ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

ՀՀ գլխավոր դատախազության տարածած երեկվա հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը թեւակոխում է գործողությունների նոր փուլ: Քննչական կոմիտեի կազմավորումից դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ երբ գա ժամանակը, Կոստանյանը «որս է սկսելու» Աղվան Հովսեփյանի կադրերի նկատմամբ, որոնք դատախազությունից հեռացվեցին եւ հանգրվանեցին քննչական կոմիտեում: Իսկ պատճառը շատ պարզ է. Հովսեփյանն անաղմուկ «թոշակի» չանցավ, ընդհակառակը՝ նոր պաշտոնի նշանակվեց, եւ արդեն իսկ դժգոհություններ կան, որ ոլորտը «սեփականաշնորհել է»: Իսկ գործող դատախազ Կոստանյանն էլ ամեն կերպ ցանկանում է ընդգծել, որ Աղվան Հովսեփյանի վերահսկողն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ու ցավալին այն է, որ երկու գերատեսչությունների ղեկավարների կռվի հետեւում մարդիկ են ու նրանց ճակատագրերը, որոնք կարող են խեղվել:

 

 
Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախորդ օրը Արցախ այցելած Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին էր փոխանցել նրանց նախագահներին հասցեագրված հրավերը` Արցախ այցելելու վերաբերյալ: Այս մասին Սահակյանն ասել էր «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցում: Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանություններից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք իրենց երկրների նախագահները ստացել են Բակո Սահակյանի հրավերը, եւ ինչպիսին կլինի նրանց արձագանքը: Ֆրանսիայի դեսպանությունից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ դեսպան Անրի Ռենոն Բակո Սահակյանի նախաձեռնության մասին տեղեկություն չունի: ԱՄՆ-ի դեսպանատան պատասխանն այսպիսինն է. «Մենք այցի մասին հաղորդում չունենք»: Իսկ Ռուսաստանի դեսպանատան պատասխանը դեռ չենք ստացել:

 

 
Սերժ Սարգսյանի հետ հաստատ մի բան այն չէ: Սեպտեմբերի վերջին հայտարարվեց, թե իբր ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» հեղինակավոր պարբերականում լույս է տեսել Սերժ Սարգսյանի հոդվածը: Դրանից մեկ օր անց պարզվեց, որ հոդվածը տպագրվել է որպես գովազդ: Այսինքն՝ ինչ-որ մեկը տարածքը գնել էր եւ, ասենք, օղու շշի փոխարեն Սերժ Սարգսյանի հոդվածը տպագրել: Երեք օր առաջ էլ հայտնի դարձավ, որ «Նյու Յորք Թայմզ»-ն առանձին ներդիրում է հրապարակել Սարգսյանի հարցազրույցը: Այն, որ այդ հարազրույցը ոչ մի արժեք չի ներկայացնում, դեռ ոչինչ, Հայաստանի բնակչությունը դրան սովոր է: Բայց, ցավալի է, որ թերթի ներդիրը եւս գովազդ է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համառորեն ուզում է, որ արեւմտյան թերթերն իր մասին մի բան գրեն, սակայն նրանք էլ համառորեն հասկացնում են, որ նրա մտքերով չեն հետաքրքրվում: Ի դեպ, հոկտեմբերի 9-ին էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր նույն սկզբունքով հարցազրույց տպագրել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում:

 

 
ՀՀ նախագահի աշխատակազմը մտադիր է ձեռք բերել տեսահսկման եւ անցումների հսկման ազդանշանային նոր համակարգեր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նպատակով նշված կառույցը հոկտեմբերի 21-ին մրցութային հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ նախատեսվում է գնել թվով 16 տեսախցիկ՝ կից սարքավորումներով: Ի դեպ, տեսախցիկները պետք է նախատեսված լինեն շենքային պայմաններից դուրս աշխատելու համար: Բնականաբար, հայտարարությունում չի ասվում, թե այս նպատակով որքան գումար է ծախսվելու: Նկատենք, որ նախագահի նստավայրը տեսագրման սարքերով, մեղմ ասած, հագեցած է, բայց, չնայած սրան, նախագահականի աշխատակազմն էլի է գնում: Հետաքրքիր է՝ արդյո՞ք նախագահականում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենում են եւ այդպես փորձում անվտանգության համակարգն ավելի ուժեղացնել: Համաձայնեք՝ ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին այս փաստն առավել քան հետաքրքիր է:

 

 
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ

Հոկտեմբերի 24-ին` ոչ իշխանական Եռյակի վերջին հանրահավաքի օրը, «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում «Մարտի 1»-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նշել էր, որ ինքը Գագիկ Ծառուկյանի եւ հարթակում կանգնած մյուս գործիչների հետ հույս կկապի միայն այն դեպքում, եթե Գ. Ծառուկյանը հանձն առնի Մարտի 1-ի գործի բացահայտումը: Տիկին Ալլան, ինչպես հայտնի է, հեռացել է Հայաստանից` վերջնականապես կորցնելով մեր երկրում արդարություն գտնելու հույսը: Հենց նույն պատճառով են երկրից հեռանում նաեւ հազարավոր այլ քաղաքացիներ, ովքեր կարողանալով հանդերձ ապահովել իրենց հանապազօրյա հացը, չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարադատություն:
Այս հանգամանքը Եռյակի ներկայացուցիչներն իրավացիորեն արձանագրում են իրենց հրապարակային ելույթներում: Դեռեւս մարզային հավաքներից սկսած` նրանց գրեթե յուրաքանչյուր ելույթում կարմիր թելի նման անցնում են երկրում արդարադատության բացակայության մասին հայտարարությունները:
Սակայն բավականին տարօրինակ էր այն, որ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության 15-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ հրավիրած հանրահավաքում որեւէ մեկը չհիշեց «27»-ի մասին, այդպես էլ առաջ չքաշվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճրագործության բացահայտման պահանջը: Ինչո՞ւ: Արդյո՞ք այդ հարցն այլեւս ակտուալ չէ: Հավանաբար` ոչ, համենայնդեպս` հարթակում կանգնած ոչ իշխանական ուժերի առաջնորդների համար, այդ թվում եւ` ցավալիորեն, նաեւ Ստեփան Դեմիրճյանի, որը նույնպես հոկտեմբերի 24-ին չխախտեց «լռության ուխտը»:
Մինչդեռ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված` անցնող յուրաքանչյուր տարվա հետ բացահայտման շանսերը էլ ավելի են փոքրանում, էլ չասած, որ այդ գործին այս կամ այն կերպ առնչվողները պարզապես կյանքից հեռանում են` բավականին խոսուն օրինաչափությամբ: Եվ ուրեմն` ո՞րն է պատճառը, որ արդարության ձգտող, մարդկանց մեջ հավատը վերականգնել ցանկացող եւ երկրում համակարգային փոփոխությունների իրականացում խոստացող Եռյակի համար այս ոճրագործության մասին հիշատակումն անգամ չկարեւորվեց տասնհինգամյա տարելիցի նախօրեին: Այն դեպքում, երբ, օրինակ, 2007-ին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքը հատուկ հրավիրեցին հոկտեմբերի 26-ին` հենց այս ոճրագործության բացահայտումը դարձնելով իրենց իշխանափոխական հռետորաբանության առանցքը: Այս հարցի պատասխանը, թերեւս, պարզ է բոլորի համար. 2007-ին հարթակում կանգնած չէր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, ուստի կարելի էր անկաշկանդ Քոչարյանին անվանել մարդասպան ու ոճրագործ: Մինչդեռ այսօր նման կոչերն այլեւս անհնար են, իսկ «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպելու մեջ Քոչարյանին թողած` Սերժ Սարգսյանին մեղադրելն էլ, մեղմ ասած, լուրջ չի ընկալվի:

 




Լրահոս