Վարդան Այվազյանը մատնեց Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը եւ կից փաթեթը խորհրդարանում քննարկելիս ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը օրեր առաջ՝ զայրույթի ընթացքում, բավական ուշագրավ մի խոստովանություն արեց:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին հակադարձելու ընթացքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի հայտնի փոփոխության առնչությամբ նա ասաց. «Շրջանառության հարկով հարկվող 58 հազար տնտեսավարողներից 30 հազարը 10 միլիոն դրամի շրջանառություն ունի: Հիմա էտ մարդկանց ասենք, որ հարկը լրիվ հանում ենք, էլի կբողոքեն: Այդ 30 հազարից մի 15 հազարը 10 միլիոնից ավելի շրջանառություն ունի, մենք հիմա այդ խնդիրն ենք ուզում լուծել»:

Այսպիսով՝ Այվազյանն ուղղակի խոստովանեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված հայտնի փոփոխությունը ուղղված է փոքր եւ միջին ձեռներեցների դեմ: Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները սեպտեմբերից բողոքի ալիք բարձրացրեցին, քանի որ տեղեկացել էին, որ հոկտեմբերի 1-ից, ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի, իրենք պարտավոր են լինելու իրենց ողջ գործունեությունը փաստաթղթավորել: Բողոքի ալիքը սաստելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր եւ միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը՝ այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից»: Այն, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, անկեղծ չէր, դա բոլորն էլ հասկանում էին, բայց մինչեւ Վարդան Այվազյանի «խոստովանությունը», ապացույց չկար:

Ի դեպ, Այվազյանի բերած օրինակը, ըստ որի, եթե տնտեսվարողներին ընդհանրապես հարկերից ազատեն, ապա նրանք կրկին կբողոքեն, ոչ թե հպարտանալու, այլ ամաչելու թեմա է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ ի դեմս իշխանությունների՝ գործ ունեն «քցողների» հետ: Մարդիկ գիտեն, որ որքան մեծ է տնտեսվարողներին իշխանության կողմից արված «զիջումը» կամ «լավությունը», ուրեմն այնքան էլ մեծ է լինելու տնտեսվարողներին թալանելու ցուցանիշը:

10 միլիոն դրամ ունեցող տնտեսվարողի օրինակը: Նախկին շրջանառության հարկի 3,5 տոկոսի պայմաններում տնտեսվարողները պետք է վճարեին 350 հազար դրամի հարկ: ՀՀ իշխանություններն այժմ տնտեսվարողին առաջարկում են վճարել 1 տոկոս հարկ, այսինքն՝ 100 հազար դրամ, բայց մի պայմանով` ողջ գործունեությունը պետք է փաստաթղթերով հիմնավորված լինի: Ենթադրենք տնտեսվարողն իր գործունեության մի մասը նախկինում միտումնավոր չի փաստաթղթավորել` ցածր շրջանառություն ցույց տալու եւ վճարվելիք հարկը նվազեցնելու համար: Նոր շրջանառության հարկի 1 տոկոսի դեպքում նա նախկինում վճարած 350 հազար դրամով կարող է մինչեւ 35 միլիոն դրամի կամ նույն է թե՝ երեքուկես անգամ ավել շրջանառություն ցույց տալ: Բայց տնտեսվարողնեը բողոքում են եւ չեն ուզում 1 տոկոս վճարել, չնայած, որ նրանց ստվերը հաստատ իրական շրջանառությունից այդքան ավել չէ: Ուստի ինչո՞ւ են մարդիկ բողոքում իշխանությունների նման շռայլության դեմ:

Ախր, ցանկացած տնտեսվարող գիտի, որ չի կարող իր գործունեությունը փաստաթղթավորել, որովհետեւ դրա մեղավորը ոչ թե ինքն է, այլ մատակարարները, այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են կառավարությունում, ԱԺ-ում եւ նախագահականում նստած պաշտոնյաներին: Փաստաթղուղթ չտվող խոշոր ընկերությունների դեմ պայքարելու համար տնտեսվարողները պետք է դիմեն նույն այդ խոշորների տերերին` այս կամ այն պաշտոնյային: Հենց սա է պատճառը, որ տնտեսվարողը ի սկզբանե գիտի՝ այս գործընթացում ինքը պարտված է. իբրեւ լավություն իրեն մատուցվող քայլով իրականում իր բիզնեսը սննկացնելու են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս