1907 թվականին այս օրն է մահացել Մկրտիչ Ա Վանեցին՝ Խրիմյան Հայրիկը: Նա հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսն էր, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող, ով հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն։
Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։
1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կոստանդնուպոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք։
Իբրև պատրիարք՝ Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872-ին ներկայացրել է Բարձր Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով նա 1873-ի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։
Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։
Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը։
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։
Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։