավատ լինել չի կարող:
Տաթև Հարությունյան