Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը հայեցակարգի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանին է ներկայացրել հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սա նշանակում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել:

Եթե մինչ օրս քաղաքական շատ ուժեր պատճառաբանում էին, թե չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, ապա այսօր արդեն պարզ է, թե սահմանադրական ինչ փոփոխություններ է ցանկանում իրականացնել Ս. Սարգսյանը՝ իր ձեւավորած հանձնաժողովով: Հիմա մնում է, որ կարդան, մարսեն առաջարկվող փաստաթղթի սկզբունքները եւ կարծիք հայտնեն:

Հիշեցնենք, որ Հայաստանում հանրաքվեի վերաբերյալ գոյություն ունի երկու օրենք՝ «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Համապետական հանրաքվեի մասին» օրենքներ: Այս անգամ ՀՀ-ում պետք է անցկացվի համապետական հանրաքվե: Համաձայն գործող Սահմանադրության՝ համապետական հանրաքվեի կարող է դրվել բացառապես ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը կամ Սահմանադրությունում (ՍԴ) փոփոխություններ կատարելը: Սա թերեւս կարելի է համարել ՀՀ Սահմանադրության թերություններից մեկը, քանի որ երկրին վերաբերող բազում լրջագույն հարցեր կարելի է հանրաքվեի դնել, օրինակ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, որպեսզի հստակեցվեր, թե ՀՀ քաղաքացին ինչ տեսակետ ունի տնտեսական անկախությունը կորցնելու հեռանկարի առնչությամբ: Ի վերջո, հանրաքվեն ժողովրդավարության լավագույն ինստիտուտն է, չնայած որ ՀՀ-ում երբեւէ նման լուրջ հարցերը հանրաքվեի չեն դրվում:

Անդրադառնալով ներկայացված հայեցակարգին՝ նշենք, որ դա վերջնական տեքստ չէ, որի հիման վրա պետք է տեղի ունենա հանրաքվեն: Հայեցակարգը բաղկացած է մի քանի կետերից, որտեղ ընդհանուր ներկայացվում են դրույթները, սկզբունքները, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ ՍԴ-ն: Ա՛յ, երբ Սարգսյանը կստորագրի հայեցակարգը, դրանից հետո նոր ՍԴ հանձնաժողովին կոնկրետ ժամկետների մատնանշմամբ կհանձնարարի իրեն ներկայացնել վերջնական տեքստը, որտեղ առավել մանրամասն է ներկայացվում, թե Սահմանադրական հոդվածներում ինչ է ներառված:

Իսկ թե ե՞րբ Սերժ Սարգսյանը կհաստատի հայեցակարգը եւ համապատասխան հանձնարարություն կտա, դժվար է կանխատեսել, քանի որ որեւէ օրենքում ժամկետային սահմանափակում չկա: Եւ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերաբերմունքը ժամկետների նկատմամբ, երբ 2005-ին հարցրել էին, թե երբ եք անդամագրվելու ՀՀԿ-ին, նա պատասխանել էր՝ տոներից հետո, արդյունքում՝ 2006-ի հունիսին նոր անդամագրվելով ՀՀԿ-ին՝ պետք է հիշել, որ «սատանան մանրուքների մեջ է»:

Չի բացառվում, որ Ս. Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարի հրավիրել քաղաքական ուժերին, կուսակցություններին՝ քննարկելու տեքստի վերջնական բովանդակությունը, որից հետո նոր կազմվի ՍԴ փոփոխությունների նախագիծը եւ ուղարկվի ՀՀ նախագահին: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի պահանջով ՍԴ փոփոխությունների համար պետք է լինի քաղաքական լայն համաձայնություն, այսինքն՝ երկրի հիմնական քաղաքական ուժերը պետք է կողմ լինեն փոփոխությանը: Հակառակ դեպքում չի ստացվի: Այնպես որ, քաղաքական ուժերին ու գործիչներին համոզելուց հետո նոր նախագահը իր հրամանագրով պետք է սահմանի ժամանակացույց՝ ՍԴ փոփոխությունների հանրային քննարկման՝ հասարակական կարծիքը իմանալու համար:

Քննարկումների, կարծիքների հավաքագրումից հետո, երբ Սահմանադրական փոփոխություններում լրամշակումներ կատարվեն, այդ տարբերակը կրկին կներկայացվի ՀՀ նախագահին: Դրանից հետո նոր արդեն պատրաստի տեքստը Ս. Սարգսյանը կուղարկի խորհրդարան, որտեղ եւ պետք է հավանության արժանանա Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 111 հոդվածի՝ «Սահմանադրության փոփոխությունները կատարվում են հանրաքվեի միջոցով ՀՀ նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ»: Այսինքն՝ հանրապետության նախագահը Սահմանադրական փոփոխության նախագիծը ստանալուց հետո՝ 21 օրյա ժամկետում, կարող է առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել ԱԺ՝ պահանջելով նոր քննարկում. «ԱԺ կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ անելու նախագիծը հանրապետության նախագահը հանրաքվեի է դնում ԱԺ-ի սահմանած ժամկետում»:

Ասել է թե՝ մինչեւ 3 ամիս ժամանակ է խլելու նախագծի քննարկումը խորհրդարանում, որից հետո նոր կկազմակերպվի քվեարկություն: Եւ եթե 66 պատգամավորներ կողմ քվեարկեն, այդ դեպքում նոր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կհամարվի ընդունված, եւ հանրապետության նախագահը կդնի հանրաքվեի իր կողմից սահմանած ժամկետում: Այդ ժամկետի մասին նա պարտավոր է նշել նախագիծն ԱԺ ներկայացնելու նամակում:

Սահմանադրության 113 հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցներից կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/4»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրացուցակներում 2 միլիոն 500 հազար մարդու անուն կա, այսինքն՝ ընդամենը մոտ 625 հազար կողմ ձայն պետք կլինի Սերժ Սարգսյանին, որպեսզի Սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ 861 հազար 155 ձայն է հավաքել:

Ահա այն «ճանապարհային քարտեզը», որով պետք է անցնել ՀՀ Սահմանադրությունը փոխելու համար:

Ի դեպ, նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի ֆինանսավորողը գերմանական (GIZ) ընկերությունն է: Այսինքն, եթե Ս. Սարգսյանը որոշի, որ այլեւս չի ցանկանում այս ճանապարհն անցնել ու բարեփոխումներ իրականացնել ու ինչ-որ պահից հետ կանգնի, կորցնելու ոչինչ չունի: Նա արդեն հասել է իր նպատակին՝ քաղաքական օրակարգը հագեցնելով իր ցանկություններով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս