Որ դեպքում քաղաքացին տուգանքի մասին պատշաճ ծանուցված կհամարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը կշարունակի իր աշխատանքը: Խորհրդարանում կկազմակերպվի երեկ՝   պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունը: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ որոշվել է երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել 24 ժամվա ընթացքում:

Նշենք, որ նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին տուգանքի մասին որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ ստանա ծանուցագիրը՝  ստանալու մասին ստորագրությամբ: Նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին:

Պետք է արձանագրել, որ սա այն քիչ դեպքերից է, երբ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դրական են արտահայտվում քննարկվելիք նախագծի վերաբերյալ: Օրինագծի ընդունման վերաբերյալ իրենց տեսակետներ էր արտահայտել ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով կարևորեց վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերին համալիր լուծում տալը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս կարեւորեց օրինագիծը, քանի որ այն վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Նա անդրադարձավ նաեւ ինտերնետային ծանուցման ընթացքում ծագած խնդիրներին: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը դրական գնահատեց օրենսդրական նախաձեռնությունը և հայտարարեց, որ կողմ է քվեարկելու: Նրա խոսքով՝ չնայած ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց այս օրինագծով որոշ լուծումներ տրվում են:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ օրենսդրական նախաձեռնության վիճահարույց կետերին և հեղինակին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցում կատարելագործել նախագծով առաջարկվող դրույթները:

Օրենքի նախագծի առաջարկվող փոփոխությունը դրական եզրակացություն է ստացել կառավարության կողմից, և վերջինիս տեսակետը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Նա անդրադարձավ պատգամավորների ելույթների ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկների հիման վրա օրինագիծը կատարելագործելու պատրաստակամություն հայտնեցին:




Լրահոս