«Բանդայի պարագլխին» նրան ճանաչողները հետևե՞լ են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է հայտնի «բանդայի» գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել հրապարակել բոլոր չորս ամբաստանյալների նախկին դատվածութունների եզրակացությունները, և այն բավարարվել էր:

Մեղադրողի հրապարակման համաձայն` «բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը նախկինում մեղադրվել է ավազակային հարձակումներ կատարալու, հանցավոր խմբեր ստեղծելու և կեղծ փաստաթղթերի միջոցով սահմանն անցնելու մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե մեղադրողի կողմից իր պաշտպանյալի նախկին դատվածութունները հրապարակելը միտում ունի հանրության շրջանում նրա մասին կարծիք կազմելու և կանխավարկած ձևավորելու համար:

«Հարց է առաջանում` ո՞վ է կատարյալ տիրապետում Արտյուշա Հակոբյանի կենսագրությանը, որ կարողացել է այսքան անթերի կազմակերպել ողջ ընթացքը և նրան ներքաշել այս պատմության մեջ: Մինչև հիմա որևէ մեկը չկարողացավ ապացուցել, որ նա ներկա խմբի կամ նրանցից բոլորի հետ առանձին-առանձին որևէ կապ է ունեցել գոնե հեռախոսով: Որևէ մեկը չապացուցեց գոնե այն, որ զենքը գտնվել է նրա բնակարանում: Ոստիկանության ինչ-որ չինովնիկ գործողություններ է սկսել հենց այդ գծով, որպեսզի այս խմբի մեջ ներքաշի Արտյուշա Հակոբյանին: Եվ, ընդհանրապես, նախագահից բռնած` մի հատ չե՞ն ուզում հասկանան` էս ինչ է կատարվում»,- իր խոսքում նշեց պաշտպանը:

Ապա մեղադրողը հրապարակեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նախկին դատվածությունների եզրափակիչ մասերը, որոնց համաձայն` նա առաջին անգամ հանցագործություն կատարել է անչափահաս տարիքում, և դատարանի վճռով նշանակվել է 2 տարվա փորձաշրջան` անչափահասների գործով ՆԳ վարչության հսկողությամբ:

Սրանից բացի Գալստյանը նախկինում ևս 5 դատվածություն է ունեցել` հիմնականում հափշտակություններ կատարելու մեղադրանքներով: Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ կողմ է Արսենյանի այն հատարարությանը, որ մեղադրողի կողմից հրապարակումները կարծիք են ձևավորում, ինչն անընդունելի է, քանի որ իր պաշտպանյալն արդեն կրել է իր պատիժը:

Իսկ ամբաստանյալ Սամվել Դավթյանը նախկինում դատապարտվել է կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու և ավազակային հարձակումներ իրականացնելու մեղադրանքով: Առաջին անգամ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ չի կայացվել. անմեղսունակ է ճանաչվել և ուղարկվել հարկադիր բուժման հոգեբուժարանում:

Նրա պաշտպան Կարեն Հակոբյանը նկատեց, որ նախկինում իր պաշտպանյալը նախկինում միշտ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն այս անգամ չի ընդունում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հանցանքները նա չի կատարել: Այստեղ մեղադրողը նկատեց, որ մարդը զարգացող արարած է և կարող է նախկինում կատարված մանր հանցագործությունները ժամանակի ընթացքում կատարելագործվեն և ավելի խոշոր հանցանքներ իրականացվեն: Սակայն ամբաստանյալը հայտարարեց, իսկապես մարդը զարգացող էակ է, սակայն դա չի նշանակում, որ մարդը զարգանում է ավազակային հարձակումներ կատարելու գործում:

«Ես հիվանդ եմ, հիվանդ էրեխա ունեմ, ընտանիք, ինչու՞ պիտի ավազակային հարձակումների գործում կատարելագործվեի»,- ասաց ամբաստանյալը:

Իսկ ամբաստանյալ Արթուր Մանուկյանը նախկինում դատապարտվել է մեկ անգամ, սակայն պատիժը կրկին պայմանականորեն չի կիրառվել:

Ապա նախագահողը հիշեցրեց, որ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը մջնորդություն էր ներկայացրել իր հեռախոսահամարները վերծանելու և արդյունքները հրապարակելու նպատակով: Ամբաստանյալի պատճառաբանությամբ` այդ կերպ ինքը կկարողանա ապացուցել, որ դեպքի օրն ինքն իր տանն է եղել, որ որևէ մեկի հետ չի կապվել:

Վերծանման արդյունքների համաձայն` դեպքի օրը` 2011 թվականի օգոստոսի 23-ին, Նապոլեոն Ազիզյանի առանձնատան վրա կատարված հարձակման ժամանակ նրան զանգահարել են կեսգիշերին, ապա 03:00-ին, իսկ մեղադրական եզրակացության մեջ նշվում է 05:00-ն: Հաջորդ զանգը եղել է առավոտյան 12:00-ին:

Դատավոր Մ. Մակյանը հիշեցրեց, որ դատաքննության ընթացքում պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել մատնադրոշմային փորձաքննության եզրակացության ապացույցների արդյուքները ճանաչել անթույլատրելի` պատճառաբանությամբ, որ կեղծիք է կատարվել: Ապա, որպես հավելում, պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց փորձագետ Արտակ Մինասյանին կանչել դատարան և հարցաքննել` իմանալու համար՝ երբ է իր մոտ տարվել զենքը և ի՞նչ վիճակում: Միջնորդությունը բավարարվեց մասնակի: Հովիկ Արսենյանի միջնորդությունը, ըստ որի պետք է դատարան բերվեին համապատասխան նյութերը, մերժվեց: Հովիկ Արսենյանն էլ, բացելով փակագծերը, նշեց, որ իր պաշտպանյալ Արտյուշա Հակոբյանը մշտապես այցելել է Անի հյուրանոցի սրճարան, որտեղ նրան հետևելով` կարող էին ապակե բաժակից փորձանմուշ վերցնել և տեղադրել հրացանների փոխարեն: Այդուհանդերձ, միջնորդությունը մերժվեց:

Պաշտպան Հակոբյանի միջնորդությունն էր ներկայացրել իր պաշտպանյալ Սամվել Դավթյանին կրկնակի փորձաքննության ենթարկելու մասին:

Քիչ առաջ դատավորը հրապարակեց միջնորդության որոշումը և հայտարարեց, որ այն մերժվում է: Տեղեկացնենք, որ պաշտպան Կարեն Հակոբյանը բացակայում էր, ուստի նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 6-ին:

Տաթև Հարությունյան




Լրահոս