Երբ Մանուկ Վարդանյանն ՕԵԿ քվոտայով դարձավ տրանսպորտի եւ կապի նախարար, շատերը զարմացան, թե ինչ կապ ունի այդ մարդն ՕԵԿ-ի հետ: Բայց քանի որ խաղասեղանին նախարարության խնդիրն էր դրված, Մ. Վարդանյանը պատրաստ էր ցանկացած կուսակցության անդամ լինել, միայն թե ստանար նախարարի պորտֆելը: Իսկ հատկապես տրանսպորտի եւ կապի ոլորտը համարվում է ամենաշահութաբերներից մեկը, այստեղ են «լվացվում» շատ փողեր, շրջանառվում բազմաթիվ ֆինանսական միջոցներ, որոնց ծախսային նպատակահարմարությունը դժվար է ստուգել: Ի վերջո, այս նախարարն է համակարգում տարբեր օպերատորների գործունեությունը, որոնցից հատկապես «Բիլայն»-ն ու «ՎիվաՍել»-ը շատ վաղուց «հաշվել են» բաժանորդների ատամները…
Մ. Վարդանյանի անունը տեղ է գտել «Օրինաց երկրի» համամասնական ցուցակում: Ու եթե կուսակցությունը կարողանա հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը, ապա Վարդանյանը կհայտնվի խորհրդարանում, սակայն իշխանությունները որոշել են նրան նաեւ «խաղալիք դարձնել» եւ առաջադրել թիվ 25 ընտրատարածքում, ուր, բացի տրանսպորտի եւ կապի նախարարից, առաջադրվել են եւս չորս թեկնածու. Գալստյան Հովսեփ Խաչիկի` անկուսակցական, Հարությունյան Մուշեղ Ստյոպայի` անկուսակցական, Միքայելյան Սասուն Մեխակի` ՀԱԿ, Քոչարյան Դավիթ Ժորայի` ԲՀԿ: Այստեղ մրցակցությունն ընթանալու է ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀԱԿ թեկնածուների միջեւ, քանի որ մյուս 2-ը պարզապես «ձայն փախցնողներ» են:
Այս ընտրատարածքում ՕԵԿ-ը շատ քիչ նախընտրական կենտրոններ ունի, իսկ սա նշանակում է, որ նա իր հույսը դրել է ՀՀԿ-ի վրա, որն էլ պետք է փորձի ապահովել Մ. Վարդանյանի հաղթանակը: Եթե ՕԵԿ-ին հաջողվի խորհրդարան մտնել համամասնական ցուցակով, ապա Մանուկ Վարդանյանը կդառնա թիվ 25-ից ընտրված պատգամավոր` մի հավելյալ տեղ պարգեւելով «իր» կուսակցությանը: Իսկ եթե ՕԵԿ-ը դուրս մնա խորհրդարանից, ինչն այնքան էլ ողբերգություն չի համարվի հատկապես ՀՀԿ-ի համար, ապա Մ. Վարդանյանը անմիջապես կհամալրի ՀՀԿ շարքերը: Ի վերջո, նրա նման մարդկանց համար նշանակություն չունի, թե «ում սայլին են նստում եւ ում հորովելը կանչում»: Ի դեպ, որոշ ՕԵԿ-ականներ նույնպես այս կարծիքին են, մեզ հետ ունեցած զրույցներում նրանք կասկածներ հայտնեցին, թե Մանուկն «ուրիշի մարդն է»:
Ուրեմն այստեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել համամասնական ընտրակարգով ձայներ ապահովել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար, իսկ առայժմ ՕԵԿ թեկնածու համարվող Վարդանյան Մանուկին էլ դարձնել պատգամավոր:
Չգիտենք` Արթուր Բաղդասարյանը տվել է իր համաձայնությունը նման սցենարին, թե ոչ, սակայն համոզված ենք, որ նա նույնպես մասնակից է դարձել մի մեծ դավադրության` ընդդեմ Սասուն Միքայելյանի: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ արդեն սկսել է «համակարգված» աշխատանքներ տանել` ձայներ ապահովելու ե՛ւ Հանրապետականի, ե՛ւ ԲՀԿ-ի համար: Նա արդեն գյուղապետերի մի քանի հավաքներ է կազմակերպել եւ հանձնարարականներ տվել: Գիտենք, որ Մ. Վարդանյանի համար հրապարակային քարոզչություն է սկսել իրականացնել նաեւ կադաստրի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Դերենիկ Գեւորգյանը: Տեղեկանալով այն մասին, որ Մ. Վարդանյանն առաջադրվում է որպես թեկնածու, կադաստրի պետն իր հայրենի Սոլակ գյուղում գտնվող առանձնատանը հյուրասիրության մեծ սեղան է բացել, անգամ մատաղ արել: Մ. Վարդանյանը սոլակցի չէ, նրա ծննդավայրը Գյումրին է: Սակայն ղեկավարելով կադաստրը` նա հասցրել է շատ ենթակաների հետ «մութ գործարքների» մեջ մտնել, որոնց մասին, բնականաբար, շատերը գիտեն: Եւ հիմա նրա նախկին ենթական սկսել է աջակցել իր շեֆին:
Ոմանք հարցնում են, թե Մ. Վարդանյանի ինչին է պետք պատգամավորական մանդատը, երբ նա նախարար է: Բայց Վարդանյանը շատ լավ գիտի, որ ընտրություններից հետո ինքն այլեւս նախարար չի լինելու, քանի որ Վերահսկիչ պալատը բազմաթիվ սկանդալային պատմություններ է բացահայտել, որոնք կյանքի են կոչվել Վարդանյանի եւ ՏԿ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի կողմից: Հիմա պարզ է դառնում նաեւ, թե ինչու էր Խուճուճն այդպես նպատակասլաց կերպով ցանկանում պատգամավոր դառնալ, որպեսզի անձեռնմխելիություն ձեռք բերեր… Թիվ 25 ընտրատարածքում Վարդանյանին սատարելու խոստում է տվել նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, ում Վարդանյանի շնորհիվ հաջողվեց մի շարք եկամտաբեր գործարքներ իրականացնել Երեւան-Գյումրի միկրոավտոբուսների մրցույթում: ՕԵԿ-ում անգամ խոսում էին, որ Վարդանյանը Կարամելի Հարութին որոշ տեղեկություններ է հաղորդում ՕԵԿ-ի մասին: Այսինքն` Ա. Բաղդասարյանի կուսակցությունում Վարդանյանը նաեւ «ժուչոկի» դեր է կատարում:
Ասում են` Վարդանյանին աջակցելու հարցում որոշակի խոստումներ է տվել նաեւ գեներալ Արշալույս Փայտյանը, քանի որ Վարդանյանն ամեն ինչ արեց, որպեսզի գեներալն իր եկամուտների ցանկում գրանցի նաեւ Երեւան-Վանաձոր գիծը: Ոմանք պնդում են, թե օրեր առաջ Մ. Վարդանյանը հանդիպել է «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ եւ նրան խնդրել նպաստել ընտրություններում իր հաղթանակին: Խոսվում է, որ Բաղդասարովը խոստացել է օգտագործել իր լծակները: Իսկ հարցին, թե ինչու պիտի Բաղդասարովը շահագրգռված լինի Վարդանյանին օգնելու հարցում, պատասխանել է հայրենի մամուլը դեռեւս փետրվար ամսին. «Այն տպավորությունն է ստացվում, թե Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ով այդ պաշտոնը ստացել է ՕԵԿ քվոտայով, բնավ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում «Արմավիա» ընկերությունում: Տեղյակ չէ, թե ինչպես են այստեղ ոտնահարվում ուղեւորների իրավունքները, թե ինչ խայտառակ սնունդ է մատուցվում ինքնաթիռներում` կասկածելի ծագումով, շատ վաղուց գործածությունից հանված եւ հնացած: Ի պատասխան պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը, թե չի նախատեսվում նոր ավիաընկերության մուտք Հայաստան` նախարարը լռել է: Սա նշանակում է, որ Միխայիլ Բաղդասարովի մենաշնորհը պահելու խնդրում շահագրգռված են շատ զորավոր ուժեր, իսկ նախարարն էլ բավարարվում է` լռելով կամ էլ անտարբերության մատնելով «Արմավիա»-ի հասցեին հնչող քննադատությունը: Լռությունը ոսկի արժե: Այս դեպքում` ուղղակի եւ անուղղակի իմաստով»…
ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` ՕԵԿ-Ի «ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ