ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողական պետական տեսչությունը բենզինի, դիզվառելիքի շուկայում ստուգումներ իրականացնելու արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տեսչության պետ Լեւոն Խալիկյանի հետ:
-Պարո՛ն Խալիկյան, ոչ պարենային ապրանքներից կոնկրետ ո՞ր շուկաներում կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Որո՞նք են դրանք:
-Մեզ համար բացարձակ կապ չունի, թե ովքեր են գերիշխող դիրք զբաղեցնում: Ապրանքատեսակը մարդու կյանքին ու առողջությանը վտանգ պետք է չներկայացնի: Մենք չենք ստուգում ընկերության դիրքը, մենք չենք ուսումնասիրում, թե տվյալ ապրանքն ով է ներմուծել: Մեր գործառույթն է ստուգել եւ պարզել՝ տվյալ ապրանքատեսակը սպառողի համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այն տեխնիկական կանոնակարգին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, մենք ստուգումները սկսում ենք ավելի խոշոր ընկերություններից:
– Խաղալիքի, բջջային հեռախոսների կամ կոշիկի ոլորտում ո՞ր ընկերություններն են գերիշխող դիրք զբաղեցնում:
-Մեզ դա բացարձակ չի վերաբերում: Օրինակ՝ խաղալիքի շուկայում, բնականաբար, գերիշխում են չինական խաղալիքները: Այնքան շատ են ներմուծում, որ այս պահին չեմ կարող ասել, թե որոնք են այդ ընկերությունները: Կա չինական ե՛ւ որակով, ե՛ւ անորակ խաղալիքներ: Իհարկե, ողջունելի է, որ վերջին շրջանում ավելացել են տեղական ընկերությունները, որոնք հայկական խաղալիք են արտադրում:
-Պարո՛ն Խալիկյան, վերջին շրջանում քանի՞ ընկերություն է իր գործունեությունը դադարեցրել:
-Կան բավականին կազմակերպություններ, որտեղ մենք պետք է ստուգումներ իրականացնեինք, սակայն դրանց փակվելու պատճառով չենք կատարել: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր եռամսյակում երկուսից երեք կազմակերպություն փակվում է:
-Չեք փորձել հետաքրքրվել, թե ի՞նչն է փակվելու պատճառը:
-Մարդը ժամանակին ներմուծում էր խաղալիք, հիմա՝ ոչ: Իսկ թե ինչն է փակվելու պատճառը, չեմ կարող ասել:
-Ձեր պաշտոնավարման շրջանում կոնկրետ տեսչության կողմից վերահսկվող շուկայում ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունեցել:
-Բենզինի, դիզվառելիքի շուկայում տեսչությունը բավականին մեծ աշխատանք է կատարել: Տուգանքներ են նշանակվել: Օրինակ՝ ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է պրեմիում տեսակի անվան տակ: Իսկ խաղալիքի շուկայում բավականին շատ խմբաքանակ է ոչնչացվել, քանի որ լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ դրանք երեխայի առողջությանը վտանգ են ներկայացնում:
-Եւ ամենից շատ քաղաքացիները ինչի՞ց են բողոքում:
-Կոշիկների որակի մասով ենք շատ դժգոհություններ ստանում: Բացի այդ՝ ջեռուցման մարտկոցների որակից:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ