ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԹԱՌԱԾ ԲՈՒՆ

Սերժ Սարգսյանի իշխանությունն ամեն քայլափոխի ապացուցում է, թե ինքը որքան հեռու է քաղաքականությունից ու պետական մտածելակերպից: Բանն այն է, որ չնայած Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ օրեցօր խորացող լարվածությանը, անշեղորեն ԵՏՄ-ի ուղին բռնած ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել «եւ-եւ»-ի չհաջողված թեզը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե հնարավոր է ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների ու մեկուսացման պայմաններում Հայաստանի կառավարությունը վերսկսի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները, ասել է. «Եվրամիության հետ մեր վերջին այցելության ժամանակ Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, ընդ որում բոլոր գլխավոր տնօրինությունների հետ, որ մենք շարունակելու ենք խորացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ: Խնդիրը կայանում է ձեւաչափի ընտրության մեջ»: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, սեպտեմբերին Եվրամիության իրենց գործընկերների հետ կազմելու են համատեղ աշխատանքային խումբ, որը մշակելու եւ քննարկելու է առկա իրավիճակը: «Դրանից հետո կառաջարկեն որոշակի ձեւաչափեր, այդ ձեւաչափերն ընտրելուց հետո հոկտեմբերին նախատեսվում է Բրյուսելում անցկացնել համագործակցության կոմիտեի նիստ, եւ այդ համաձայնագրի շրջանակներում, մեր աշխատանքները շարունակելու ձեւաչափն ընտրելուց հետո, կշարունակենք մեր համագործակցությունը»,-ասել է նա:
Հրաշալի է, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդքան լավատես է: Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը վկայում է, որ նման լավատեսությունն ամենեւին էլ տեղին չէ, որքան էլ Սերժ Սարգսյանը շարունակի «եւ-եւ»-ի իր ուտոպիան:
Ինչպես հայտնի է, ուկրաինական ճգնաժամից հետո գնալով ավելի ու ավելի առարկայական է դառնում ԽՍՀՄ տարիներին եղած «սառը պատերազմի» վերսկսումը: Արեւմուտքը, հանձինս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, օրեցօր խստացնում են ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Երեկ էլ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է ՌԴ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Բնականաբար, ՌԴ-ն իր հերթին է հակազդում իր դեմ իրականացվող գործողություններին: ՌԴ-ն արդեն իսկ արգելել է եվրոպական մի շարք ապրանքատեսակների ներկրումը, ավելին` երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե ՌԴ-ն դադարեցնում է իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերը դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը միջոցներ է մշակում ռուսական օդային տարածքով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ արեւմտյան ավիաընկերությունների թռիչքների արգելման ուղղությամբ:
Ակնհայտ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, եւ ստեղծված իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվելու: Թե, ի վերջո, ինչի կհանգեցնի Արեւմուտք-ՌԴ դիմակայությունը, դժվար է ասել: Սակայն այստեղ հատկանշական է Հայաստանի պարագան:
Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ընդ որում, այդ գործընթացն արդեն միս ու արյուն է ստանում. ՌԴ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը: «Հիշյալ պայմանագիրը ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների շուրջ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները սահմանող հիմնարար փաստաթուղթ է»,-ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ: Ասել է թե՝ ուկրաինական ճգնաժամի հետեւանքով անկյուն մղված ՌԴ-ն հիմա փորձելու է ամեն գնով կայացնել ու ընդլայնել ԵՏՄ-ն` աշխարհին ցույց տալու, թե ինքը թելադրող գործոն է: Ու հիմա եթե ի վերջո իրականություն դառնա Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցումը, ապա ինքնըստինքյան, ՀՀ-ն եւս ենթարկվելու է ՌԴ սահմանած խաղի կանոններին: Այսինքն` այսպիսով մեծ հարցականի տակ է դրվելու ԵՄ-ի հետ ՀՀ հետագա համագործակցության խորացումը, քանի որ Հայաստանն անդամակցելու է տնտեսական մի միավորման, որտեղ հիմնական թելադրող երկիրը խզում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը: Դժվար չէ կռահել, որ միջազգային կառույցներում իր դիրքորոշումն ու քվեարկությունները բացառապես ՌԴ քիմքին համապատասխանեցնող Հայաստանն ինչպես է իրեն պահելու նաեւ այս հարցում, մանավանդ, Սերժ Սարգսյանի մոտ կարծես բավականին լավ է ստացվում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալը: Այս դեպքում ՀՀ-ի համար այլեւս մեծագույն խնդիր կլինի ԵՄ-ի հետ հետագա առեւտրաշրջանառությունը, տնտեսական հարաբերությունները, ներկրումն ու արտահանումը: Էլ չենք ասում այն մասին, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն անուղղակի կերպով կանդրադառնան առաջին հերթին Հայաստանի վրա, քանի որ ՀՀ տնտեսությունը, որ կախված է ՌԴ տնտեսությունից, բոլոր վայրիվերումներն ավելի խորը եւ ցավոտ կտանի:
Այսքանից հետո, բնականաբար, հարց է առաջանում` իսկ ո՞րն է ելքը: Չինական իմաստությունը նման դեպքերում ասում է` լավագույն գործունեությունը չգործելն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԳԱՀ ՂԵԿԱՎԱՐԸ
Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկու ղեկավար ունի. մեկը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է, մյուսը` Վահրամ Բաղդասարյանը: Բանն այն է, որ մինչեւ այսօր ԱԺ կայքում Գալուստ Սահակյանի կենսագրության մեջ նա ներկայացված է որպես խմբակցության ղեկավար: Ու սա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 7-ից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվել Վահրամ Բաղդասարյանը: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ նշանակվելուց հետո ԱԺ նիստերի ընդմիջումների ժամանակ շարունակում է ոչ թե խորհրդարանի ղեկավարի աշխատասենյակ գնալ, այլ ՀՀԿ խմբակցություն իջնել, ԱԺ կայքում ներկայացվածն արդար մոտեցում է:

 

ԱՐԻՉՈԿԸ
Ստեփանավանում «Արիչոկ» մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7 ամիս կալանավորված եւ իսկ ավելի ուշ ազատ արձակված 25-ամյա Արեն Հարությունյանի մորը` Սուսաննային նախօրեին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց, որ ազատ արձակելուց որոշ ժամանակ անց Արենին կրկին հրավիրել են ոստիկանություն, այս անգամ` բնակարանային գողության հետ կապված: Ոստիկանությունում Արենին ծեծի են ենթարկել, սակայն նրանից ցուցմունքներ կորզել չի հաջողվել: Այս դեպքից հետո հուլիսի 4-ին Արենն անհետացել է ու մինչ օրս հարազատները չեն կարողանում գտնել նրան: ՀՔԾ-ում ծնողները պնդել են, որ որդու անհետացումը կապված է նրա նկատմամբ ոստիկանների բռնությունների, ծեծի հետ: «Տղաս իր ընկերների շրջանում ասել է, թե ինքը գրող տղա չի եւ ոստիկանների դեմ չի գրի: Բայց ինձ ՀՔԾ-ում ասացին, որ այդ խոսքերն իրենց համար հիմք չեն, իրենք պետք է անձամբ լսեն իմ տղային, բայց նա անհետացած է: Մեզ տեղեկություններ են հասել, թե տղայիս վերջին անգամ տեսել են ինչ-որ սաունայում: Չգիտենք, թե ինչ կլինի այս ամենի վերջը, արդեն անցել է մեկ ամիս, իսկ որդիս չկա ու չկա»,-ասաց տիկին Սուսաննան:

 

ԲԱՅՑ ԿԿԱՌՈՒՑԵ՞Ն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային եւ հյուսիսային շրջանները: Ամենայն հավանականությամբ, սա գումարներ լվանալու նոր հնարավորություն է: Ի վերջո, կառավարության համար վաղուց արդեն կենսակերպ է ուսումնասիրությունների կամ դասախոսությունների համար գումար տրամադրելը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին եւ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը :

 

ԲԱԽՏԱԿԻՑՆԵՐՈՎ
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջեւ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին եւ դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում հանդիպում անցկացնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:
«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը: Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11.26-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արդաբիլ քաղաքից 42 կմ արեւելք, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԹՈՆՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՎ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում օգոստոսի 10-ին տեղի է ունենալու «Թոնրի» փառատոն: Այս տոնն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Նշենք, որ փառատոնի ժամանակ թոնիրներում պատրաստվում են ավանդական եւ ժամանակակից բաղադրատոմսերով ուտեստներ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, թոնրի տոն կազմակերպելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ 2011թ. աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաշիկա ուտեստը, որը հայկական հայտնի հարիսայի տարբերակներից մեկն է, ներառել է Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

 




Լրահոս