ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎՏՈՏՆԱԿԸ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին հայտնվել է անելանելի դրության մեջ: Մահապարտների հատուկ գնդի 82-ամյա ազատամարտիկ Զոհրապ Շահբազյանն ավելի քան երեք տարի է, ինչ պայքարում է իր իրավունքների համար: Սակայն անարդյունք:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին պնդում է, որ իրեն պատկանող ավտոտնակի ուղիղ կեսը «նենգաբար», անօրինական ճանապարհով զավթել է իր հարեւանը` Ռուբեն Մխիթարյանը: Բոլոր պետական կառույցներին քաղաքացին դիմել է, սակայն արձագանք չկա. «Ոչ մի պաշտոնյա մի օր չեկավ ու չհետաքրքրվեց, թե ինչ է կատարվում մեր բակում: Ոչ մեկ ոչինչ չցանկացավ ձեռնարկել»,- մեզ հետ զրույցում հուսահատված նշեց ծերունի ազատամարտիկը:
Նա իր հետ խմբագրություն էր բերել նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նրա խոսքով՝ ապացուցում են, որ ավտոտնակը` 55.2 քառ.մ, իրեն է պատկանում: Վիճելի տարածքը «զավթելու» ընթացքում, Շահբազյանի պնդմամբ՝ իրեն պատկանող որոշ իրեր գողացվել են, վնասվել, իսկ որոշներն էլ՝ կոտրվել: 82-ամյա պապիկը այդ ապրանքների ցանկն էլ է կազմել եւ Մխիթարյաններից փոխհատուցում է պահանջում: Սակայն ամենից շատ Շահբազյանը ցավ է ապրում, որ այդ ընթացքում Մխիթարյանը կտրել է իր կողմից տնկված երկու վիթխարի ծառերը: «Ոչ մի բան չթողեց, կտրեց ու դրանք բաժանեց իր հարազատներին: Բայց 36 տարի այդ ծառերը մնացին: Ես այս տարիների ընթացքում այդքան ապրանք հավաքել էի, որպեսզի մի փոքրիկ տուն կառուցեի, որդիներիցս մեկին տեղավորեի, բայց խանգարում են ինձ: Այ քեզ բան, օրը ցերեկով գան ու անօրինական ճանապարհով խլե՞ն օրենքով ինձ պատկանող տարածքը»,- վրդովվեց քաղաքացին:
Նշենք, որ Զոհրապ Շահբազյանի ընտանիքը բաղկացած է 17 հոգուց: Բացի այդ, մեր զրուցակիցը մի շարք առողջական խնդիրներ ունի եւ մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա 90-ականներին ՀՀ սահմանը պաշտպանելու ժամանակ կոնտուզիա է ստացել եւ 2-րդ խմբի հաշմանդամ է: Ի դեպ, Շահբազյանի հետ միասին 90-ականներին հայրենիքի համար կռվել են նաեւ իր որդին եւ թոռնիկը, ովքեր պատերազմի դաշտում ծանր վիրավորվելու հետեւանքով այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում` բուժման նպատակով: Եվ նրանց պահելու համար Շահբազյանը ստիպված վաճառում է իր տան իրերը, իսկ գումարն ուղարկում որդուն եւ թոռանը:
«Գնացինք հայրենիքի համար կռվեցինք, հաղթանակով կիսամեռ հետ վերադարձանք, բայց հիմա` մատնվել ենք անտարբերության: Եվ ցավալին գիտե՞ք, թե որն է, որ երբեւէ ոչ մի պաշտոնյա իմ տան դուռը չթակեց ու չհետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեմ: Նույնիսկ չեն բարեհաճում իմ դիմումներին, նամակ-բողոքներին ըստ պատշաճի պատասխանել»,-հուսահատված նշեց 82-ամյա պապիկը:
Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են. «Ես 15 տարի է, ինչ պայքարում եմ, որ այդ փոքրիկ ավտոտնակի փոխարեն որդիներիցս մեկի համար մի փոքրիկ տուն կառուցեմ, բայց ինձ թույլտվություն չեն տալիս: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Մխիթարյանը նախ՝ կարողացավ հեշտությամբ զավթել իմ ավտոտնակի մի հատվածից, հետո էլ անմիջապես այդ տարածքում շինարարություն անելու թույլտվություն ստացավ»:
Քաղաքացու բարձրացրած խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակցի՝ Հակոբ Հարությունյանի հետ, ով անմիջապես ճանաչեց Զոհրապ Շահբազյանին եւ բացականչեց. «Ինքը մեր Զոհրապ պապիկն է»:
Նա, սակայն, հայտարարեց, թե Զոհրապ Շահբազյանը ոչ մի ավտոտնակ չունի: «Թափոններով, երկաթե կտորներով հավաքած ինչ-որ մի տնակի նման բան է ստեղծել շենքի բակում: Ինքը բազմիցս այս հարցով դիմել է ե՛ւ ոստիկանություն, ե՛ւ թաղապետարան: Մեր Զոհրապ պապիկի նկատմամբ մենք ուշադիր ենք, բայց ինքը հարեւանների հետ պարբերաբար կոնֆլիկտներ է ունենում: Սակայն ոչ մի ավտոտնակ նա չունի: Ժամանակին նա նույնիսկ տրոլեյբուսի թափքն էր բերել տեղադրել այդ տարածքում, իսկ բնակիչներն անընդհատ դժգոհում էին, որ ինքը բերում ու երկաթի մեծ կտորներով այդ բակն աղտոտում է»,-ներկայացրեց Հարությունյանը:
Նրանից տեղեկացանք, որ հարեւանը` Ռուբեն Մխիթարյանը, նույնպես դիմել է թաղապետարան եւ դժգոհել, որ Շահբազյանի պատճառով իրեն անընդհատ ոստիկանություն են կանչում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Շահբազյանի հարեւանի՝ Ռուբեն Մխիթարյանի կնոջ՝ տիկին Անահիտի հետ, ով ասաց. «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են մեր գործողությունների օրինական լինելը: Պարզապես ինքը չի ուզում հասկանա, որ հողը պետականորեն գնված հող է եւ բոլոր պետական կառույցներում մեր այդ փաստաթղթերը կան: Այնպես չէ, որ ապօրինի զավթել ենք հողը եւ հիմա վախենում ենք: Այս խնդիրն արդեն երեք-չորս տարի է, ինչ շարունակվում է: Բայց չգիտենք, թե ինչպես վարվենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Օրեր առաջ «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը տնային կալանքի է ենթարկվել: Նա մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով ֆինանսական միջոցների լվացման մեջ: Այս փաստը հետաքրքիր զարգացումներ է խոստանում, քանի որ այս գործով կալանավորված է նաեւ հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը:

Ռուսական լրատվամիջոցներն այս կապակցությամբ հետաքրքիր մանրամասներ են հաղորդում: Մասնավորապես, Եվտուշենկովը «Բաշնեֆտ»-ի գործով ՌԴ Քննչական կոմիտեի կողմից հարցաքննվել էր դեռեւս ապրիլի 28-ին, իսկ արդեն հուլիսի կեսին Բասմանի դատարանը կալանքի տակ էր դրել «Բաշնեֆտ»-ի ակցիաների 84.33 %-ը:
Դրանից մեկ ամիս անց՝ օգոստոսի կեսին միաժամանակ մեղադրանք էր առաջադրվել նաեւ ընկերության նախկին ղեկավար Ուռալ Ռախիմովին՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազ Ռախիմովի որդուն: Ինչպես արդեն նշել էինք, այս գործով կալանավորվեց նաեւ հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը, ով համարվում է Ռախիմովի գործընկերը: «ԱՖԿ Սիստեմա»-ն բաշկիրյան ընկերության ակցիաները ձեռք էր բերել 2009թ. ապրիլի 9-ին: Գործարքի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:
Հետաքննության վարկածով, Ուռալ Ռախիմովն օգտագործել է իր հոր դիրքը, ով «առեւանգել» է ընդհանուր 130 մլրդ ռուբլի արժողությամբ ակցիաները, որն էլ վաճառել է «Սիստեմա»-ին: Այն, որ Վլադիմիր Եվտուշենկովն ունի վառ արտահայտված քաղաքական նկրտումներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Երբ հոլդինգի անկախ տնօրեն դարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պարզ դարձավ, որ դա «քաղաքական շնորհակալություն» էր` Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի սպասարկման համար:
Վլադիմիր Եվտուշենկովին է պատկանում «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի բաժնետոմսերի 64.18 %-ը: Հոլդինգի կազմում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ MTC-ը, «Բաշնեֆտ»-ը, «Ինտուրիստ»-ը, «Մեդսի» կլինիկաների ցանցը, Sistema Shyam TeleService հնդկական բջջային օպերատորը, «Սիստեմա Մասս-Մեդիա» հոլդինգը եւ այլն: 2013թ. ԱՖԿ-ն իր ակտիվները գնահատում էր 43.2 մլրդ, հասույթը կազմում էր 35.9 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 2.3 մլրդ դոլար:
Ներկայում շատերին է անհանգստացնում, թե ինչ է սպասվում Լ. Հայրապետյանին` Եվտուշենկովի տնային կալանքից հետո:
Առողջական խնդիրներ ունեցող Հայրապետյանը գտնվում է մեկուսարանում այն դեպքում, երբ Եվտուշենկովն իր պատիժը տանն է կրում: Հայրապետյանի մտերիմները կարծում են, որ դատարանն արդեն պետք է ընդունի փաստաբանների բողոքն ու փոխի Հայրապետյանի խափանման միջոցը` կալանքը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՋՐԻԿ ՃԱՇ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղը մարզի ամենաաղքատ համայնքներից մեկն է: Գյուղում ապրում է ընդամենը 14 ընտանիք՝ 62 բնակչով: Այն փաստի հետ, որ գյուղը չունի դպրոց, քանի որ երկրաշարժից հետո ավերված կրթօջախը պետությունը հարմար չգտավ վերանորոգել, կարմրաքարցիները մի կերպ համակերպվում են, սակայն տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի խնդիրն արդեն հուսահատեցրել է գյուղացիներին:
Նրանք ստիպված են ամեն օր կիլոմետրեր կտրել, որպեսզի հասնեն գյուղից դուրս գտնվող միակ` Կարմիր աղբյուրին: Գյուղացիները երկար ռետինե խողովակ են անցկացրել աղբյուրին, որպեսզի ջուրը հնարավորինս մոտեցնեն բնակելի տներին: Սակայն դա էլ հարցի լուծում չէ, քանի որ ջրի հոսքն այնքան դանդաղ է, որ ժամեր է պահանջվում դատարկ տարաները լցնելու համար: Աղբյուրի մոտ գոյացած անսպառ հերթը հոգնեցնում է գյուղացիներին: Ի դեպ նշենք, որ համապատասխան մարմինների ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ջուրն անգամ խմելու համար պիտանի չէ, սակայն բնակիչներն այլընտրանք չունենալու պատճառով ստիպված են խմել անորակ ջուրը:
Գյուղի տարեցները մեզ հետ զրույցում առանց քաշվելու խոստովանեցին, որ ջրի բացակայության պատճառով ամիսներով չեն լողանում: Երիտասարդ հարսներն էլ սրտնեղեցին. ջուրը խնայելու նպատակով ջրիկ ճաշ չեն պատրաստում: Նաեւ նշեցին, որ անասնապահությունն էլ է տուժում. քանի որ անասունը ծարավ է մնում, կաթնատվությունը նվազում է:
Ձմռան ամիսներին խնդիրն առավել քան սրվում է: Աղբյուրը սառչում է եւ գյուղացին ստիպված է սարեր բարձրանալ՝ ջուր բերելու համար:
Կարմրաքարի համայնքապետից տեղեկացանք, որ խնդիրը լուծելու համար ընդամենը 500մ խողովակաշար է պահանջվում: Համապատասխան մարմինները խնդրին տեղյակ են, խոստացել են հարցը լուծել, բայց ոչ այս տարի, իսկ թե երբ, հայտնի չէ: Առայժմ հայտնի է միայն, որ անգամ աշխատանքների իրականացման նախագիծ չկա:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 




Լրահոս