Ռեալ իշխանափոխության նախադրյալներ եղել են միայն նախագահական ընտրությունների ժամանակ. Ս. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը չի մասնակցել հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքին: Այս մասին նշելով Armlur.am-ի հետ զրույցում՝ նա հավելեց, թե լրատվական միջոցներով է հետևել հանրահավաքին, այն էլ` ոչ ամբողջական:

Ս. Աբրահամյանի խոսքով, հանրահավաքի այդքան բազմամարդ լինելն արդեն դրական երևույթ է և խոսում է այն մասին, որ ժողովուրդը հավատում է այդ երեք ուժերի միավորմանը:

«Հանրահավաքի մարդաշատ լինելն առաջին հերթին իշխանություններից հասարակության մեջ առկա ռեալ դժգոհության արտահայտությունն է», – ընդգծեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանրահավաքին առկա քաղաքացիները ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին էին ցանկանում տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում, նա ընդգծեց, որ միտինգային էյֆորիան ու տրամադրությունը լրիվ ուրիշ «օպերայից» է: Նրա խոսքով, այդպիսի ցանկություններն ավելի շատ ամբոխային տրամադրության արդյունք են: Խոսելով հնարավոր իշխանափոխության մասին, նա հայտարարեց.

«Իմ դիտարկումներով, Հայաստանում ռեալ իշխանափոխության նախադրյալներ եղել են միայն և միայն նախագահական ընտրությունների ժամանակ»:

Լուսանկարը` Panarmenian Photo

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս