Գ. Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական կյանքին, երկու երկրների տարբեր ոլորտներում առկա գործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

ԲՀԿ նախագահը և դեսպանը երկու երկրների միջև անմիջական շփումները բարեկամական հարաբերությունների զարգացման լավագույն հիմք են դիտարկում՝ ուշադրության առանցքում ունենալով համագործակցության տարբեր ոլորտներ տարբեր մակարդակներով՝ բարեկամության խմբերի գործունեությունից մինչև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացում:

«Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են՝ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ թեև Հունաստանի հետ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն եղածով բավարարվել պետք չէ:

Քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ. բոլոր ոլորտներում ԲՀԿ նախագահը տեսնում է համագործակցության լայն դաշտ՝ պատրաստ օգտակար ու աջակից լինել կապերի հետագա խորացմանը: ԲՀԿ-ն այսօր համագործակցում է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ: Դրանց մեջ առանձնանում է նաև Եվրոպական Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին անդամակցությունը:

Իր հերթին Իոաննիս Տայիսը, ով շուրջ երկու տարի դիվանագիտական առաքելություն է իրականացնում մեր երկրում, ի դեմս Հայաստանի ու Գագիկ Ծառուկյանի տեսնում է բարեկամ երկրի ու վստահելի գործընկերոջ:

«Առաջին հերթին շնորհակալ եմ հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Ուրախ եմ այստեղ լինելու և Ձեզ հյուրընկալվելու համար, պարո՛ն Ծառուկյան: Կան բոլոր հիմքերը, որպեսզի զարգացնենք երկու երկրների միջև հարաբերությունները: Կարևոր է, որ ցանկացած հարցի շուրջ կարող ենք երկխոսել, մատնանշել համագործակցության նոր հորիզոններ:Ցանկալի է, որ երկու երկրների միջև հաստատվի համագործակցության միևնույն մակարդակը: Պարո՛ն Ծառուկյան, այս հարցում շատ կարևորում եմ Ձեր հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով ժողովրդի այն վստահությունը, որ կա Ձեր կուսակցության և անձամբ Ձեր հանդեպ»,-իր խոսքում, մասնավորապես, նշեց դեսպան Իոաննիս Տայիսը:

Քննարկվեցին նաև ներքաղաքական զարգացումները, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումն ու մոտեցումները՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ կուսակցությունն ու նրա ղեկավարը հավատարիմ են որդեգրած սկզբունքներին: ԲՀԿ նախագահը կարևորեց նաև քառյակի ձևաչափում քաղաքական այլ ուժերի հետ սերտ համագործակցությունը: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տարիների ընթացքում ձեռք բերած վստահությունը մնում է այն ուղենիշը, որից երբեք չի շեղվելու և դավաճանելու:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ հարկ եղած դեպքում պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել երկու երկրների միջև առկա համագործակցության խորացմանը:

«Ցանկացած համագործակցություն ցանկացած երկրի հետ հիմնված է լինելու փոխադարձ վստահության վրա՝ ուղղված մեր ժողովուրդների բարօրությանն ու բարգավաճմանը», – ամփոփեց ԲՀԿ նախագահը:




Լրահոս