ՀԱՐԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հողերի խոշորացման կառավարական մտադրությունը անհանգստացրել է հատկապես գյուղացիներին, որոնք պետական մատյաններում ավելի հնչեղ անվանում ունեն` գյուղացիական տնտեսություններ:Ով հող ունի, երազում է վաճառել, ով վաճառել է` գնել: Թվում է` Երեւանի ու մյուս քաղաքների հաշվին կապիտալի նախասկզբնական կուտակումից հետո հարուստներն իրենց աչքը գցել են մարզերի հողերին` մտադրություն ունենալով լումաներով կապիտալ գնել: Գնել, չմշակել ու ժառանգություն թողնել սերունդներին: Մինչեւ քառասուն պորտ: Ընդ որում, ոչ միայն չմշակել, այլեւ անգամ հարկերը չմուծել: Օրեր առաջ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մի տվյալ ասաց, թե հողի հարկերի 7,7 տոկոսը չի հավաքագրվել: Լրագրողներն էլ ենթադրեցին, որ չվճարողները խոշոր հողատերերն են: Թեեւ փոխնախարարն իրեն ապահովագրեց, ասելով, թե ինքը միայն տվյալներ է հրապարակում, ոչ թե անուններ, բայց այդ կասկածը մնաց:  Հիշենք, որ Հայաստանում հողերի սեփականաշնորհումն արվեց բլից ու հախուռն կարգով, եւ պետական  նորընծա այրերն անգամ տարակույս չունեցան` անել, թե չանել: Քչերը գիտեն, որ մեծ եղբայր Ռուսիայում մինչեւ օրս հողի սեփականաշնորհում չի արվել: Ենթադրում ենք` Հայաստանի տխուր փորձից ելնելով: Ընդ որում, պարզվեց` մերոնք այնքան արդար բաժանում էին արել, որ  վիճարկելու տեղ չէին թողել: Մինչեւ հիմա ոչ մի դեպք չի գրանցվել, որ անարդարացիորեն տուժած հայերը կարողանան դատարանով վերականգնել իրենց իրավունքները: Իսկ այդպիսի տուժածներ կլինեին անգամ ամենաազնիվ մտադրության դեպքում, նկատի ունենալով սեփականաշնորհման ծավալները` 300 հազարից ավելի տնտեսություններ: Ավելի ճշգրիտ` 339 հազար 276` Ազգային վիճակագրական ծառայության 2006 թվականի տվյալներով: Առաջադեմ Հայաստանում հողն անվերադարձ սեփականաշնորհվեց, եւ… վերջ:   Իսկ ահա միջնադարյան Բյուզանդիայում (Հիլլ` «Բյուզանդիայի պատմություն»), նկատի առնելով այդ վտանգները, երեսուն տարի ժամանակ էր տրամադրվել` սխալներն ու բացթողումները դատական կարգով լուծելու համար: Ինչեւէ, հետդարձ իսկապես չկա, հողերի խոշորացումն ուղղակի անհրաժեշտություն է, սակայն պետությունն ի՞նչ է առաջարկում հողը վաճառող գյուղացուն: Աշխատատե՞ղ: Այս իմաստով մարզերում «սրբած» վիճակ է. բացարձակապես աշխատատեղ չունեն: Գործարաններ, անգամ փոքրիկ ատադրամասեր չկան: Եվ հազարավոր գյուղացիներ, որոնք կարիքից դրդված վաճառել են հողը, հաջորդ տարի ուրիշի հողն են վարձակալում եւ աշխատում այդ հողակտորի վրա` իբրեւ միակ աշխատատեղ:Սոցիալական այս իրավիճակում հայտարարված խոշորացումը ավելի շատ վտանգներ ու մինուսներ ունի: Իսկ այս մասին մտածող կա՞:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս