Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջազգային մակարդակով արտակարգ միջոցներ ձեռնարկել Արևմտյան Աֆրիկայում Էբոլի վիրուսի բռնկումների հետ կապված. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այդ երկրներն ի վիճակի չեն ինքնուրույն պայքարել համաճարակի դեմ՝ դրա ծավալների և բարդության պատճառով: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը սատար կանգնել այդ երկրներին, և որքան հնարավոր է շուտ», – հայտարարել է ԱՀԿ ղեկավար Մարգարետ Չանը:
Կազմակերպությունը հայտարարել է, որ Էբոլի վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կգնահատի հատուկ փորձագիտական կոմիտեն:
Ներկայումս Էբոլի վիրուսի բռնկում է արձանագրվել Սիերա Լիոնեում, Լիբերիայում, Գվինեայում և Նիգերիայում: Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 1 700-ը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր armlur.am-ը, արդեն արձանագրվել է աֆրիկյան երկրներից ժամանած եվրոպացիների հիվանդացության մի քանի դեպք: