Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հետընթաց է Հայաստանի համար: Այս մասին նա նշեց «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» խորագրով համաժողովի ընթացքում, հավելելով, թե իր համար ընդհանրապես ընդունելի չեն ծայրահեղական կարծիքները:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող է տալ այս կառույցը Հայաստանի անդամակցությանը: Ծայրահեղական գնահատականներ հնչեցելու փոխարեն՝ կարելի է փորձել հասկանալ ինչպես սպասվող օգուտները, այնպես էլ վնասները, որպեսզի կարողանանք այդ վնասները չեզոքացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել»,- նշեց նա:
Վերջինս նաև ընդգծեց, որ առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչ ռիսկեր են սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցության դեպքում, քանի որ օգուտների առումով, կարծես թե, ամեն ինչ հստակ է: Տնտեսագետի խոսքով՝ սպառնալիքները շատ են, ռիսկերը մեծ են: «Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե Եվրասիական տնտեսական միությունում մեզ միայն օգուտներ են սպասվում, իսկ բացասական երևույթների չենք հանդիպելու: Սպառնալիքներն ու ռիսկերը շատ են, սակայն մենք պետք է լավատես լինենք, հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի, քանի որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ուղղակի չէր կարող մեկուսացված մնալ համաշխարհային գործընթացներից: «Մեզ համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը լուրջ մարտահրավեր է: Մենք պետք է կարողանանք ավելի լայն մասշտաբով նայել աշխարհին, դիվերսիֆիկացնել մեր կապերը աշխարհի հետ, հատկապես երբ կոտրվում են Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության անհնարինության վերաբերյալ կարծրատիպերը: Թե՛ Բրյուսելից, թե՛ Մոսկվայից համագործակցության վերաբերյալ կոչեր են հնչում: Իսկ այս դեպքում Հայաստանը կարող է միայն շահել՝ օգտվելով թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության չափանիշներից»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը: