ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

2013 թվականին ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք հայտնի ընկերությունների՝ «Ալեքս գրիգ», «ՍԱՍ» գրուպ, «Վաղարշ եւ որդիներ», խոշոր չափերի տուգանքների ենթարկեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նախարարությունն էլ իր հերթին է տուգանվել:

Նախ հիշեցնենք, որ 2013թ. նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 900 հազ. դրամ տուգանք էր նշանակել «Ալեքս գրիգ»-ին եւ 800 հազ. դրամ էլ՝ «ՍԱՍ» գրուպին: Պատճառն այն էր, որ այդ ընկերություններին պատկանող սուպերմարկետներում խաղալիքները, լվացող, մաքրող միջոցները, էլեկտրական մի քանի տեսակի սարքավորոմները վաճառվում էին առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման: Ընդհանուր առմամբ, շուկայի վերահսկողության տեսչությունը 2013թ. հունվար-փետրվարին ստուգել էր 30 ընկերությունների, իսկ տուգանք նշանակվել էր 15-ի նկատմամբ՝ ընդհանուր հաշվով 3,1 մլն դրամի չափով: Նկատենք, որ այս ընկերությունները գերադասեցին անաղմուկ վճարել եւ փակել թեման:
Իսկ ահա «Վաղարշ եւ որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցները դուրս էին եկել էկոնոմիկայի նախարարության դեմ՝ դժգոհելով, որ նախարարությունը հարգադրոշմի բացակայության, իսկ իրականում թերության համար տուգանելիս ազնիվ չի եղել: Եւ իրենք մեղավոր չեն:
Աշխատակիցների այս պնդման հավաստիությունը երեւաց նաեւ այս ամիս: Այլ գերատեսչություններում ու ընկերություններում ստուգումներ իրականացնող եւ տուգանքներ նշանակող էկոնոմիկայի նախարարությունն ինքն է այս օրերին խախտում կատարել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մասքային կետով էկոնոմիկայի նախարարության անունով ՀՀ է ներմուծել 3688 կգ քաշով խառը ապրանքներ, որի վերաբերյալ աշխատակազմի ղեկավար Տարասյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը պատկան մարմիններին: Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Վ. Թամրազյանը խախտում կատարելու վերաբերյալ նյութեր է նախապատրաստել եւ փետրվարի 12-ին որոշել է Էմիլ Տարասյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանելով 50.000 դրամի չափով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ սա նշված օրը արձանագրված միակ դեպքը չի եղել: Պարզվել է, որ Էմիլ Տարասյանը նույն մաքսային կետով նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է… 50.000 դրամի չափով:
«Ժողովուրդ»-ը փորձեց Էմիլ Տարասյանց պարզել, թե ինչ ապրանքներ է ներմուծել եւ ինչ դրդապատճառներով սահմանված ժամանակում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին: Պարզվեց, որ նա տեղյակ չէր, թե ինչ տուգանքի մասին է խոսքը, եւ, առհասարակ, ըստ նրա, նման բան չի էլ եղել. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին: Կրկնում եմ՝ առաջին անգամ եմ լսում, որ իմ անունով կամ նախարարության անունով ապրանք է եկել ու չի մաքսազերծվել, առավել եւս՝ խառը ապրանքներ: Եթե նման բան կար, ապա նախօրոք պետք է տեղեկացվեինք»:
Ավելին, Էմիլ Տարասյանը հետաքրքրվեց, թե մեզ հասած տեղեկություններով՝ որ մաքսային կետով է ինքն այդ ապրանքները ներմուծել Հայաստան: «Ժողովուրդ»-ը լուսավորեց նրան՝ տեղեկացնելով, որ իր անունից Բագրատաշենի մաքսային կետով են ապրանքները մտել մեր երկիր: Սակայն Տարասյանն էլի անդրդվելի մնաց ու պնդեց, թե, միեւնույն է, առաջին անգամ է լսում:
Նկատենք, որ Էմիլ Տարասյանը տուգանվել է փետրվարի 12-ին:
Ուշագրավն այն է, որ ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակված տուգանքների ահռելի չափերի՝ ՊԵԿ-ն առավել «բարի» է գտնվել եւ երկու դեպքում էլ սահմանափակվել է նախարարության աշխատակցին 50.000 դրամի չափով տուգանք նշանակելով:
Հ.Գ. Լուսանկարներում ներկայացված են Էմիլ Տարասյանի անունով գրված տուգանքների պատճենները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին Էջմիածնի հիվանդանոցում հիվանդությունից մահացած Էդիկ Շահնազարյանի գործով զորամասի բուժկետի պետը ազատվել է պաշտոնից, իսկ բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, ինչպես նաեւ հայտարարվել են մի շարք նկատողություններ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդիկի հարազատներից Արման Ամիրխանյանն ասաց, որ նրանց հարազատները տեղյակ չեն, թե ով է ազատվել պաշտոնից, եւ, առհասարակ, դա չի էլ հետաքրքրում. «Կարող էին այնպես անել, որ երեխային փրկեին, բայց չեն արել, իսկ հիմա էլ նրանց ոչինչ չի հետաքրքրում, թե ինչ կանեն»: Հիշեցնենք, որ զինվորի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում էլ պարզ կլինի զինվորի մահվան պատճառը:

 

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՎԻՃԵԼ ԵՆ

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը` Արտյոմը, դանակահարել է Գյումրու Սարգսյան փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Տիգրանյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արտյոմը Գյումրու քաղաքապետարանում պահակ է աշխատել, սակայն փետրվարի 7-ին նրան հեռացրել են աշխատանքից: Պարզեցինք նաեւ, որ Արտյոմն ու Արմենը բարեկամներ են:
Նշենք, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արմեն Տիգրանյանը Գյումրու թաղային հեղինակություններից մեկի` Սուրոյի շնապանն է, որն էլ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մտերիմ ընկերն է: Լուրեր են պտտվում, որ բարեկամներ Արմենն ու Արտյոմը վիճել են Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի հարցով: Արտյոմը՝ որպես Բալասանյանի աշխատակից, պաշտպանել է գործող քաղաքապետին, իսկ Արմենը՝ իր շնապանի հարազատ ընկերոջ ընտանիքին:

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է

Արդեն 7-րդ օրն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանը հացադուլի մեջ է: Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ փորձել է համոզել Հարությունին, սակայն ապարդյուն: Մեզ հասած տեղեկություններով՝ երկու օր առաջ Հարությունին են այցելել նաեւ նրա հարազատները՝ մայրը, հայրը` Անիի նախկին ոստիկանապետը, եւ քույրը: Նրանք եւս փորձել են համոզել, որ Հարությունը դադարեցնի, սակայն երիտասարդը չի համաձայնել եւ շարունակում է հացադուլը:

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

 

«ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին կնքել է կոալիցիոն պայմանագիր մինչեւ 2017-ը, եւ որպես սկզբունքային քաղաքական ուժ՝ հավատարիմ է մնալու իր սկզբունքներին»:

Հեղինե Բիշարյան «Առավոտ»
Սկզբունքներին հավատարիմ մնալու համար նախ պետք է այդ սկզբունքներից գոնե մի քիչ ունենալ: ՕԵԿ-ի դեպքում տարիներ շարունակ ականատես ենք եղել մի սկզբունքի՝ իշխանության անբաժան կցորդը լինելու: Եվ այդ սկզբունքին ՕԵԿ-ի հավատարմությունը նույնիսկ կասկած չի հարուցում, համենայնդեպս, դա իրենց իսկ ցանկությունն է, որը կար նաեւ Ռ. Քոչարյանի օրոք, պարզապես հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին, կուսակցության առաջնորդը ստիպված հրաժեշտ տվեց ԱԺ նախագահի աթոռին եւ դարձավ ժամանակավոր «ընդդիմություն»: Իսկ վերջին «սկզբունքայնության» արդյունքը տեսանք 2008-ին:

 
«Ժամն է փետրվարյան 18-ից անցնել ապագա կերտելու նուրբ գործին… այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է այս չընտրված իշխանության հեռացումը: Կեղծիքի ոտքերը կարճ են, ոչ ոք իրավունք չունի մեր հաղթանակը մեր ձեռքից խլել»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Գալա»
Կարծես թե մեկ տարի առաջ էլ ընտրված, բայց իր ձայներին տեր չկանգնած «Ժառանգության» առաջնորդը արդեն անցել էր ապագան կերտելու նուրբ գործին, որը հենց այդպես նրբորեն էլ ավարտվեց՝ ոստիկանապետի հետ համատեղ աղոթքով, ինչից հետո մոռացվեց, որ հաղթանակն իր ձեռքից խլել են, որ պետք է «բադասխան» տան, որ օդ ու ջրի նման անհրաժեշտ է այս չընտրված իշխանության հեռացումը: Հիմա Ր. Հովհաննիսյանը մեկ տարի ընդմիջումից հետո ցանկանում է կրկի՞ն վերսկսել եւ կրկի՞ն ավարտել ինչ-որ պաշտոնյայի հետ համատեղ աղոթքով: Հետաքրքիր է, նրա կարծիքով այս անգամ քանի՞ մարդ կգնա իր հետեւից:

 

 

«Մենակ դուքեք ինձ կալվածատեր համարում, ես ընդհանրապես մի թիզ հող էլ չունեմ»:

Կովալենկո Շահգալդյան «Նյուզ»
Կոտայքի մարզպետը, իհարկե, իրավացի է, նա մի թիզ հող չունի, այլ շատ ավելի: Իսկ թե իրականում քանի թիզ, այլեւս իմաստ էլ չկա գրելու, քանի որ եթե հիշենք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ժողովուրդ»-ի բոլոր հրապարակումները Շահգալդյանի ունեցվածքի մասին եւ թվարկենք նրա ամբողջ կարողությունները, այդ թվում հողերը՝ թիզերով, ապա պարզապես օրաթերթում այդքան տեղ չի լինի, իսկ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ մի ամբողջ համար հատկացնել ՀՀԿ-ական կալվածատեր մարզպետին, որը միշտ էլ աչքի է ընկել իշխող կուսակցությանը մատուցած իր ծառայություններով:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս