ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԵԿ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՋ ԳՆԱԼ»

Հալեպահայ դիզայներ Գեւորգ Շադոյանն իր հեղինակած երեկոյան, հարսանյաց զգեստներով ու հին հայկական տարազի տարրերի զուգակցմամբ հագուստներով բազմիցս ներկայացել է արտերկրի ամենատարբեր ցուցադրություններում, կատարել մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի իշխանուհու ամուսնական օժիտի պատվերը: Նա 2002-ից ցուցադրություններ է կազմակերպում նաեւ հայրենիքում, համագործակցում հայ աստղերի հետ: Դիզայները, սակայն, ցավով նշում է, որ Երեւանն այսօր նորաձեւության քաղաք չէ:

-Այժմ ի՞նչ նոր հավաքածուի վրա եք աշխատում եւ առաջիկայում ի՞նչ ցուցադրություն ունեք:
-Հիմա պատրաստում եմ աշնանային նոր հավաքածու, որում ընդգրկված կլինեն երեկոյան եւ հարսանեկան զգեստներ, դրանք մեծ մասամբ ձեռքի աշխատանքներ են: Նոյեմբերին Բելառուսում կմասնակցեմ նորաձեւության շաբաթին, այնտեղ կունենամ ցուցադրություն:
-Հայաստանում նորաձեւության արդյունաբերությունը զարգացնելու համար ի՞նչ ուղիներ եք տեսնում:
-Մեր երկրում նորաձեւության շուկան փակ է, ոլորտի արդյունաբերությունը, մասնավորապես՝ կտորի շուկան, զարգացած չէ: Նախկինում այստեղ տեքստիլ արդյունաբերությունը մեծ տեղ է ունեցել, գործարաններ են եղել: Հիմա կտորի տեսականին ապահովելու համար երբեմն այն գնում են Դուբայից, Իրանից, Թուրքիայից կամ Եվրոպայից: Իսկ Հայաստանում կտորի ընդամենը մի քանի ուժեղ խանութ կա, այնինչ, դրանց թիվը պետք է շատ լինի, որպեսզի բազմազանություն տիրի:
-Իսկ նորաձեւության բիզնեսում առաջընթաց գրանցելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Հայաստանում միջին խավի մարդիկ քիչ են: Այդ նրանք պետք է նորաձեւության բիզնեսն առաջ տանեն: Այլ երկրներում այդ մարդիկ այնքան մեծ թիվ են կազմում, որ կարողանում են նպաստել բիզնեսի հաջողվելուն: Իսկ միջինից ցածր խավը, բնականաբար, չի կարող դիզայներին վճարել:
-«Շադոյան» բրենդի ամենաէժան զգեստի միջին գինը որքա՞ն է:
-Կարող ենք հարմարվել հաճախորդի հետ: Օրինակ՝ այն դեպքում, երբ կտորը շատ թանկ չէ, զգեստի միջին գինը տատանվում է 180-200 հազար դրամի սահմաններում:
-Բայց դա մեր միջին խավի ներկայացուցչի երկու կամ, լավագույն դեպքում, մեկ ամսվա աշխատավարձն է կազմում…
-Եթե միջին խավը նորմալ աշխատավարձ ստանա, կկարողանա իր մտքի թռիչքին հետեւել, իր ցանկությունները բավարարել: Ամեն դեպքում, պետք է նկատել, որ համեմատած նախորդ տարիների հետ, պատկերն այժմ մի փոքր փոխվել է, եւ մեր հաճախորդների թվում կան մարդիկ, ովքեր առանձնապես մեծահարուստ չեն:
-Իսկ ինչպե՞ս են մեր երկրում «գոյատեւում» հայ դիզայներները. հովանավորների միջոցո՞վ:
-Այս դժվար պայմաններում որոշ դիզայներներ գործում են իրենց տքնաջան աշխատանքի, ոմանք՝ հովանավորների շնորհիվ: Որքան էլ մենք պատվերներ ունենանք, հարկ ենք վճարում, մի շարք այլ ծախսեր ենք հոգում, եւ շատ դժվար է դառնում նման պայմաններում գործելը…Ես հովանավոր չունեմ, ապրում եմ գիշեր-ցերեկ աշխատելով, եթե ուրիշ երկրում լինեի, իհարկե, ավելի շատ առաջ կգնայի: Օրինակ՝ մեր հարեւան Իրանում, թեեւ ժողովուրդը սահմանափակ է իր ազատության, ասենք՝ հագնվելու մեջ, հետաքրքիր է, որ այդ «շորի բիզնես» ասվածն այնտեղ բավական զարգացած է: Այնինչ, ցավոք, չեմ կարող ասել, որ Երեւանն էլ նորաձեւության քաղաք է:
-Բայց վերջերս, կարծես, հաճախ են լինում դիզայներների ամենատարբեր ցուցադրություններ…
-Հայաստանում միայն վերջին երկու տարիների ընթացքում է, որ անհատ դիզայներներն ակտիվացել են, ցուցադրություններ են անում: Հարկավոր է, որ հովանավորները շատանան: Ամեն տարի նույն դիզայներներին ենք տեսնում, իսկ նորեկները չեն կարողանում առաջ գնալ: Հովանավորներն այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում կինոյին, երաժշտությանը, քան մեր ոլորտին, նախընտրում են կառուցել շենքեր ու ռեստորաններ, քան գումարներ ներդնել նորաձեւության ոլորտում:
-Շարունակելո՞ւ եք աշխատել հայրենիքում:
-Այո՛, եւ համոզված եմ, որ իրավիճակը կլավանա: Ինձ միշտ ասում են, որ իմ տաղանդն ափսոս է, եւ այն պետք է օգտագործել արտերկրում: Ես, իհարկե, համաձայն եմ, որ եվրոպական ասպարեզն ավելի մեծ է, բայց ուզում եմ իմ երկրում հաջողության հասնել: Հիշե՛ք Թբիլիսին նախկինում եւ տեսե՛ք այժմ, այն արդեն դարձել է նորաձեւության քաղաք: Այդ նույն առաջընթացը մենք պետք է գրանցենք: Իմ մեծ նպատակներից մեկն էլ Հայաստանում նորաձեւության դպրոց բացելն է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԱՅՏՆԻ» ԱՆՀԱՅՏԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օրերս Երեւանի շենքերից մեկի պատին հանդիսավոր պայմաններում փակցվեց հերթական հուշատախտակը. «Այս տանն ապրել է բանաստեղծ Միքայել Հարությունյանը»: «Ո՞վ է Միքայել Հարությունյանը»,-տարակուսանքով իրար էին հարցնում անցորդները, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր նրան շփոթում էին նույնանուն ռազմական գործչի հետ: Վերջապես բանիմաց մեկը հուշեց, որ խոսքը բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հոր մասին է. ամեն բան իր տեղն ընկավ, բոլորը խաղաղվեցին:

«Հուշատախտակների տեղադրմանը պետք չէ այդքան ուշադրություն դարձնել, դրանք դրվում են, քանի որ ունենում են իրենց հիշատակը հարգող ժառանգներ: Կոնկրետ Միքայել Հարությունյանի հուշատախտակի տեղադրման գործում, կարծում եմ, որդու՝ Արտեմ Հարությունյանի գործոնը պակաս դեր չի խաղացել: Քաղաքապետարանի որոշումներում չկան հստակ չափորոշիչներ, ուստի չեմ զարմանա, եթե քաղաքում տեսնենք անկապ հուշատախտակներ՝ նվիրված մարդկանց, որոնք ոչ մի բանով հայտնի չեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ Միքայել Հարությունյան անունը գուցե այսօր շատերին ոչինչ չասի, բայց հին սերնդի համար այնքան էլ անհայտ հեղինակ չէ:
Մենք կհետեւեինք գրականագետի խորհրդին, սակայն մեզ հետաքրքրում է ոչ թե բուն հուշատախտակը, այլ այն երեւույթը, որ մեծարվում են մարդիկ, ովքեր առավել քան համեստ ծառայություններ են մատուցել ժողովրդին, սակայն ինչ-ինչ պատճառներով կարողացել են ստվերել արժանավորներին: Ուստի հարց է ծագում՝ արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանի կողմից չպետք է սահմանվեն հստակ չափորոշիչներ՝ ում արժանացնել նման պատվի եւ ում՝ ոչ:
«Չափորոշիչներ անպայման պետք են… Բայց ոչ թե մեկի անունը տալն արգելելու, այլ արժանավորներին արժանին մատուցելու համար»,-մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց բանաստեղծ Դավիթ Ասատրյանը:
Այն բանում, որ ժամանակը լավագույն դատավորն է, իսկ ժողովուրդն էլ երբեք չի սխալվում, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Սակայն կարելի է կարծել, որ ով հարգանք է տածում իր ծնողի, պապի կամ նախապապի հանդեպ եւ մի քիչ էլ գումար կամ կապեր ունի, կարող է քաղաքում ի ցույց բոլորի իր հարգանքի տուրքը մատուցել նրան. «Այո՛, իսկապես, ով փող ունի, կարող է նման հուշատախտակ տեղադրել: Չեմ կարծում, թե դրանից ինչ-որ բան է փոխվելու: Իրական ընթերցողն առանց այդ տախտակների էլ գիտի՝ ով ով է»,-իր հերթին նկատեց երիտասարդ գրող Նշան Աբասյանը:
ՀՀ կառավարությունը դեռեւս 1999-ին է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումը, ուշադրություն՝ «նշանավոր գործիչներին»: Թե այդ ինչպես Միքայել Հարությունյանը դասվեց նշանավորների շարքին, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ պատասխանեցին, թե Երեւանի ավագանին այդ հարցում առաջնորդվում է կոնկրետ ընթացակարգերով: Իսկ թե կոնկրետ ի՞նչ ընթացակարգերի մասին է խոսքը, մեր այս հարցումը Երեւանի քաղաքապետարանը թողեց անպատասխան:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՈՃԱԲԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ
Հոկտեմբերի 15-ին հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների արտաքին տեսքի «պատասխանատու» ոճաբան Անի Ավդալյանի համար կրկնակի տոն էր. նա իր ծննդյան օրը նշանավորեց ամուսնությամբ: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ ոճաբանի եւ ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանի պսակադրության արարողությունը: Հարսանյաց խնջույքը տեղի է ունեցել երեւանյան ռեստորաններից մեկում: Անիի հարսանյաց զգեստը հեղինակել է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Ավդալյանն իր տված հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ հանուն ընտանիքի պատրաստ է թողնել աշխատանքը, միեւնույն ժամանկ վստահ լինելով, որ Լեւոնն իրեն նման ընտրության առջեւ չի կանգնեցնի:

 

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ ՋԵՔՍՈՆՆ Է
«Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնը կրկին ճանաչվել է ամենահարուստ մահացած աստղը: Այս յուրօրինակ ռեյտինգը կազմել է «Forbes» ամսագիրը:
2013թ-ի հոկտեմբերից մինչեւ 2014թ-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հայտնի երաժշտի ժառանգությունից ստացվել է մոտ 140 միլիոն դոլար եկամուտ: Մասնավորապես եկամտի աղբյուր է հանդիսացել աստղի հետմահու թողարկված երկրորդ ալբոմը՝ «Xscape» անունով: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլին, ում հետմահու եկամուտն այս 12 ամիսների ընթացքում կազմել է 55 միլիոն դոլար: Երրորդ տեղը բաժին է ընկել ծաղրանկարիչ Չարլզ Շուլցին (40 միլիոն), ով ստեղծել է Չարլի Բրաունի եւ նրա շան՝ Սնուփիի մասին կոմիքսներ: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլիզաբեթ Թեյլորը (25 միլիոն), իսկ հինգերորդում՝ Բոբ Մառլին է (20 միլիոն):

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Նկարահանվել է «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի տեսահոլովակը: Առաջին անգամ հայկական երգարվեստում տեսահոլովակը նկարահանվել է «սելֆի վիդեո» տարբերակով, իսկ նկարահանողը, ոչ ավել, ոչ պակաս, մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակ Բեթթին է: Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the Sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:

 




Լրահոս