ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՈՒ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳԱԶԸ

Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Պարզվում է` Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն ՌԴ-ից ու Իրանից, այլեւ Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ընդ որում, միջինասիական երկրներից, մասնավորապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են:

ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ, օրինակ, Ղազախստանից Հայաստանը 2011թ.-ից սկսել է գազ ներկրել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011թ. ներկրվել է 163 տոննա գազ` 104 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Սակայն հետագայում Ղազախստանից ներկրվող գազի ծավալները նվազել են. 2012թ. ՀՀ է բերվել 117.5 տոննա գազ` 82.5 հազար դոլար, իսկ 2013թ.` 19.2 տոննա` 14.5 հազար դոլար արժեքով: Հայաստանը գազ է ներկրել նաեւ Թուրքմենստանից. 2010թ. ներկրվել է 352.8 տոննա, 2011թ.` 443.5 տոննա, 2012թ.` 799.6 տոննա, իսկ արդեն 2013թ.` 1102.7 տոննա գազ: Սովորական թվաբանական հաշվարկից պարզ է դառնում, որ Թուրքմենստանից գազը ներկրվել է 1 տոննան 1800-1900 դոլար արժողությամբ:
Շատ ավելի մեծ են գազի ներկրման ծավալները Իրանից ու ՌԴ-ից: Ըստ հայաստանյան պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից 2012թ. ներկրել է 491 հազար 257.3 խմ, 2013-ին` 408 հազար 252.6 խմ գազ: Սակայն Իրանից Հայաստանը գազ ներկրում է էլեկտրաէներգիայի դիմաց. այսինքն` բերված գազը ծախսվում է Իրան մատակարարվող էլեկտրաէներգիա արտադրելու վրա: Իսկ ՌԴ-ից ՀՀ-ն 2012թ. ներկրել է 1 մլն 910 հազար 919 խմ, 2013-ին` 1 մլն 925 հազար 196 խմ գազ:
Նկատենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստում իշխող մեծամասնությունը կասկածելի քվեարկության արդյունքում հաստատեց գազային սկանդալային համաձայնագրերը: Դրանց համաձայն` Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2043թ. պարտադրված է գազը գնել «Գազպրոմ»-ից եւ առանց վերջինիս թույլատրության իրավունք չունի որեւէ այլ երկրի որեւէ այլ էներգակիրով գազ ներկրել, մանավանդ որ սահմանից Հայաստանում գազի տարածումը հենց «Գազպրոմ»-ն է իրականացնում: Ու հիմա հետաքրքիր է. Թուրքմենստանից ու Ղազախստանից ի՞նչ գազ է ներկրվում, ո՞ւր է այն գնում կամ ի՞նչ նպատակներով է օգտագործվում: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ՀՀ ՊԵԿ-ից ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, սակայն մեր ուղարկած հարցումները մնացին անպատասխան: Իսկ մասնավոր զրույցներում ՀՀ էներգետիկայի նախարարության մասնագետներն իրենք էլ զարմացան` իմանալով, որ Թուրքմենստանից կամ Ղազախստանից ՀՀ-ն գազ է ներկրում:
Մինչ այդ, նկատենք, որ Ղազախստանից ներկրվող գազի վերաբերյալ դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ այդտեղ լուրջ չարաշահումներ են տեղի ունեցել: «Մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում: Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի` այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար: Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը: Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն, դա չենք կարող պնդել»,-ասել էր Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, իշխանություններն այդպես էլ որեւէ հիմնավոր փաստարկով չէին հերքել այս հայտարարությունը:
Ինչ վերաբերում է Թուրքմենական գազին, ապա այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 1993թ. օգոստոսի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն Աշխաբադ կատարած այցի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Ս.Նիյազովի հետ համաձայնագիր էր ստորագրել, համաձայն որի` Թուրքմենստանը ոչ միայն կշարունակի գազի առաքումը ՀՀ, այլեւ ավելի կմեծացնի չափաքանակները: Սա` 1993 թվականին: Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է` Հայաստանում ռուսական «Գազպրոմ»-ը մենաշնորհային դիրք ունի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

Երեկ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները տեղի են ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության սենյակում: Երեկվա դրությամբ վերջնական որոշում չէր կայացվել: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վերջինս հայտարարել է, որ յուրաքանչյուր խմբակցություն այդ հարցը պետք է քննարկի իր կուսակցության քաղխորհրդում. «Խորհրդարանական չորս խմբակցություններից յուրաքանչյուրն իր նախագիծն է ներկայացրել, իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: Սակայն բոլոր չորս նախագծերն էլ չէին կարող այսօր քննարկվել, եւ առաջիկայում կայանալիք հանդիպմանը այդ հարցով վերջնական որոշում կկայացվի»: Ա. Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին:

 

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից կառուցվելիք երրորդ պոչամբարի շուրջ դեռ շարունակվում են խոսակցությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ երրորդ պոչամբար կառուցելու նպատակով Երեւանում տեղի են ունեցել հանրային քննարկումներ: Հիշեցնենք, որ նախօրեին Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ պոչամբար կառուցելու համար թույլտվություն չի տալու այնքան ժամանակ, մինչեւ համապատասխան մասնագիտական եզրակացությունը չտեսնի: Մելիք գյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան: Ինչի համար էլ բնակիչները մտահոգված են ու անհանգստացած երրորդ պոչամբարի կառուցման պատճառով: «Մարդիկ անհանգստացած են ու շարունակելու են պայքարել, որպեսզի համայնքում երրորդ պոչամբար չկառուցվի: Մինչեւ մասնագիտական եզրակացությունը չտեսնենք, ոչ մի թույլտվություն էլ չենք տալու»,-հայտարարեց համայնքապետը: Իսկ «Մեգո-Գոլդ»-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ հանրային քննարկումները կլինեն առաջիկայում, սակայն չմանրամասնեց՝ Մելիք գյուղում, թե Երեւանում:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՆՊԱՏԱԿԸ ՄԱՀ-Ի ՓՈՂԵՐՆ ԵՆ

«Ես կառաջարկեի, որ նախագահն այսօր ուղիղ բանակցեր բողոքող երիտասարդների հետ, որովհետեւ դա ցույց կտար՝ նա իրո՞ք անհանգստացած է մեր քաղաքացիների ապագայով, թե՞ ոչ: Իսկ եթե չորով անցկացնելու է այս օրենքը, ուրեմն իր նպատակը միջազգային արժութային համակարգի փողերն է»,-անդրադառնալով կենսաթոշակային 5 տոկոս պահումների դեմ բողոքներին` երեկ ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Իսկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նկատել է, թե Սերժ Սարգսյանը կանխավ ամեն ինչ հաշվարկել է. «Մինչ այս որոշումն ընդունվելը, այն մի լավ վերլուծության է ենթարկվել, կանխատեսել են, որ մի քանի հազար մարդ ցրտին դուրս կգա փողոց, մի քիչ կբողոքեն ու կգնան տուն: Ցավոք, մեր ժողովրդին սրան են սովորեցրել»:

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Հաղորդավար Համլետ Ղուշչյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: NEWS.am-ի հաղորդմամբ` Ղուշչյանի մոտ քրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ շաքարային դիաբետ, շողացող առիթմիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում կա:

 

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Երեկ՝ երեկոյան, ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: «Զարմանալի կլիներ, եթե մեր երիտասարդները համապատասխան ձեւով չարձագանքեին նման վիրավորական ձեւակերպումներին, որոնք տարածում եւ հնչեցնում էին այդ երիտասարդները թռուցիկներ բաժանելիս: Իսկ եթե եղել է որոշակի օրենքի խախտում, դա իրավապահ մարմինների գործն է,-կատարվածի կապակցությամբ Aravot.am-ին ասել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը` նաեւ սպառնալով,-այսուհետ ցանկացած նմանատիպ դրսեւորում իր պատասխանը ստանալու է: Այսօր այդ պատասխանը ստացվել է այդ փողոցում պատահական հայտնված մեր կազմակերպության անդամների կողմից, վաղը, եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք ոչ թե այն երիտասարդներին, ովքեր միամտաբար հայտնվել են այդ իրավիճակում, այլ իրական կազմակերպիչներին, ովքեր թաքնվել են այս երիտասարդների հետեւում»:




Լրահոս