Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի պաշտպանի` Ռոբերտ Ռևազյանի բողոքի քննությունն` ընդդեմ Գլխավոր դատախազության կայացրած որոշման:
Տեղեկացնենք, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 01.12.1995 թ. դատավճռով Սողոմոն Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով, 232-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել մահապատժի:
Ավելի ուշ` 2003 թվականին, Սողոմոն Քոչարյանին ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Սողոմոն Քոչարյանը ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 01.12.1995 թ դատավճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գորիս-Կապան ավտոմայրուղում ԻԻՀ քաղաքացի Իրաջ Փուր Միրզա Բեկի նկատմամբ ավազակություն կատարելու և նրան սպանելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու համար:
2014 թ. մայիսի 19-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահի կողմից ՀՀ Գլխավոր դատախազին է հասցեագրվել հաղորդում, որում վկայակոչել է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն Արտավազդ Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պայմանավորած է Հայաստանում Իրանի դեսպանի պահանջով:
Վերոգրյալի հիման վրա` հաղորդման մեջ խնդրվել է հարուցել նոր երևան եկած հանգամանքով դատավճռի վերանայման վարույթ: Մայիսի 31-ին գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին:
Պաշտպան Ռևազյանի բողոքի բովանդակության հիման վրա` գործով մեղադրողի հայտարարությունը ոչ թե անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին է, ինչպես մեղմորեն ներկայացրել է դատախազությունը, այլ ավելին` հայտարարություն է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասին:
Ավելին` նա նշել է, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել, իսկ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության կողմից:
Պաշտպանը խնդրում է վերացնել ՀՀ գլխավոր դատախազության 2014 թ. մայիսի 31-ի որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:
Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է: Որոշումը կհրապարակվի ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ Սողոմոն Քոչարյանի միակ դուստրը` Սյուզին, մարտի 1-ին 19 տարեկան հասակում ինքնասպանություն էր գործել: Armlur.am-ի հետ զրուցում Սողոմոնի մայրը` Զինո Քոչարյանը, հայտնեց, որ աղջկա` այդ քայլին գնալու պատճառը պարբերաբար հնչող սուտն էր, թե հորը շուտով բաց կթողնեն:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: